ԿարևորՀասարակություն

Ռազմամարզական ճամբարը պարտադիր կլինի ավագ դպրոցում

Գայանե Բալայան
«Ռադիոլուր»

Հանրակրթության նոր չափորոշիչով նախնական զինվորական պատրաստություն առարկայից պարտադիր է դառնում գործնական բաղադրիչը՝ ռազմամարզական ճամբարը։ Այս ամառ ծրագիրը փորձարկվել է Տավուշի մարզի 11–րդ դասարանցիների համար։ Հաջորդ ուսումնական տարվանից դառնալու է պարտադիր բոլոր 11–րդցիներ համար։    

Մարտավարություն, կրակային պատրաստություն, տակտիկա, տեղորոշում , քարտեզագրում․  տավուշցի 10–րդցիները ռազմագիտությունից ստացած տեսական գիտելիքները 10 օր ամրապնդել են գործնական պարապմունքներով։ Տավուշում փորձարկված ռազմամարզական ճամբարի պիլոտային ծրագրից հետո ԿԳՄՍ–ի  որոշումը   հստակ է․

«2023-24  ուսումնական տարում ծրագիրն արդեն պարտադիր կլինի ՀՀ մյուս մարզերի և բոլոր աշակերտների համար, որոնք կփոխադրվեն 11–րդ դասարան»։

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը վստահ է՝ ռազմամարզական ճամբարը նախ բարձրացնելու է աշակերտների ռազմահայրենասիրական ոգին ու տալու է ստացած գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն։  Ճամբարը  ՆԶՊ–ի գործնական պարապմունքները իրականացնելու լավագույն վայրն է՝ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանն է պնդում․

«Սովորողները ավելի շատ են գործնական պարապմունքների հմուտ կիրառումը իրականացնում ռազմամարզական ճամբարներում , քան ուսումնական հաստատություններում»։

Ճամբարի պիլոտային ծրագիրը կազմել են հենց իրենք՝ Մոնթե Մելքոնյան վարժարանի մասնագետները։  Փոխտնօրենն ասում է՝ 44–օրյա պատերազմից դասեր քաղելով՝ շեշտը դրել են մարտավարություն առարկայի վրա․

«Քանի որ վերջին պատերազմական, ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ մարտավարություն առարկան էապես պետք է փոխվի,  ճամբարում ևս նախատեսեցինք մարտավարություն թեման։ Հավաքագրեցինք  ոլորտում փորձ ունեցող մասնագետների, որոնք 44–օրյա պատերազմին են մասնակցել»։

Ռազմարվեստի գաղտնիքներին արդեն կարող են տիրապետել ոչ միայն աշակերտները։ 44–օրա պատերազմից հետո Հայաստանում ռազմակրթական մի քանի կազմակերպություններ են ստեղծվել։ «Ազատազէն»–ն օրական ամենաքիչը 200 մարդու սովորեցնում է կրակել։ Նրանց մեծ մասը մինչև 40 տարեկան երիտասարդներ են։ Քիչ չեն նաև աղջիկները․

«Բավական շատ են այցելում, հիմա էլ աշխատանքային օր է, բայց երևի շուրջ 50 հոգի հենց հիմա մարդ ունենք։ Աշխատանքային օրերին մոտ 200 մարդ ենք սպասարկում, ոչ աշխատանքային օրերին՝ էլ ավելի շատ»։

«Ազատազէն» ռազմակրթական համալիրի  հիմնադիրներից Սպարտակ Կյուրեղյանն ասում է՝ նախաձեռնության մտահղացումը պատերազմի օրերին է ծնվել․

«Մենք պատերազմին մասնակցելուց հետո էինք հասկացել այդ խնդիրը։ Մենք ամբողջովին անվճար ենք կազմակերպել հրաձգարանը, այսինքն՝ մարդիկ կարող են անվճար գալ ու կրակել, բոլոր օրերին աշխատում ենք»։

Սեպտեմբերի երկօրյա մարտերից հետո «Ազատազէնն» աշխատում է առանց հանգստյան օրերի․ դասընթացների պահանջարկը մեծացել է։

Back to top button