Երկրորդ շնչառություն

85-ամյա ջութակահար Յուրայի երիտասարդության գաղտնիքները․ «Երկրորդ շնչառություն»

85-ամյա ջութակահար Յուրա Ավետիսյանը միշտ է երազել առողջ ու ակտիվ կյանքի մասին։ Նա մոտ կես դար առողջ ապրելակերպ է որդեգրել․ շուտ քնում է, վաղ արթնանում, մարզվում է ամեն առավոտ, ճիշտ սննդակարգ ունի։

Դասական երաժշտությունն ու համախոհ սիրելի կինն էլ նպաստում են նրա երկարակեցությանը։ Հանրային ռադիոյի երրորդ հարկում գտնվող տաղավար տանող աստիճանները երիտասարդներից ավելի արագ ու թեթև բարձրացող Յուրա պապը խոստովանում է, որ թեև 85 տարեկան է, բայց իրեն պապիկ չի համարում, և կարիք չի զգում, որ հանրային տրանսպորտում իրեն տեղ են զիջում։

«Ինձ հաճույք է պատճառում, որ ես այս տարիքիս առողջ եմ, այսինքն, ոչ մի դեղ չեմ խմում, բժշկի չեմ գնում։ 85 տարեկան եմ, բայց առաջին ութսունհինգս է, հասնեմ 100-ի հետ եմ իջնելու՝ 100, 99, 98․․․ »,- կատակում է Յուրա պապը՝ համոզմունք հայտնելով, որ առողջության վրա լավ երաժշտությունն ազդում է, քանի որ դա սեր է։

«Շուտ եմ քնում 9-ին, արթնանում եմ վաղ առավոտյան 5-6-ին, առաջին հերթին մարզվում եմ, հետո քայլում ու զբոսնում այգում, նախաճաշում եմ ու 9-ին արդեն աշխատանքի վայրում եմ լինում, գործից հետո էլ զբոսնում ենք տիկնոջս հետ, առանձնահատուկ ոչինչ չկա»,-պատմում է Յուրա պապը՝ ներկայացնելով ֆիթնեսի իր երիտասարդ մարզչին, որի հետ մարզասրահում աշխատում են իր ֆիզիկական վիճակը բարելավելու ուղղությամբ։

«Տարեցների համար կա վարժությունների հատուկ ծրագիր, և պատասխանատվությունն ավելի մեծ է նրանց հետ աշխատելիս։ Բացի դրանից, մարզումների ընթացքում նոր բաներ ես սովորում կյանքից, էներգիա ես ստանում, լիցքավորվում ես»,-տարեցների հետ աշխատանքի առանձնահատկություններն է ներկայացնում Վլադը՝ կոչ անելով մյուս գործընկերներին նույնպես աշխատել տարեցների հետ, քանի որ նրանք ամենաշատն այդ մարզումների կարիքն ունեն։

«Ինձ համար մեծ մոտիվացիա է աշխատել տարեց մարդու հետ, քանի որ այս աշխատանքով ես ցույց եմ տալիս, որ սպորտում տարիքային սահմանափակումներ չկան»,-բացատրում է Վլադը՝ խոստանալով մարզումները շարունակել ինստագրամյան լայվերով։

Back to top button