Երաժշտական եռանկյունի

«Արդեան» ցուցասրահը՝ արվեստների խաչմերուկ․ «Երաժշտական եռանկյունի»

Մայրաքաղաքի մշակութային օջախները՝ համերգային դահլիճները, թատրոնները, ցուցասրահները հիմնականում ներկայացված են պետական հիմնարկներով, այնինչ Երևանում գործում են նաև արվեստի մասնավոր հարթակներ, որոնց մշակութային անցուդարձը նույնպես գալիս է ամբողջացնելու այն բոլոր ընթացքները, որոնք բանաձևում են մայրաքաղաքի մշակութային կյանքը:

Գաֆեսչյան հիմնադրամ, ՀԲԸՄ, Նարեկացի արվեստի միություն, Թեքեյան միություն՝ այստեղ ընթանում են համերգներ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, հանդիպումներ արվեստագետների հետ, քննարկումներ:

Այս շարքին վերջերս գումարվեց նաև ճարտարապետ, դիզայներ և գեղանկարիչ Վազգեն Բրուտյանի հիմնադրած «Արդեան» ցուցասրահը:

«Այս տարածքը գործում է որպես արվեստանոց և ցուցասրահ արդեն չորս տարի և միայն վերջերս շնորհիվ երաժիշտ Վահան Արծրունու հետ համագործակցության և փոխհամաձայնության այն դարձել է մշակութային խաչմերուկ, ուր համազոր կերպով ներկայացված է կերպարվեստը, երաժշտությունը, գրականությունը, կինոն և թատերարվեստը: Յուրաքանչյուր հինգշաբթի երեկոյան մենք կազմակերպում ենք երեկոներ՝ «Մշակութային հինգշաբթի» խորագրով»,- ասում է Վազգեն Բրուտյանը:

Ցուցասրահը գործում է Երևանի ամենահին շենքերից մեկում, հենց այն բնակարանի տարածքում, ուր ապրել է Հովհաննես Թումանյանը 1921-ին: Այս խորհրդանշական հանգամանքը ներշնչել է ոչ միայն միջոցառումների կազմակերպիչներին, այլ նաև այն հանդիսատեսին, որ սիրով և հետաքրքրությամբ ներկա է գտնվում այստեղ: Տասից ավելի միջոցառումները կազմակերպվում են հետևյալ ուղենիշներով՝ հեղինակային երաժշտություն, ակադեմիական, ֆոլկլոր, գրական երեկոներ՝ հանդիպումներ գրողների հետ և թատրոնի և կինոյի ոլորտում գործող արվեստագետների հետ:

Չնայած այս գործունեությունը մի քանի ամսվա պատմություն ունի, բայց արդեն հյուրընկալվել են հյուրեր Միացյալ Նահանգներից՝ կիթառահար Լարի Համմետ, դերասանուհի և պրոդյուսեր Նորա Արմանի և բանաստեղծուհի Սոնա Վան:

Կամերային երաժշտությունը ներկայացված է ԿՎ ԱՐՏ ֆլեյտային քառյակի և ՎԵԼՎԵՏ լարային քառյակի մասնակցությամբ, իսկ դասական, ազգային երգարվեստը Աննա Մայիլյանի Վոկալ եռյակով:

«Արդեան»-ի կարգախոսը հետևյալն է՝ ստեղծել հնագույն ազգային նշանաբանության՝ միջնադարյան արվեստի, մանրանկարչության, քանդակագործության, ճարտարապետության և տեքստային ժառանգության ներկայությունը ժամանակակից կերպարվեստի տարբեր ձևաչափերի մեջ՝ լինի դա դիզայն, գեղանկարչություն, վիտրաժ, թե բարելիեֆ: Այդ մոտեցումը թույլ է տալիս խոսել արվեստասեր հանրության հետ իրեն հասկանալի և ընդունելի ժամանակակից ձևերով՝ պահպանելով արմատական բովանդակությունը և արժեքը:

Հենց այս տարածաչափության մեջ էլ կայանում է արվեստների երկխոսությունը «Արդեանում»՝ ապահովելով Երևանյան մշակութային մթնոլորտում՝ նոր սալոնային մշակույթի երևույթը:

Հաղորդման ընթացքում հնչում են Լարի Համմետի, Նելլի Մանուկյանի, ԿՎ ԱՐՏ քառյակի, Աննա Մայիլյանի և Վահան Արծրունու կատարումները:

Back to top button