Դպրություն

«Աչքաչափով» բարեփոխումները` խոչընդոտ կրթական համակարգի զարգացմանը․ «Դպրություն»

Կրթության ոլորտում փոփոխությունների անհրաժեշտության մասին շատ է խոսվում, և այս պահին հասարակության ներսում կան մեծ սպասումներ։ Շատ կարևոր է ճիշտ կողմնորոշվելը և համակարգը ավելի ճկուն դարձնելը։ Անհնար է կրթության ոլորտում որևէ լավ արդյունքի հասնել՝ առանց բարենպաստ միջավայրի։

Հայաստանի կրթական համակարգի մասին լուրջ հետազոտություններ չեն արվում, և մեր բարեփոխումներն արվում են «աչքաչափով», կարծում են Դպրություն հաղորդաշարին հյուրընկալված մասնագետները։

«Եթե պետությունը հանձն չառնի բուհական համակարգի այսօր ծանր ֆինանսական իրավիճակում գտնվող հատվածի ֆինանսավորումը, որը պայմանավորելու է որակյալ ուսանողների ընդունելություն, իրավիճակը գրեթե նույնը կմնա։

Մանկավարժական համալսարանի դեպքում նույնիսկ ամբողջ ֆինանսավորումը պետք է պետությունը իր վրա վերցնի, որովհետև, եթե մենք մանակավարժականի հանդեպ առանձնահատուկ մոտեցում չցուցաբերենք՝ 10 տարի հետո, ներեք ձևակերպմանս համար, փողոցից տառաճանաչ մարդ պետք է գտնենք, բերենք դպրոց, որ դաս տա, ինչպես եղել է 1920–ական թվականներին։ Ի՞նչ է, պետք է 100 տարի ետ գնանք՝ նորի՞ց սկսենք։

Մանկակավարժական համալսարան դիմորդ չի գալիս, որովհետև ինքը չի պատկերացնում իր ապագան ուսուցչի աշխատավարձով։ Տվեք ուսուցչին բարձր աշխատավարձ, տվեք մանկավարժական համալսարանին պետական ֆինանսավորում և շատ կարճ ժամանակամիջոցում կլուծվի թե՛ բուհի ուսանողության կոնտինգենտի խնդիրը, թե՛ դպրոցի վաղվա ուսուցչի խնդիրը»,-ասում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։

«Ընդհանուր առմամբ մենք խնդիր ունենք չափորոշիչները ավելի կուռ ու միասնական դարձնելու։ Ինձ դուր չի՛ գալիս, թե ինչպե՞ս ենք մենք աշխատում փաստաթղթերի վրա, ինչպե՞ս ենք ընդունում այդ փաստաթղթերը, ինչպե՞ս ենք քննարկում։ Եվ ես կարծում եմ, որ հանրակրթության այս նոր չափորոշիչները պետք է ավելի մեծ, մասշտաբային ու տևական քննարկումներ անցնեին, որը ցավոք տեղի չունեցավ։ Սա պետք է արձանագրենք», – ասում է կրթության ոլորտի փորձագետ, ԵՊՀ դասախոս, փիլիսոփա Սերոբ Խաչատրյանը։

«Կրթված լինելը լավ է, հետաքրքիր է։ Մարդը առանձնահատուկ է, երբ կրթված է լինում։Սա պետք է բոլոր ալիքներով, բոլոր միջոցներով հասանելի լինի սովորողներին, մարդկանց։

Ինչպե՞ս ենք կիրառում չափորոշիչները։ Դա կարևոր է։ Օրինակ՝ ուսուցիչը պետք է կիրառի, մտնում է դասարան, ունի իր 40 րոպեն և առարկան, դասավանդեց, դուրս եկավ դասարանից։ Տարիներ շարունակ խոսում ենք աշակերտակենտրոն ուսուցման գաղափարի մասին, անձի ձևավորման մասին, բայց դեռևս դրա կիրառական մասին շատ քիչ ենք անդրադառնում, որն էլ հանգեցնում է սովորողների անձի ձևավորման շատ խաթարումների», – կարծում է կրթության հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը։

Back to top button