ԿարևորՀասարակություն

Արմավիրի մարզում «Գինու արահետ» հարթակ կստեղծվի

Արմավիրի զարգացման կենտրոնը գինեգործական  տուրիզմի զարգացման ծրագիր է նախաձեռնել, որի շրջանակում գործարկվելու է «Գինու արահետ»  հարթակը: Այն միավորելու է մարզի գինեգործներին ու նրանց գործունեությանն առնչվող  տուրիստական ուղղությունները:  ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող նախագծից  մարզի գինեգործները մեծ ակնկալիքներ ունեն։

Արմավիրի մարզում ագրոտուրիզմը կարող է զբոսաշրջության հիմնական ուղղություն դառնալ: Մարզում տարեցտարի  ավելանում են խաղողի  այգիները,  զուգահեռաբար  զարգանում է գինեգործությունը:  Պետրոս Զարուքյանը 12 տարի առաջ է Ամերիկայից եկել Հայաստան: 2014-ին սահմանամերձ Բագարան գյուղում  1.5 հա հող է գնել, խաղողի այգի հիմնել և սկսել գինի արտադրել.

«Մենք հիմնականում  խաղողի Արենի և Արցախյան խնդողնի տեսակներն ենք մշակում: Գինու համերը հագեցնելու համար  մի քիչ էլ խաղողի  ֆրանսիական սորտեր ունենք: 2018թ-ին սկսել ենք գինի արտադրել, մինչև հիմա  տարեկան  լցրել ենք  1000 շիշ գինի, այս տարի 2000-ի կհասցնենք »:

Տեղանքը Պետրոսին շատ է հրապուրել, մյուս տարի  ևս մեկ հեկատարով կավելացնի այգու տարածքը, կմեծացնի  արտադրական ծավալները: Որոշել է  զբաղվել նաև գինու  տուրիզմով.

«Ապագայում մտադրվել եմ հյուրանոց կառուցել, քանի որ այստեղ շատ սիրուն տեսարան կա բարձրից երևում է Արաքս և Ախուրյան գետերի խառնարանը: Ես հյուրեր եմ ունենում, որոնք ցանկանում են գիշերել, բայց մոտակայքում ոչ մի հյուրատուն  չեն գտնում»:

Գինեգործությունն այստեղ տասնամյակների ավանդույթներ ունի:  Արտաշես  Ջրաղացպանյանի պապը, Բայազետից տեղափոխվելով Բամբակաշատ, հնձան է կառուցել, իր մշակած խաղողից  գինի պատրաստել: Պապի գործը  հիմա  շարունակում է Արտաշեսը.  արդեն մի քանի տարի զբաղվում է խաղողի  ու մրգային գինիների արտադրությամբ։ Զբոսաշրջիկներն արտադարական պրոցեսին կարող են անձամբ ծանոթանալ ու միաժամանակ  գինի համտեսել.

«Մեզ մոտ արդեն պայմաններ կան գինու զբոսաշրջության համար. ունենք համտեսի սրահ, որտեղ կարող ենք ընդունել հյուրերին: Համտեսի սրահը կառուցված է մեր պապական մառանի վերնամասում, և այնտեղ կարող ենք ներկայացնել  արտադրանքը»:

Գինու տուրիզմի ուղղությունը զարգացնելու համար գինեգործները դեռ ճանապարհ ունեն անցնելու։  Ասում են՝ հմտությունները ձեռք են բերելու ոչ թե սեփական սխալների վրա, այլ՝ կրթվելով:  Էջմիածնի Ալլուրիա գինու գործարանն արդեն 5 տարի հյուրեր է ընդունում: Համահիմնադիր Սամվել Մաչանյանը հավաստիացնում է՝  տուրիզմը եկամուտ է ապահովում․մեջբերում  է վրացի գործընկերոջ օրինակը.

«Նա տարեկան շուրջ 40 հազար շիշ գինի էր արտադրում և ոչ մի տեղ չէր վաճառում՝ միայն իր մոտ, միայն տուրիզմի միջոցով: Կարևոր է լոկալ տուրիզմը, որը գրեթե չունենք: Մենք միշտ հորդորում ենք՝  պարբերաբար այցելություններ կազմակերպել գինու գործարաններ, տեսնել՝  ինչպես են պարտրաստվում գինիները: Դա ակտիվացնում է տուրիզմի շուկան»:

Արմավիրի մարզում գինու տուրիզմի  զարգացմանն օժանդակում է Եվրամիությունը՝ ընթացք տալով գինու տուրիզմի  նորարական ռազմավարությունների մշակման նախագծին: Ծրագրի խորհրդատու Գայանե Սերոբյանն ասում է, որ Արմավիրի մարզի գործընկերն Իսպանիայի Վալլադոլիդի առևտրաարդյունաբերական պալատն է.

«Նպատակը Հայաստանի և Իսպանիայի միջև բիզնես կապերի զարգացումն է: Ընտրված տնտեսական ուղղությունը գինու տուրիզմն է, իսկ ծրագրի շահառուները՝ բիզնեսի զարգացման կազմակերպությունները»:

Ծրագրի շրջանակում գինի արտադրողները համատեղ կլաստեր են ստեղծելու՝ ներառելով Արմավիրի մարզի գինու տուրիզմի ուղղությունները: «Արմավիրի զարգացման կենտրոն»  հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Առաքելյան.

«Փորձելու ենք Արմավիրի գինու արահետը ստեղծել՝ներառելով Արմավիրի մարզի գինեգործներին, համատեղելով  հյուրատները, չրագործությունն  ու պանրագործությունը: Այսինքն՝ կստեղծվի մի հարթակ, որտեղ ավելի տեսանելի կլինեն Արմավիրի մարզի  տուրիստական ուղղությունները»:

Կլաստերը ստեղծելու են պատանի թումոյականները, որոնք մրցույթում  հաղթող են ճանաչվել: Ալբերտ Համբարձումյան.

«Մեր ծրագրավորման գիտելիքները համատեղեցինք դիզայնի հետ, պայմանագիր կնքելուց հետո կսկսենք աշխատանքները: Հուսով եմ՝  հաղորդակցության արդյունքում կխթանենք գինեգործական տուրիզմը»: Մարզի գինեգործները նախագծից մեծ ակնկալիքներ ունեն։ Կարևորում են, որ ծրագրի շրջանակում նաև տուրիստական  ուղեցույց է մշակվելու:

Back to top button