ԿարևորՀասարակություն

Սեպտեմբերի 26-ից Սյունիքի բոլոր դպրոցներում առկա դասերը կվերականգնվեն

Եթե  սահմանային լարվածությունը չմեծանա, Սյունիքի մարզի դպրոցները սեպտեմբերի 26-ից կանցնեն առկա ուսուցման։ Այս պահին մարզի բոլոր դպրոցներում, բացի հինգից, ուսումնական պրոցեսը հեռավար է։Այս տարի մարզի դպրոցներ են գնում նաև Բերձորից ուԱղավնոյից տեղահանված աշակերտները։ Նրանցից միայն 20-ը Անգեղակոթի դպրոցում են սովորում։ Թեման շարունակում է Սյունիքի մեր թղթակից Արմեն Դավթյանը։

Սեպտեմբերի 19-ից Սյունիքի մարզի դպրոցները, Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայիով պայմանավորված,  անցել են հեռավար ուսուցման։ Մարզի 117 դպրոցներից միայն հինգում՝Քաջարանի թիվ 1, թիվ 2, Լեռնաձորի, Ձագիկավանի և Վերին Խոտանանի դպրոցներում են դասերն  առկա։ Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի  վարչության պետ Մերի Գանդալյանը «Ռադիոլուրին» պարզաբանում է՝ այդ դպրոցներ այլ բնակավայրերից  աշակերտներ և ուսուցիչներ չեն գալիս, ուստի  տնօրենները վտանգ չեն տեսնում առկա ուսուցման համար։ Մյուս բոլոր դպրոցներում հեռավար ուսուցումը բնականոն ընթանում է.

«Բնականաբար կարող են լինել որոշ խնդիրներ, որոնք տեղերում լուծում են ստացել։ Ունենք ընտանիքներ, որոնք երկու և ավելի երեխաներ ունեն, և տեխնիկական միջոցները կարող են նաև չբավարարել։ Դպրոցները գտել են այլ տարբերակ՝ առավոտյան ժամերին փորձում են տարրական դպրոցի հետ վարել դասը, հերթափոխով՝ հիմնական դպրոցի երեխաների հետ և ավագ դպրոցի երեխաների հետ տարբեր ժամերին, որ այդ երեխաները չտուժեն հեռավար ուսուցման ընթացքում»։

Եթե իրավիճակը նորից չլարվի, ապա սեպտեմբերի 26-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման։ Մարզի դպրոցներն այս տարի ունեցել են 10650 առաջին դասարանցի։ 10 դպրոց առաջին դասարանցի չի ունեցել։ Խոսքը աշակերտների փոքր կազմ  ունեցող դպրոցների մասին է՝ ասում է Մերի Գանդալյանը.

«Կապանում՝ 5 դպրոց, Գորիսում 2 դպրոց, Սիսիանում ՝ 1, Մեղրիում 2 դպրոց։  Ամեն տարի ունեցել ենք դպրոցներ, որ առաջին դասարանցի չեն ունենում»։

Այս ուսումնական տարում Աղավնոյից և Բերձորից տեղահանված 47 աշակերտ է ընդունվել մարզի հանրակրթական դպրոցներ։ Միայն 20 աշակերտ ուսումը շարունակում է Անգեղակոթի դպրոցում։ Մարզպետի հանձնարարությամբ աշակերտներին ընդունել են նաև առանց փաստաթղթերի.

«4 աշակերտ փաստաթղթերի խնդիր ուներ, բայց նրանց կրթության իրավունքը չի խախտվում։ Նրանք նստել են իրենց համապատասխան դասարաններում։  Երկու աշակերտ չնայած մարզում են, բայց ընտանեկան խնդիրների պատճառով դեռ դպրոց չեն հաճախում, հույս ունեմ եկող շաբաթ խնդիրները կկարգավորվեն ու կհամարվեն մարզի լիարժեք աշակերտներ»։

Աղավնոյից  Քարահունջ տեղափոխված Աղասի Հակոբյանի դուստրը՝ Անին, այս տարի գյուղի դպրոցի առաջին դասարան է հաճախել,  հետո տեղափոխել է Գորիսի դպրոցներից մեկը, հիմա էլ այլ դպրոցտեղափոխվելու մասին են մտածում։ Աղասի Հակոբյան.

«Չէ, չէ, դպրոցները ոչ մի պրոբլեմ չեն առաջացրել երեխու սովորելու հետ ։ Ես գործի եմ մտել էս մի քանի օր է։ Վերիշենի պեմզաբլոկի ցեխում եմ աշխատում։ Ուզում եմ համ տունը գործի տեղին մոտիկ լինի, համ դպրոցը։ Դրա համար եմ տեղափոխում»։

Մարզպետարանի ուշադրության  կենտրոնում են նաև Արցախից տեղահանված ուսուցիչներին աշխատանքի տեղավորելու հարցն է։ Ոմանք արդեն աշխատում են , մյուսները, չնայած թափուր աշխատեղեր կան, բայց դեռ չեն կողմնորոշվում։ Մերի Գանդալյան․

«Խնդիրը երևի անձնական է,  հրաժարվում են մասնակցել ուսուցչի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթին։ Բայց մարզպետարանը առաջնահերթության կարգով ամեն ինչ անում  է նրանց աշխատանքի հարցը լուծելու համար»։

Այս ուսումնական տարում մարզի աշակերտների թիվը 17537 է՝ նախորդ տարվանից 96–ով պակաս։

Back to top button