ԿարևորՀասարակություն

Տեղի կունենա «Կորիզ» համադպրոցական կրթական «Օսկարը»

Սեպտեմբերի 25-ին ժամը՝ 16։30-ին, «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Koreez կրթական շարժման 2022 թվականի ամփոփիչ երեկոն:  Koreez համադպրոցական կրթական շարժման գլխավոր նպատակն է Հայաստանում և Արցախում իրապես խրախուսել աշակերտների կրթվելու մղումը՝ մեծարելով այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին, ինչն արդեն երկրորդ տարին անընդմեջ հաջողությամբ իրականացնում է։ Koreez կրթական շարժման մասնակիցները հավատացած են, որ նույնիսկ ամենածայրահեղ պատերազմական իրավիճակներում կրթության գործընթացը իրավունք չունի կանգ առնել և այդ ժամանակաշրջանում առավել քան երբևէ կարևոր է խրախուսել աշակերտներին և ուսուցիչներին։ Միայն կրթված քաղաքացին կարող է դուրս բերել մեզ այս պատմական շրջափուլից։ Կրթական շարժմանն ու այս գաղափարին են միացել չորս տասնյակից ավելի հայտնի ընկերություններ, հանրաճանաչ մարդիկ Հայաստանից և արտերկրից։

Koreez 2022 կրթական երեկոյին ներկա կլինեն 2000-ից ավելի մասնակիցներ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, կրթական դեսպաններ և այլն) ՀՀ և ԱՀ գրեթե բոլոր դպրոցներից, նաև սահմանամերձ համայնքներից։

Koreez համադպրոցական մրցույթը հեղինակել է կրթության ոլորտում ավելի քան 13 տարվա փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմը։ Մրցույթին մասնակցել են ՀՀ և ԱՀ շուրջ 800 հանրակրթական դպրոցների շուրջ 11․000 աշակերտ և ուսուցիչ։ Լավագույն արդյունքներ ունեցող շուրջ 80 աշակերտ, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները կպարգևատրվեն բազմաթիվ արժեքավոր և խրախուսական մրցանակներով (նոութբուքներ, պլանշետներ, բջջային հեռախոսներ, հանգստի հնարավորություն կստանան հայաստանի լավագույն հյուրանոցներում և այլն)։

Back to top button