ԿարևորՔաղաքական

Քաղաքական ընտրություններ՝ առանց քաղաքական պայքարի

Հայաստանի 18 համայնքներում սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների  կեսից փոքր-ինչ ավելին՝ 50.47 տոկոսը: Ընտրողներն ամենաակտիվը եղել են Քաջարանում․ այստեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների  շուրջ 78 տոկոսը, ամենապասիվ մասնակցությունը գրանցվել է  Ջրվեժում․ այստեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների հազիվ մեկ քառորդը: Ընդհանուր առմամբ՝ ընտրապայքարին մասնակցել է 14 կուսակցություն և 12 դաշինք:

Հայաստանի 18 համայնքներում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին միայն 9-ում է հաղթել իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը ՝ Արագածոտնի մարզի Թալին և Ծաղկահովիտ համայնքներում, Լոռու Գյուլագարակ, Լոռի Բերդ համայնքներում, Վայոց ձորի Արենիում և Եղեգիսում, Կոտայքի Ակունքում և Ջրվեժում, Սյունիքի Սիսիանում։ Ի դեպ՝ Ջրվեժում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր»-ը միակ առաջադրված կուսակցությունն էր, ընտրողների ամենացածր մասնակցությունն է գրանցվել՝ ընդամենը 27 տոկոս։  Չնայած որոշ համայնքներում կրած պարտությանը ՔՊ անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանը ընտրությունների արդյունքներից  ընդհանուր առմամբ գոհ է։

«Այն համայնքներում, որտեղ ՔՊ կուսակցության ներկայացուցիչն իր թիմով հաղթել է, այնտեղ հաղթել է ՔՊ թիմը։ Այն համայնքներում, որտեղ մեր ներկայացուցիչը չի հաղթել, այդտեղ հաղթել է ՔՊ կուսակցության արժեհամակարգը, որը մենք  մեր թիմով փորձում ենք ամրապնդել մեր հասարակության մեջ։ Այսինքն՝ եթե այս կամ այն համայնքում ընտրողներն իրենց անձնական կարծիքների հիման վրա ձևավորում են իշխանություն, որը մեր թիմի դեմքով չէ, դա մեզ համար սասափելի չէ»։

Իշխող ուժի ներկայացուցիչը  խոստովանում  է՝ համեմատաբար ցածր արդյունքը նաև երկրում պատերազմական իրավիճակով է պայմանավորված․

«Ակնհայտ է, որ այս իրավիճակում փաստորեն բարոյահոգեբանական ճնշման տակ ընտրողները որոշ դեպքերում պետք է կողմնակից չլինեն մեր իշխող կուսակցության ներկայացուցիչներին։ Այսինքն՝ մեզ ձեռնտու չէր այս պահին անցկացնել ընտրությունները։ Բայց չէին անցկացվի միայն ռազմական դրություն մտցնելու դեպքում։ Հաշվի առնելով, որ որոշակի դժգոհություն կարող է լինել մեր նկատմամբ՝մենք ռազմական դրություն մտցնեինք՝ արձանագրելու ավելի բարձր թվաբանական արդյունք, դա մեզ համար անընդունելի էր։ Այդ առումով արդյունքները կոնկրետ ինձ համար բավականին գոհացուցիչ են»։  

Եթե Սյունիքի մարզի Սիսիանում առաջադրված 7 կուսակցություններից ամենաշատ թվով ձայներ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ապա Քաջարանում հաղթել է իշխող կուսակցության մրցակիցը՝ «Դեպի միասնություն» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է 2016-ից համայնքը ղեկավարող Մանվել Փարամազյանը։ Ուշագրավ արդյունքներ են գրանցվել Տավուշի Բերդ համայնքում։ Այստեղ հաղթել է «Զորավոր համայնք» դաշինքը, որի ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանը մոտ մեկ տարի է կալանավորված է պաշտոնեական դիրքն օգտագործելով համայնքին էական վնաս պատճառելու մեղադրանքով։ Նա Բերդի գործող համայնքապետն է 2012 թվականից։ Մանուչարյանի դեմ քրեական գործն արդեն դատարանում է։ ուշագրավ են նաև  Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Ընտրությանը  մասնակցել է միայն գործող համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը: Այս համայնքում թեկնածու չի առաջադրել անգամ գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ընտրություններին մասնակցել է 5375 քաղաքացի: Նրանցից 5257-ը ձայն է տվել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությանը, որի թեկնածուն էլ Վազգեն Ադամյանն էր:  Նույնիսկ այս պարագայում, երբ համայնքներ կան, որտեղ նույնիսկ իշխող ՔՊ–ն չի մասնակցել, ընդհանուր առմամբ հաղթանակը միևնույն է իրենցն է, նկատում է Հովիկ Աղազարյանը արդյունքները մեկնաբանելով զուտ թվերով։

«Եթե գումարենք բոլոր համայնքներում ընտրողների թիվը, մեր կուսակցության ստացած ձայներն ընդհանուր առմամբ և այլ կուսակցությունների ստացած ձայները, ապա կտեսնենք, որ  մեր ստացած ձայների քանակը ավելին է, քան բոլորինը՝ միասին վերցրած»։

Սա քաղաքական ընտրություն էր առանց  քաղաքական պայքարի։ Մարդիկ ըտրում են ոչ թե ուժի, այլ անձանց՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը։ Նրա խոսքով՝ ընտրական համակարգի փոփոխությունից հետո էլ մարդկանց պատկերացումների մեջ փոփոխությունը դեռևս տեղի չի ունեցել։ Եվ այս ընտրությունները դրա վառ օրինկն են՝ ասում է Վահան Մովսիսյանը․

«Այս իմաստով աշխատանք է պետք կատարել, ժամանակ է պետք, որպեսզի բնակիչները կարողանան հասկանալ, որ ընտրությունը, բոլոր դեպքերում, կուսակցական է և քաղաքական ընտրություն է։ Եվ քաղաքական ուժի ընտրելը շատ ավելի կարևոր է, քան ով կլինի նրա առաջին համարը, որը կդառնա համայքնի ղեկավար, որովհետև ցանկացած րոպե այդ քաղաքական ուժը կարող է իր առաջին համարին փոխել։ Բայց ընդհանուր երևում է, որ ՔՊ –ն շատ ավելի մեծ ձայներ է հավաքել, շատ ավելի տեղեր կզբաղեցնի, իր ավագանու անդամների թիվն ավելի շատ կլինի։ Բայց կարող են կոալիցիաներ կազմել, և ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը արդեն չունենա համայնքի ղեկավար, որովհետև կարող են մյուսները համախմբվել և իրենց թեկնածուին անցկացնել»։

Չնայած նախնական ադյունքներին՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դեռ շարունակում են աշխատել։ Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը, այսինքն՝ հաջորդ կիրակի։ Մեծամասնական ընտրակարգով ընտրությունը, որն ընդամենը մեկ համայնքում էր, կամփոփվի ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին։

Back to top button