Ծովահայեր

Աշոցքի հանքային ջրերն ու ներդրումային գրավչությունը. «Ծովահայեր»

Հայաստանի հյուսիսը հարուստ է ջրերի բազմազանությամբ, որոնք սկիզբ են առնում բյուրեղյա սառնորակ ակունքներից։ Որոշ ակունքներից ժայթքում են հիդրոկարբոնատային, մագնեզիումային, նատրիումային հանքանյութերով հարուստ գազավորված ջրեր։

Տեղանքի երկրաբանական ուսումնասիրություններ կատարվել են խորհրդային շրջանից ի վեր, հաշվառվել, ուսումնասիրվել աղբյուրները, սակայն մինչ օրս թե՛ սառնորակ, թե՛ գազավորված ջրերը չեն շշալցվում։ Փոխարենը՝ տեղաբնակները լավ գիտեն իրենց «բուժիչ» աղբյուրների զորության մասին, լսել են պապերից, կիրառել իրենց կենցաղում ու արդյունքը տեսել՝ առողջացել։

Շիրակի հյուսիս-արևմտյան մասում՝ Ախուրյանի վտակներից մեկի` Արփաչայի հովտում են գտնվում Կրասար ու Մեծ Սեպասար գյուղերը, որոնք հայտնի են գազավորված ջրերի ակունքներով։

Այս տարածքներով անցնող Ախուրյանի վտակի երկարությամբ կարելի է հանդիպել բուժիչ, թթու ջրերի ակունքների, որոնցից մեկն էլ «Ջերմուկ» անունը կրող հանքային տաք աղբյուրն է՝ Մեծ Սեպասար ու Կրասար գյուղերի միջև։ Հանքային նյութերի պատճառով այդ ակունքների շուրջը պատված է կարմրավուն գույնով, ինչն առավել տեսանելի է դարձնում ակունքը։ Կրասարցիները պատմում են, որ այդ «թթու ջրերն» օգտագործում են ստամոքսի հիվանդություններ բուժելու, հոդացավերը թեթևացնելու նպատակով։

Պետրոս Մելիքյան

Մեծ Սեպասարի բնակաիչ 76-ամյա Պետրոս Մելիքյանը պատմում է, որ հարևան Վրաստանից են եկել, մեծ տարաներով այդ հանքային ջրերը տարել հիվանդների համար։ Որպեսզի հանքային ջուրը ճանապարհին իր հատկությունները չկորցներ՝ ջրի մեջ ասեղներ են գցել։

Գյումրիից մինչև Աշոցքի ջրերի մոտ հասնելը, ճանապարհին Զույգաղբյուր և Վարդաղբյուր գյուղերի տարածքով անցնելիս կհանդիպենք հզոր շիթով դեպի վեր ցայտող հանքային ջրի ակունքի։ Թավշուտի բնակիչ Սուրեն Սարգսյանը պատմում է, որ այդ ջուրը շշալցելու համար մոտ 30 տարի առաջ Վարդաղբյուր գյուղում գործարանի հիմքեր են կառուցել ու այդպես էլ մինչ օրս այդ հիմքերը չեն բարձրացել։

Սուրեն Սարգսյան

Սառնորակ և գազավորված հրաշալի ակունքներով հարուստ այս ենթալպյան գոտին շատ նպաստավոր է արդյունաբերական և առողջարանային բիզնես զարգացնելու համար, վստահ է ՇՊՀ-ի դոցենտ, աշխարագրական գիտությունների թեկնածու Լևոն Մարտիրոսյանը, ով բազմաբնույթ ուսումնասիրություններ է կատարել տարածքում։

«Կարելի է առողջարանային համալիր կառուցել, այն համալրել ձմեռային զբոսաշրջության համար նախատեսված պայմաններով և ամբողջ տարին բալանսավորել եկամտաբերությունը։ Եթե շշալցման համար հետազոտություններ կատարեն և համապատասխան տեխնոլոգիաներ ներդրվի՝ հանքային ջրի գործարանը մեծ եկամտաբերություն կապահովի։

Լևոն Մարտիրոսյան ՇՊՀ դոցենտ, աշխ․գիտ․ թեկնածու

Պետք է շեշտեմ, որ շատ ցավալի է, երբ նման ջրերը աննպատակ դուրս են գալիս, թափվում Ախուրյան գետը, հոսում, լցվում Արաքս ու դուրս գալիս Հայաստանի սահմաններից»։

Լևոն Մարիտիրոսյանը գտնում է, որ մինչ օրս կատարված հետազոտությունները լիուլի բավարար են այդ ջրերի արդյունաբերական կիրառությունը նախաձեռնելու համար, հիմնական խնդիրը բիզնես նախաձեռնության և ներդրումների պակասն է։

Մինչ բիզնես գաղափարները կյանքի կկոչվեն, կամ էլ կմնան որպես գաղափար՝ տեղաբնակներն այդ ջրերի հետ են կապում ամենաանհավանական իրադարձությունները, հավատալով, որ Աշոցքի ջրերը ոչ միայն զովացնում են, նաև բուժում, վիշտ ամոքում, նպատակներ իրականացնում ու նույնիսկ՝ որդիներ են պարգևում։  

Back to top button