ԿարևորՔաղաքական

Վաշինգտոնի ու Փարիզի պահանջները` ճնշում Ադրբեջանի նկատմամբ

Սեպտեմբերի 26-ին Փարիզում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Միացյալ Նահանգներից Փարիզ մեկնած Հայաստանի վարչապետի հետ Ֆրանիսայի առաջնորդը քննարկել է սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։  Մակրոնը դատապարտել է Բաքվի ռազմական գործողությունները և խաղաղության ու բանակցությունները վերսկսելու կոչ է արել։ Ֆրանսիայի նախագահը նաև հորդորել է Ադրբեջանին ետ քաշել զորքերը Հայաստանի տարածքից։ Նման կոչ նաև հնչել է Միացյալ Նահանգների կողմից։

Երեկ Ելիսեյան պալատում հանդիպել են Հայաստանի ու Ֆրանսիայի առաջին դեմքերը։ Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը խոսել են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի մասին։ Մակրոնը հիշեցրել է, որ Ֆրանսիան այդ օրերին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ անդամները պահանջել են շուտափույթ դադարեցնել ռազմական գործողություններն ու հարգել զինադադարը։ Եվ հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր՝ Ֆրանսիան պահանջել է, որ ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր․

«Ես հենց սեպտեմբերի 14-ին ասել եմ նախագահ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք:

Բացի այդ, ես հստակորեն նշել եմ հենց սեպտեմբերի 13-ից, որ Ֆրանսիան համոզված է` ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի համար և հարկ է անհապաղ վերսկսել երկխոսությունը: Չլուծված բոլոր հարցերը, որոնք բազում են, պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես, ԵՄ հովանու ներքո և պետք է դրանք վերսկսել»:

Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27–ին սկսված պատերազմը հանգեցրել է նոր իրավիճակի՝ տարածաշրջանում ռուսական բանակի ընդլայնված ներկայությամբ: Նա խստորեն դատապարտել է վերջին օրերին տեղի ունեցած ռազմական գործողությունները և խաղաղության ու բանակցությունները վերսկսելու կոչ է արել։ Իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքներ։ Նա նաև  ասել է, որ այն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահման չկա, քանի որ այն դեմարկացված ու դելիմիտացված չէ, իրականության հետ կապ չունեն․

«Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը: Ընդ որում, երկու երկրներն էլ մինչև այս պահը հանդիսանում են ԱՊՀ անդամ: Ուզում եմ ընդգծել, որ այդ համաձայնագրի անբաժանելի մաս է, որ ադմինիստրատիվ սահմանները, գոյություն ունեցող սահմաններն, ըստ էության, դառնում են պետական սահման և համաձայնագրին միացած երկրները ճանաչում են այդ սահմանները:

Սա նշանակում է, որ Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան գիտակցված ագրեսիա, չի կարելի գնահատել: Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված»:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև երկարաժամկետ լուծումների մասին և ասել, որ անհրաժեշտ է  1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանները փոխադարձ ճանաչելով գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը և նորերի կառուցմանը՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են:

Փաշինյանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը կերաշխավորի Արցախի հայության իրավունքներն և անվտանգությունը․

«Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ Վաշինգտոնից ու Փարիզից Բաքվին ուղղված պահանջները, այն է՝ Հայաստանի տարածքից ետ քաշել զորքերը ելման դիրքեր,  ճնշում են Ադրբեջանի նկատմամբ, որոնց Բաքուն փորձում է դիմակայել այլ պետությունների աջակցությամբ։ Ըստ քաղաքագետի՝ թեև այս հայտարարություններն Ադրբեջանին ոչինչ չեն ասում,  ճնշում, այնուամենայնիվ,  կա։  Այն շարունակական է, ինչը մի կողմից Հայաստանի և տվյալ երկրների շահերը  համընկնելու, մյուս կողմից Հայաստանի ակտիվ աշխատանքի արդյունքն է։ Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանն այս պահին դժվար թե համաձայնի  ստորագրել խաղաղության պայմանագիր, քանի որ իր առաջ քաշած պայմանները չեն բավարավում ։ Բացի այդ խաղաղության պայմանագիրը չի լուծելու Արցախի խնդիրը․

«Այսինքն՝ այն ինչ Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը Արցախի խնդիրը թողնի որպես Ադրբեջանի ներքին գործ, այդ պայմանագրով իրականություն չի դառնում։

Այստեղ հարց չկա Արցախի մասին։ Եվ մենք գիտենք, որ Արցախի խնդիրը մարդու իրավունքների խնդիր է, այլ ոչ թե տարածքային։ Ինչը նշանակում է, որ այդ խնդիրը ակտուալ է մնում  նույնիսկ այդ համաձայնագրի ստորագրումից հետո։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը որևէ  դեպքում նշված համաձայնությանը չի գնալու։  Նույնիսկ, եթե հայտարարի, որ համաձայն է, այնուամենայնիվ հետո չի ստորագրելու»։

Ադրբեջանին բանակցային դաշտ բերելը բխում է նաև Հայաստանի շահերից, քանի որ որ դա ժամանակ է, որը կարող է աշխատել մեր օգտին, կարծում է Ղևոնդյանը։ Նա համոզված է, որ ցանկացած վատ բանակցություն պատերազմից լավ է, բացի այդ՝ բանակցել դեռ չի նշանակում որևէ փաստաթուղթ ստորագրել կամ գնալ զիջումների։

Back to top button