ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը ՄԻԵԴ–ից  ժամանակ է խնդրում, զուգահեռաբար պատերազմական հանցագործություն կատարում

Ադրբեջանը լրացուցիչ ժամանակ է խնդրել ՄԻԵԴ–ից հայ ռազմագերիների մասին տեղեկություններ տրամադրելու համար։ Խնդրանքը բավարարվել է , Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է՝  տեղեկացնում են Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից։ Մինչ Ադրբեջանը ժամկետներ է  երկարաձգում, այդ երկրում հայ գերիներ են զոհվում կամ պատերազմական նոր հանցագործություններ գրանցվում։ Այդպես եղավ Դավիթ Գիշյանի դեպքում, մեկ այլ  դեպքի մասին բարձրաձայնել է Իրավունքի ու արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։ Ադրբեջանական զինծառայողները սպանել են հայ զինծառայողին, տեսանկարել ու լուսանկարել նրան սպանված վիճակում, լուսանկարն ու տեսանյութն ուղարկել հարազատներին։ 

Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություններ տրամադրելու համար։ Խնդրանքը բավարարվել է, նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը բացատրում է՝ ժամկետ խնդրելը ընթացակարգ է, որր որպես կանոն Եվրոպական դատարանը բավարարում է․

«Բայց երբ ժամկետը մի քանի անգամ են խնդրում, օրինակ՝ երրորդ անգամ դատարանը  կարող է ժամկետը չբավարարել։ Այն, որ Ադրբեջանը մի քանի օր խնդրել է, այս համատեքստում էական չեմ համարում, եվրոպական դատարանը դեռ կարող է հասկանալ՝ իսկապես ժամկետեր են պետք, այլ ոչ թե Ադրբեջանի նպատակը ինչ–որ կերպ ընթացակարգերի ձգձգումն է»։

Մինչ Ադրբեջանը երկարաձգում է ժամկետները, այդ երկրում գտնվող  հայ ռազմագերիներ են զոհվում։ Այդպես էր  ժամկետային զինծառայող 20-ամյա Դավիթ Գիշյանի դեպքում․ տեսանյութում հարազատները ճանաչել էին նրան  ռազմագերիների մեջ, մի քանի օր անց նրա աճյունը հանձնվեց Հայաստանին։ Արա Ղազարյանը ասում է ՝ թեև մասնագիտական ընթացակարգեր կան, որոնք պետք է անցնել , բայց այս դեպքում ամեն ինչ ակնհայտ է։

«Արդեն իսկ փաստի կանխավարկածն է  աշխատում, որ նրան կյանքից զրկել են՝ մինչև հակառակ կողմը չկարողանա հակառակն ապացուցել։ Ադրբեջանը փորձելու է դա անել»։

Մեկ այլ դեպքի մասին էլ այսօր հաղորդագրություն  է տարածել  Իրավունքի ու արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։  Ադրբեջանական զինծառայողները սպանել են ՀՀ զինծառայողի, տեսանկարել ու լուսանկարել են նրան սպանված վիճակում, տեսանյութը և լուսանկարը հրապարակել են WhatsApp-ի «story» բաժնում,  ուղարկել են զոհվածի  կնոջը:

Հաղորդագրությունում նշվում է, որ հանցավոր արարքը հաստատում է՝ ադրբեջանական զինված ծառայողների նպատակը նաև հոգեկան տառապանք պատճառելն է զոհվածների ընտանիքներին ու հայ հասարակությանը, էմոցիաների հետ խաղալը: Միաժամանակ հիշատակվում է, որ նույն այս դեպքերն արձանագրվել են նաև 2016թ. ապրիլյան, 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ:

«Ձեռագիրը չի փոխվում, այս հանցանքները դարձել են խրոնիկ, քանի որ դաժանությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից, իսկ այն կատարողները մնում են անպատիժ»:

Ապացույցները պատշաճ կամրագրվեն, կուղարկվեն նաև կուղարկվեն միջազգային գործընկերներին. այս հանցանքների համար մեղավորները պետք է պատժվեն»,- ասված է հայտարարության մեջ: Ո՞ րն է լինելու միջազգային ատյանների պատշաճ արձագանքը, ի՞նչ ակնկալել․ միջագային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ սա մարդասիրական իրավունքի խախտում է․

«Միջազգային հանցագործություն է, պետք է քրեական հետապնդման ենթարկվի հենց Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի իրավապահ մարմինները պետք է  փնտրեն, գտնեն այն մարդկանց, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, կամ է հայաստանը իր ձեռքը պետք է վերցնի նրանց քրեական հետապնդման ենթարկելու նախաձեռնությունը՝ համընդհանուր իրավազորության հիմքով՝ որպես միջազգային հանցագործություն»։

Մինչ այս պահը սեպտեմբերի 13–15 Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով գերեվարված մոտ 2 տասնյակ անձ է նույնականացվել։  Հենց նրանց հետ էին օրերս Ադրբեջանում հանդիպել  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։ Տեղեկատվությունը սուղ է, բայց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար  Զառա Ամատունին «Ռադիոլուր»–ին որոշ մանրամասներ փոխանցում է․

«Կարող եմ հաստատել, որ տեսակցությունը կայացել է բոլոր նրանց հետ, ում գերեվարման փաստը հաստատել է Ադրբեջանը։ Ստուգվել է առողջական վիճակը, պահպան պայմանները։ կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ։ Հանրությանը չեմ կարող հաստատել, թե կապի ինչ միջոց են օգտագործել, բայց կարող եմ ասել, որ ընտանիքները անմիջապես տեղեկացվել են այդ տեսակցության մասին»։

Պաշտոնական տվյալներով՝  սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Անհետ կորած զինծառայողների ծնողները  ՊՆ–ից տեղեկություններ են պահանջում իրենց որդիների մասին։ Նրանք հավաքվել էին գերատեսչությւան մոտ ։

«Պաշտպանության նախարարություն ուղիղ 13 օր է՝ երեխաներից լուր չունենք։ Հարցս՝ ինչ միջոցներ եք ձեռնարկում։ 13 օր է, ձորակի մեջ՝ ունենք վիրավորներ ու դիեր»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է գրանցել ու ճշտել  անհետ կորած այն անձանց տվյալները, որոնք ռազմական գործողությունների հետևանքով կարող էին գերեվարվել՝ «Ռադիոլուր»–ին փոխանցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար  Զառա Ամատունին․

«Գործընթացը շարունակական է, կողմերի հետ մենք կապի մեջ ենք։Ինչպես գերեվարված անձանց, այս դեպքում ևս մենք ընտանիքների հետ կապի մեջ ենք, ու որևէ հաստատում ստանալու դեպքում անմիջապես կտեղեկացնենք հենց ընտանիքներին»։

Պաշտոնական տվյալներով՝ 303 անձի գտնվելու վայր էլ անհայտ է 44–օրյա պատերազմի հետևանքով։

Back to top button