ԿարևորՀասարակություն

Ո՞վ կղեկավարի Սիսիանը․ ՔՊ–ն միայնակ չի կարողանա համայնքապետ ընտրել

Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակագով ընտրություններ էին նաև Սյունիքի մարզի 2 համայնքներում ՝ Սիսիանում եւ Քաջարանում։ Ըստ նախնական արդյունքների ՝ Քաջարանում հաղթել է գործող համայնքապետը՝ «Դեպի միասնության» դաշինքի ցուցակը գլխավորող  Մանվել Փարամազյանը։ Սիսիանում առաջադրված 7 քաղաքական ուժերից ավագանիում ներկայացված կլինեն 5–ը։ Նրանցից ոչ մեկին, սակայն, չի հաջողվել ստանալ ընտրողների քվեների 51 տոկոսը։

«Հաղթանակ, հաղթանակ․․․»

Քաջարանի բնակիչներն են․ սեպտեմբերի 25-ին ավագանու անդամի ընտրությունների արդյունքների  ամփոփումից հետո նրանք քայլերթ են իրականացնում քաղաքի փողոցներով։ Երթը առաջնորդում է քվեների մոտ 67 տոկոսը ստացած «Դեպի միասնություն» դաշինքի ընտրացուցակը գլխավորող, Քաջարանի գործող համայնքապետ Մանվել Փարամազյանը։

«Ես շնորհավորում եմ բոլորիդ հաղթանակը, ամեն ինչ լավ է լինելու։ Աստված առաջ Քաջարան քաղաքի հաղթանակը, հավատացնում եմ, մեր թիմը, «Դեպի միասնություն» դաշինքը  էն ինչ որ ունենք անելու քաջարանցու համար, Աստծո կամոք ամեն ինչ կատարվելու է»։

Բացի այս դաշինքից, Քաջարանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստանի Հանրապետության» կուսակցությունները։ Նրանք ևս կստանան մանդատներ։ 15 մանդատից՝ նախնական հաշվարկներով՝ «Դեպի միասնություն» դաշինքը ստանալու է 10 , «Քաղաքացիական պայմանագիրը»՝  4, «Հանրապետություն» կուսակցությունը ՝ 1 մանդատ։

Իրավիճակը ավելի բարդ է Սիսիանում։ Առաջադրված 7 քաղաքական ուժից համայնքային իշխանության կազմում 5 -ն է լինելու։ «Զարգացող համայնք» դաշինքն ու  ՀՅԴ–ն անհրաժեշտ քանակի քվեներ չեն ստացել։ Սիսիանում ոչ մի քաղաքական ուժ ձայների անհրաժեշտ քանակը չի ստացել, որ  միանձնյա կարողանա համայնքի ղեկավար ընտրել։ Սիսիանի ավագանու 21 մանդատները նախնական հաշվարկով բաշխվելու են հետեւյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիրը» ստանալու է 8, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը՝ 5, «Ապրելու երկիրը»՝ 4, «Մեկ Հայաստան» եւ «Հանուն Հանրապետություն» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։ «Ռադիոլուրը» փորձեց ընտրացուցակները գլխավորող թեկնածուներից պարզել, թե արդյո՞ք որեւէ քաղաքական ուժ մյուսի հետ կոալիցիա կկազմի։ Մեզ հաջողվեց միայն կապ հաստատել «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Հայկ Առաքելյանի հետ։

«Այս պահին ոչինչ կոնկրետ ասել չեմ կարող, խոսում ենք, բանակցում ենք տղերքի հետ, պատկերը դեռ պարզ չէ»։

Ընտրության օրը սոցցանցերում հրապարակումներ եղան Սիսիանում կատարվող ընտրախախտումների վերաբերյալ։ Փորձեցինք թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանից ճշտել, թե ինչ բողոք–դիմումներ են ստացել։

«Այս պահի դրությամբ ոչ  մի բողոք–դիմում չենք ստացել, ավելին ասեմ՝ մեզ նույնիսկ չեն էլ հիշում, չէ չկա ոչ մի բան»։

Ինչ վերաբերում է վերահաշավարկին, ապա ըստ Ընտրական օրենսգրքի, դիմումների ընդունման վերջին ժամկետը սեպտեմբերի 27-ի ժամը 11-ն է։

Back to top button