ԿարևորՀասարակություն

Հակոբավանքի վերածնունդը․ Արցախում կվերանորոգվի 120 տարի չգործող եկեղեցին

Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի մերձակայքում գտնվող  Ս․ Հակոբավանք եկեղեցին, որը չի գործել շուրջ 120 տարի, կվերանորոգվի։ 7-րդ դարում կառուցված կաթողիկոսանիստ եկեղեցին ավելի քան 3 դար չի վերանորոգվել և հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել միայն 2020–ի պատերազմից հետո, երբ ժամանակավորապես ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում առնվազն 1500 հայկական մշակութային կոթող մնաց։ Ս. Հակոբավանքի վերականգնման ու Քոլատակ գյուղի զարգացման ծրագրի նախաձեռնող թիմի անդամ «ՌեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանն ասում է՝ հենց պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի կառավարությունը սկսել է շատ ինտենսիվ վերացնել կամ յուրացնել իր տիրապետության տակ անցած մշակութային կոթողները․ դրանցից 90–ն արդեն ոչինչացված են։

«Հակոբավանքը, որը մեր տարածքում է մնացել, նույնպես վտանգի տակ է, քանի որ Ադրբեջանը տարբեր հարթակներում փորձում է ցույց տալ, ասել, որ Հակոբավանքը հայկական կրոնի ու մշակույթի հետ ընդհանրապես կապ չունի՝ իբր ալբանական է, իրենք էլ ալբանացիների հետնորդներն են»,– ասում է Գևորգ Պողոսյանը։

Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմում է միանգամից մի քանի ճակատով․ ռազմական, դիվանագիտական, տնտեսական ու մեդիա պատերազմներին զուգահեռ ընթանում է նաև մշակութային պատերազմ՝ ընդգծում է Գևորգ Պողոսյանը։ Հակոբավանքի վերածնունդը կարող է նաև արցախցիների ու Արցախի մշակույթի վերածնունդը լինել։ Ըստ նրա՝  հենց այս միտքն է ստիպել միանալ Արցախի կառավարության նախաձեռնությանը ու «ռեԱրմենիա» հարթակում դրամահավաք սկսել։

«Մենք, հասկանալով այս ամենը, որոշեցինք, որ շատ կարևոր է նաև այս պատերազմում համախմբվել, «ջոկատներ» կազմել ու ակտիվ գործել մեր եղածը վերականգնելու, մեր եղածի մասին ինֆորմացիան ամբողջ աշխարհով տարածելու համար»։ 

Հակոբավանքի և հարակից շինությունների վերանորոգման նախագիծն արդեն պատրաստ է։ Հեղինակը բազմաթիվ եկեղեցիների, այդ թվում նաև Դադիվանքի, վերանորոգման նախագծի հեղինակ Սամվել Այվազյանն է։ Վանքն ամբողջությամբ վերականգնելու ու վերանորոգելու, բարեկարգելու համար շուրջ 1 մլն դոլլար է անհրաժեշտ․ առայժմ գումարի մի մասն է միայն հավաքվել, բայց նախաձեռնողները վստահ են՝ գաղափարն իր շուրջը կհավաքի անհրաժեշտ ռեսուրսը։

«Վերականգման աշխատանքները կիրականացվեն 3 փուլով․ առաջին փուլում կնորոգվի հոգևոր կառույցը հետո արդեն արևելյան կողմի բնակելի կառույցը և վերջում էլ մուտքային հատվածը։ Սրան զուգահեռ նաև տարածքի պեղման աշխատանքները կշարունակվեն ու կավարտվեն ընդհանուր բարեկարգման աշխատանքները»։

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նկատում է՝ այսօր Արցախում նույնիսկ ամենափոքր շարժը, վերանորոգումը անասելի դրական ազդեցություն է ունենում արցախցիների, Արցախի շուրջ մթնոլորտի ու տրամադրության վրա։

«Հակոբավանքը այդ կառույցներից մեկն է, որտեղ մեր ինքնությունն է, մեր մշակույթն է, որը պետք է զորացնի Արցախը, համախմբի Սփյուռքն ու Հայաստանը և դրանով աշխարհին ցույց տա, որ մենք շարունակում ենք ստեղծել արարել, հակառակ նրան, որ ինչ մենք կառուցում ենք, Ադրբեջանն ավիրում է, ինչ մենք օրհնում ենք, նրանք անիծում են»,– ասում է Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Երբ եկեղեցիները ծաղկում ու բարգավաճում են, աճում ու զորանում է նաև հավատքը, հակառակ դեպքում մենք ամեն օր մեր հավատքից մի կտոր կորցնում ենք՝ ասում է նախկինում Դադիվանքի, այսօր արդեն Սուրբ Հակոբավանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։ Նա վստահեցնում է՝ Դադիվանքը լավագույն օրինակն է, թե ինչպես ժողովրդի հավատքի ուժի ու միասնության շնորհիվ, չնայած բոլոր դժվարություններին, այն մինչ օրս գործում է․ նույն վերածնունդը կարող է լինել նաև Հակոբավանքի դեպքում։

«Մինչև այսօր մեր Դադիվանքը գործել է ու պետք է գործի ի շնորհիվ մեր ժողովրդի հավատքի ուժի ու միասնության, ինձնից հետո էլ մեր հոգևոր հայրերը այնտեղ ռուսական խաղաղապահ զորքի ներկայությամբ ապրում են ու աղոթում են առ Աստված։ Այս տարի երկու անգամ ուխտագնացություն եղավ․ մեկը Սուրբ Զատկական տոնին, մեկն էլ Սուրբ Խաչվերացի տոնին՝ սեպտեմբերի 11-ին։ Այդ օրը 21 հոգի գնացին և մասնակցեցին պատարագին»,– ասում է Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

Հակոբավանքի վերանորոգման համար անհրաժեշտ գումարը հավաքելու նախաձեռնությունը այսօր էլ շարունակվում է։ Ցանկացողները կարող են մուտք գործել «ռեԱրմենիա» հարթակ,  նվիրատվություն անել, իսկ հետո հատուկ կազմակերպվող ուխտագնացությունների միջոցով գնալ ու տեղում տեսնել նաև իրենց նվիրավտության շնորհիվ վերածնվող կառույցը։

Back to top button