Վերնատուն

Գրականությունը՝ «մեծ իմպերիայի» փլատակների տակ․ «Վերնատուն»

Ինչպիսի՞ գրակունություն է ստեղծվում պատերազմող երկրում, ինչի՞ մասին պետք է խոսել և ինչի՞ մասին լռել, ի՞նչ արժեհամակարգով առաջնորդվել, եթե պետությունդ և ինքդ քեզ պահպանելու խնդիր կա։

Արձակագիր Նորայր Սարգսյանն ասում է, որ պատերազմից հետո, շատ բան փոխվեց, շատ բաների մասին փոխեց կարծիքը և որոշեց չշարունակել կիսատ մնացած վեպը։ Գրողի առաջին՝ «Չինական պատ» վերնագրով պատմվածքների ժողովածուն լույս է տեսել 2018 թվականին՝ արժանանալով ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին։

Հետո որոշեց գրել Խորհրդային Միության փլուզման մասին՝ «Հոմոպոստսովետիկուս», այսինքն՝ «հետխորհրդային մարդը» վերնագրով վեպը։ «Այդ երկիրը վաղուց չկա, և մենք հիմա ապրում ենք մեծ իմպերիայի փլատակների տակ, – ասում է Նորայր Սարգսյանը։

«Ինչո՞ւ դադարեցի գրել վեպը․ ես հասկացա, որ այն կարծիքը, որ ես ունեի այդ ժամանակների մասին, միանշանակ չէ, փնտրտուքներս քիչ էին, հետագայում գուցե մի օր կվերադառնամ դրան», – նշում է արձակագիրը։

Նորայր Սարգսյանը սկսեց գրել պատմվածքներ հետպատերազմյան Հայաստանի մասին։ Ասում է՝ պատերազմից հետո մտքերը, խոսակցությունները, երգերը, գրքերը, որի շուրջ նախկինում հավաքված էր հասարակությունը, «կոտրվեցին»։

«Իմ գրականության մեջ առաջին պլան եկավ մարդը և այստեղ՝ վավերագրական ոճի մեջ ավելի շատ բան կարող ես ասել, գուցե այս պահին գրականության դերը վավերագրելն է։ Ամեն ստեղծագործող իր իրականությունն է բերում ու այն, հնարավոր է, ավելի շատ բան է ասում, քան լրագրությունն ու ուղիղ վավերագրությունը»,– ասում է գրողը։

Պատմվածքների ժողովածուն հավանաբար լույս կտեսնի տարեվերջին՝ «եթե սատանան հյուր չգա»։ «Չեմ ուզում գիրք տպել ուղղակի տպելու համար», – ասում է Նորայր Սարգսյանը։

Back to top button