ԿարևորՀասարակություն

Խաղաղության հասնելու համար պետք է պատրաստվել նոր պատերազմի․ 44-օրյա պատերազմից անցել է 2 տարի

2020թ 44-օրյա պատերազմից 2 տարի է անցել, բայց օրեր առաջ՝ սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններն ու դրա հետևանքները ևս մեկ անգամ ապացուցում են, որ 44-օրյա պատերազմը սկսվել, բայց չի ավարտվել։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է՝ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը 2 տարվա ընթացքում պարզապես դադարներ է ունեցել, որոնց ընթացքում Հայաստանի նկատմամբ ճնշումներ են գործադրվել․ եթե Հայաստանը դրանց  չի ենթարկվել,  թշնամին նորից ձեռքը տարել է զենքին։

«Երկու տարի է անցել, բայց ես կարծում եմ, որ մենք այդպես էլ չենք հասկացել թե այդ պատերազմը ում միջև էր տեղի ունենում, արդյոք դա պատերազմ էր Հայաստանի և Ադրբեջանի մի՞ջև, թե՞ դա ավելի լուրջ պատերազմ է։ Մենք պետք է շատ պարզ բան հասկանանք, որ Արցախը շատ կարևոր մի աշխարհաքաղաքական հանգույց է և այն հարցից, թե ինչպես կլուծվի այդ հանգույցը, կախված են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները՝ Միջին Ասիայից մինչև Մերձավոր Արևելք»,– ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

2020թ 44-օրյա պատերազմը շարունակություն էր դեռ1990–ականներին սկսված պատերազմի․ վերլուծաբան Թևան Պողոսյանը կարծում  է, որ 21-րդ դարում հնարավոր էր հայ–ադրբեջանական սահմանին նոր արյունահեղություններից խուսափել, եթե 91-ի ազգային երազանքը ազգային նպատակ դառնար։

«Պետք է ամբողջ հայ ազգի ներուժը ներդրվեր այդ խնդրի կարգավորմանը, պետք է ժամանակին չասեինք ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է,  հակառակը՝ պետք է կարողանայինք ազգայինին զարկ տալ և այդպես դաստիարակել։ Պետք է ամեն ինչ անեինք, որ բանակում ծառայելը պատիվ լիներ պետք է կարողանայինք ազգ–բանակ գաղափարախոսությամբ ոչ թե միայն ծրագրեր հռչակել,  այլ ապրեինք այդ մտածելակերպով։ Ցավալին այն է, որ այն ազգային ռեսուրսը, որը միշտ եղել է մեր հաղթանակների հիմքում, մեր ազգային միասնականությունը, մենք չգնահատեցինք»,– կարծում է Պողոսյանը։

Այն, ինչ կատարվում է մեր շուրջն ու հայ հասարակության մեջ, ակնառու է դարձնում, որ ապրում ենք պատերազմում, բայց ոչ պատերազմական հոգեբանությամբ՝ ասում է Թևան Պողոսյանը։ 2020թ պատերազմից հետո հետպատերազմական դժվարություններն իր վրա կրող սերունդը պետք է ամեն ինչ անի հաջորդ սերնդին ավելի մեծ հնարավորություններ փոխանցելու համար։

«Մենք մի բան պետք է հասկանանք ու ընդունենք․ եթե ես հույսը չեմ դնելու իմ ազգային միասնության ու իմ բազկի ուժի վրա, ոչինչ չի լինելու։ Մենք մի բան պիտի հասկանանք՝ միջազգային հարաբերություններում չկա արժեքային դաշտ,  կա շահերի կատաղի, վայրի մատրիցան, որտեղ դրանք կամ բախվում են, կամ զուգահեռվում»։

Սեպտեմբերյան իրադարձությունները ցույց տվեցին  միայն միջազգային հանրության, խոշոր խաղացողների ու կառույցների օգնությանն ապավինելու սնանկությունը։ Թևան Պողոսյանը հիշեցնում  է՝ ժամանակակից աշխարհում որոշիչը շահերն են, իսկ  յուրաքանչյուր պետություն իր շահերն ու պատկերացումներն ունի։

«Ամերիկան ունի իր շահերը, պետք չի Ամերիկայից կամ մեկ այլ պետությունից նեղանալ, յուրաքանչյուր երկիր իր շահին համապատասխան է ընտրում իր , այլ հարց է, թե մենք կարող ենք այդ երրորդ երկրների շահերը ճիշտ կարդալ ու օգտվել դրանցից։ Բավական է անընդհատ մտածենք ուրիշների մասին։ Իսկ մենք ինչ ենք անելու, այ ինձ շատ հետաքրքիր է՝ մենք ինչ ենք անելու մեր հայրենիքը պահելու համար, մենք քննարկում ու խոսում ենք ամեն ինչի մասին, բացի հենց մեզնից ու մեր անելիքից»,– ասում է վերլուծաբանը։

Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ Արցախի հարցում 2 գերակայող  մոտեցում կա։ Մեկը  ռուսական է, որին  աջակցում է Իրանը և որի առանցքում ժամանակ շահելու, վերջնական կարգավորումը հետաձգելու դիրքորոշումն է, որի արդյունքում ռուսական կողմը կպահպանի իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Մյուս պատկերացումը  Արևմուտքինն է, ըստ որի՝ Հայաստանը հրաժարվում է Արցախից, ռուսական զորքը լքում է տարածաշրջանը։ Վերլուծաբանն ասում ՝ եթե Հայաստանն իրոք խաղաղություն է ուզում, ապա պիտի պատրաստ լինի նաև նոր պատերազմների։

«1994թ հետո, երբ Ադրբեջանն ամբողջությամբ պարտվել էր, 30 տարի պահում էր մի սկզբունք․ դա իր տարածքային ամբողջականությունն իր պատկերացմամբ վերականգնելն էր և Արցախի չճանաչելը, այսիքն՝ իրենք մնացել են դրան հավատարիմ, մինչև կարողացել ենք աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հետևանքով ստանալ այն, ինչ ստացան 2020թ։ Ես կարծում եմ՝ ցանկացած գնով Հայաստանը նոր որևէ փաստաթուղթ չպիտի ստորագրի․ այնպես, ինչպես դա արեց Ադրբեջանը՝ 30 տարի չստորագրելով»,– ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9–ը, վերլուծաբանների կարծիքով, դժվար ժամանակահատված է Հայաստանի համար։ Եթե մեզ համար սա պատերազմի ու «պարտության» փուլն է, ապա Ադրբեջանի համար հաղթանակի 44 օրերն են։ Քաղաքագետներն ասում են ՝ ինչպես նախորդ 2 տարվա յուրաքանչյուր օրը պետք է ապրեինք հաջորդ պատերազմին պատրաստվելով և կարճատև հրադադարում ավելի ամրանալու նպատակով, այդպես պետք է վարվենք նաև առաջիկայում ։

Back to top button