ԿարևորՀասարակություն

Հանդիպման վայրը Բրյուսել, ժամկետը՝ նոյեմբեր փորձագետները սահամազատման հարցով համաձայնություններ չեն ակնկալում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Ռադիոլուր»–ին փոխանցել են, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում 2022 թվականի նոյեմբերին։ Միաժամանակ նշել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հիմքում դրվող քարտեզներով քննարկում դեռ չեն իրականացնում։ Կառավարությունում կարևոր են համարում տարածքի նկատմամբ տիտղոսի իրավական հիմք հանդիսացած փաստաթղթերի համակողմանի վերլուծությունը` հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։ Փորձագետները  հերթական հանդիպումից մեծ  ակնկալիքներ չունեն, կարծում են՝ այս փուլում ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն միայն լայնածավալ էսկալացիայի վտանգը կանխելու խնդիր է լուծում։

Երասխ, Մոսկվա, Բրյուսել․ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով  Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպման կանգառներն են․ առաջին երկուսը՝ կայացած, երրորդը՝ դեռ սպասվող։ Փորձագետները հանդիպումների աշխարհագրությունը շատ  առանցքային չեն համարում և ընդգծում են՝ կողմերն անհամադրելի մոտեցումներ ունեն։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը թվարկում է․

«Հայաստանը չի կարող միջանցք թույլ տալ։ Արցախի կարգավիճակի հարցում չի կարող ընդունել, որ Ղարաբաղյան հարց այլևս գոյություն չունի։ Ադրբեջանը ևս ունի սեփական կարմիր գծերը։ Այս պահին , քանի դեռ մենք տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական իրավիճակը պայթյուններով լեցուն է, անհավասարակշիռ, անկանխատեսելի, կարմիր գծերը կարող են մնալ ու  հատվել։ Հնարավորություն չեն տալու վերջնական համաձայնություններ ձեռք բերել»։

Հայաստանի ու Ադրբեջանի  սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության երկկողմ հանձնաժողովը ստեղծվեց այս տարվա մայիսին՝ Փաշինյան–Ալիև–Շառլ Միշել եռակողմ հանդիպումից հետո։  Հանձնաժողովը գլխավորում են երկու երկրների փոխվարչապետերը։ Մհեր Գրիգորյան– Շահին Մուստաֆաև առաջին հանդիպումը  Երասխի  մոտ գտնվող հատվածումէր։Երկրորդ հանդիպումը մոտ մեկ ամիս առաջ էր՝   օգոստոսի 30–ին,  հենց այն օրը, երբ սահմանված ժամկետից շուտ Ադրբեջանի պահանջով դադարեց երթևեկությունը Հայաստանը Արցախին կապող Բերձորի ճանապարհով։ Հանդիպումը Մոսկվայում էր։

Երկկողմ հանձնաժողովի ձևավորման նպատակների ու արդեն տեղի ունեցած երկու նիստերի մասին ՄԱԿ–ի ամբիոնից  նախօրեին հիշեցրեց  Նիկոլ Փաշինյանը․

«Մինչ հանձնաժողովի ստեղծումը անցյալ տարի Ադրբեջանն օկուպացրել էր Հայաստանի ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք։ Դրանից հետո, Ադրբեջանի արդարացումներից մեկն այն էր, որ Հայաստանը, ըստ նրանց, հրաժարվում է սահմանազատման հանձնաժողով ստեղծելուց։ Մենք, իհարկե, չէինք հրաժարվել դրանից, այլ միայն պնդել էինք, որ միաժամանակ սահմանների անվտանգության մեխանիզմ ստեղծվի»։

Հայաստանի վարչապետը հիշեցրեց նաև միջազգային գործընկերների պնդումը՝  սահմանային հանձնաժողովի աշխատանքն ինքնին վստահելի գործոն է լինելու սահմանների անվտանգության համար։ Սակայն ագրեսիայի նոր փուլը Ադրբեջանը նախաձեռնեց այդ հանձնաձողովի ձևավորումից և երկու նիստերից հետո։ Ադրբեջանը սադրանքները չի դադարեցնելու՝ կարծում է  քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը․

«Ադրբեջանն ունի շահեր ու կարիքներ, որոնք փորձելու է ամեն կերպ բավարարել։ Հանձնաժողովի ստեղծումը  գուցե ինչ-որ  տեղ ինչ-որ բան զսպել է, բայց ընդհանուր առմամբ հուսալ, թե ինչ-որ մի  հանձնաժողով, ինչ -որ մի պայմանավորվածություն, հայտարարություն կամ նույնիսկ պայմանագիր կարող է Ադրբեջանի ախորժակը զսպել, միամտություն է։ Ադրբեջանը շարունակելու է ճնշում գործադրել, շարունակելու է Հայաստանից պահանջել ամեն ինչ, կամ մինչև կամ դա չստանա, կամ «քիթ ու բերանին» չստանա»։

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ ու այս տարվա երրորդ նիստը նախատեսված է նոյեմբերին՝ Բրյուսելում։ «Ռադիոլուր»–ին ՏԿԵՆ–ից փոխանցում են՝  Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հիմքում դրվող քարտեզներով քննարկում դեռ չեն իրականացնում։ Կառավարությունից միաժամանակ ընդգծում են՝ կարևոր է  տարածքի նկատմամբ տիտղոսի իրավական հիմք հանդիսացած փաստաթղթերի համակողմանի վերլուծությունը` հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։ «Ռադիոլուր»–ի զրուցակիցն այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի․

«Հանդիպումները հանդիպումներ են, որ էսակալացիան շատ մեծ չափով տեղի չունենա։  Հնարավոր է նոր էսկալացիա, նոր սադրանքներ՝ ցանկացած պահի, ավելի լայնամասշտաբ, ավելի լոկալ, բայց նման հանդիպումները, հանձնաժողովները, համաձայնությունները, բանակցությունները, ամեն ինչ մի նպատակ ունեն՝ թույլ չտալ լայնամասշտաբ էսկալացիան»։

Փորձագետների կարծիքով՝ հայկական կողմի քայլերը հստակ են՝  միջազգային հարթակներում հանգամանորեն  ներկայացնել ագրեսորի գործողությունները, ստանալ միջազգային հանրության աջակցությունը՝ միաժամանակ հզորացնելով բանակն ու անվտանգային հնարավորությունները և չմոռանալով արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին։

Back to top button