ԿարևորՀասարակություն

Քրդական աղբյուրները հաստատում են, Հայաստանի պետական կառույցները՝ հերքում․ քուրդ գործիչների արտահանձնման հետքերով

Սոցցանցային տիրույթում երեկվանից ակտիվորեն  քննարկվում է ազգությամբ քուրդ  Աթիլլա Չիչեկի և Հուսեյն Յըլդըրիմի արտահանձնման հարցը։  Տեղեկությունն ի սկզբանե շրջանառել են քրդական աղբյուրները։ Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, թե Հայաստանը Թուրքիային փոխանցել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) երկու անդամների։ Այս հայտարարությանն ու սոցցանցերում ծավալված քննարկումներին հաջորդել են Հայաստանի պետական գերատեսչությունների հերքումները։ Նախ՝  ԱԱԾ–ն, ապա արդարադատության նախարարությունը հայտարարություններ են տարածել,  որոնցով հերքում են քուրդ գործիչներին արտահանձնելու փաստը։

Հայաստանի ԱԱԾ–ն ու արդարադատության նախարարությունը հայտարարում են՝ որպես գերատեսչություններ կապ չունեն  ազգությամբ քուրդ  Աթիլլա Չիչեկի և Հուսեյն Յըլդըրիմի արտահանձնման հետ։ ԱԱԾ–ն պարզաբանում է՝  քրեական վարույթների շրջանակում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից։ Արդարադատության նախարարությունն էլ թեև հիշեցնում է, որ  հենց այս գերատեսչությունն է  իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով, բայց նաև վստահեցնում է՝ արդարադատության նախարարության կողմից փոխանցում չի իրականացվել։

Ավելին, Արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել՝ նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Իսկ այն մասին, որ  քուրդ գործիչները արտահանձնվել են թուրքական իշխանություններին, նախ խոսել էին քրդական աղբյուրները։ Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, թե Հայաստանը խախտել է միջազգային օրենքները՝ Թուրքիային փոխանցելով Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) երկու անդամների։ Հայտարարության մեջ Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերը հայտնել են, որ Աթիլլա Չիչեքը և Հուսեյն Յըլդըրիմը՝«Լեհեն» և «Ալիշեր» կեղծանուններով Հայաստանից արտահանձնվել են Թուրքիա:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում դեպքը դիտարկում է  երկու հարթությունում՝ իրավական ու  քաղաքական։ Հայաստանն ու  Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ, հետևաբար չեն կարող նաև ունենալ համապատասխան պայմանագրեր արտահանձնման մասին։ Ըստ զրուցակցիս՝ արտահանձնումը չէր կարող իրականացվել ոչ միայն այս , այլ նաև այլ պատճառներով․

«Եթե նույնիսկ լիներ նման պայմանագիր, ապա նույն միջազգային նորմերի համաձայն Հայաստանն իրավունք չուներ ապստամբներին հանձնելու, քանի որ նրանք քաղաքական հետապնդվողներ են, ինչպես նաև Թուրքիայում կենթարկվեն խոշտանգումների»։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ քայլը խոցելի է նաև քաղաքական առումով, քանի որ վնասում  է Հայաստանի ՝ որպես վստահելի գործընկերոջ համբավին, հատկապես Արևելքի երկրներում․

«Հիշեցնեմ մի կարևոր փաստ։ Շվեդիան և Ֆինլանդիան, որպեսզի անդամակցեն ՆԱՏՕ–ին Թուրքիան իրենց դեմ պահանջ դրեց, որ վերադարձնեն իրենց մոտ ապաստանած քուրդ այլախոհներին։ Եվ մինչև հիմա այդ հարցը լուծում չի ստանում»։

Քուրդ զինյալները Հայաստանում են 2021–ի օգոստոսից։ 2021թ. օգոստոսի 16-ին  նրանց մեղադրանք է առաջադրվել Արաքս գետով ՀՀ սահմանն ապօրինի հատելու և զենքի ու զինամթերքի մաքսանենգության համար: Սյունիքի առաջին ատյանի դատարանը 2022թ. հունվարին Հուսեյն Յըլդըրըմին և Աթիլ Չիչեքին դատապարտել է 7 տարվա ազատազրկման, եղել է նաև դրամական միջոցները բռնագանձելու որոշում: Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը կրճատել է Քրդական աշխատավորական կուսակցության երկու անդամների ազատազրկման ժամկետը՝ նշանակելով  պայմանական ազատազրկում 3 տարի փորձաշրջանով: Սակայն նրանք անհետացել և հետախուզման մեջ են հայտնվել Հայաստանում։

Մինչ Հայաստանի պետական կառույցները հերքում են արտահանձնման փաստը, նրանց՝ Թուրքիայում հայտնվելու վերաբերյալ մի քանի վարկածներ են շրջանառվում։ Հնարավոր է, որ նրանք իրենք  են հատել Հայաստանի սահմանն ու բերման ենթարկվել։ Մեկ այլ վարկածով ՝ առևանգվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Քրդերի հարազատներն էլ պնդում են, որ նրանք ձերբակալվել են սահմանը հատելիս։

Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ իրարամերժ հայտարարություններից ելնելով, որոշել են դիմել արդարադատության նախարարություն և Քրդստանի աշխատավորական կուսակցություն՝ հստակ պատասխան ստանալու համար․

«Եթե լինեն այնպիսի պարզաբանումներ, որ իրոք արտահանձնում է եղել, իհարկե, լավ չի լինի։ Բայց քանի որ չկա այդպիսի բան, մենք չենք կարող որևէ մեկին քննադատել, դատապարտել։ Վերջին 40 տարիների ընթացքում բուն ցեղասպանական գործողություններ են կատարվում նաև քրդերի նկատմամբ։ Ուրեմն մենք՝ երկու ժողովուրդներս, այս բարեկամությունը պետք է պաշտպանենք։ Ես հորդորում եմ, որ մեր ժողովուրդներն իրենց մեջ իմաստություն գտնեն և իրենց մեջ եղած հարցերը լուծեն բարեկամական ջերմ հարաբերությունների մեջ»։

Իսկ թուրքական մամուլում շրջանառվում է այն տեղեկությունը, որ սեպտեմբերի 23-ին Թուրքիայի հատուկ ծառայությունները երկրի սահմանների մոտ ձերբակալել և Թուրքիա են տեղափոխել քուրդ գործիչերին։

Back to top button