ԿարևորՀասարակություն

Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է 2 տարի

2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանը նախաձեռնեց աննախադեպ լայնամասշտաբ, պլանավորված հարձակում Արցախի Հանրապետության վրա:

Մարտական գործողություններն ընթանում էին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։

Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

44-օր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի Դաշնության անմիջական միջնորդությամբ կնքվեց խաղաղության պայմանագիր, ըստ որի Արցախի հանրապետության տարածքի մեծ մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ. նախկին ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Լաչինի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, իսկ Արցախի սահմանները պահպանում են ռուս խաղաղապահները։

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 մարդ։

Պատերազմում Ադրբեջանը կիրառել է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ և ինֆորմացիոն դաշտում պաշտոնական հակամարտությամբ։ Պատերազմն անվանում էին 5-րդ սերնդի, իսկ ռազմական գործողությունների ինտենսիվությամբ և տեխնիկայի օգտագործման ծավալով այն համեմատում էին 2003թ․ Իրաքյան պատերազմի հետ (ԱՄՆ-ի և Իրաքի միջև)։

Ադրբեջանին բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Թուրքիան։ Հայ երիտասարդների դեմ կռվում ներգրավված են եղել նաև վարձկան ահաբեկիչներ Սիրիայից։

Բազմաթիվ երկրներ և միջազգային կառույցներ խստորեն դատապարտել են հակամարտությունը՝ կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել կառուցողական բանակցությունները։

2 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ ու առավելապաշտական քաղաքականությունը՝ խաթարելով տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: 2 շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը ինտենսիվ ռազմական գործողություններ սկսեց Հայ-ադրբեջանական սահմանին: Սեպտեմբերի 14-ի երեկոյան միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվեց ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն:

Back to top button