ԿարևորՔաղաքական

ՄԱԿ–ի ելույթի թեզերը՝ նաև նյույորքյան բարձրաստիճան հանդիպումներում

Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանի վարչապետը մի շարք կարևոր  հանդիպումներ է ունեցել։ Դրանցում նույնպես, ինչպես ելույթում, Նիկոլ Փաշինյանը շեշտադրել է միջազգային հանրության կողմից  ադրբեջանական ագրեսիայի դատապարտման ու միջազգային  համարժեք արձագանքի կարևորությունը: 

Փորձագետների կարծիքով՝ նյույորքյան երկկողմ հանդիպումները նույնքան կարևոր են, որքան Գլխավոր Ասամաբլեայի ամբիոնից հնչած թեզերը։

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան վարչապետ Նիկոլ Փաշինյանի նյույորքյան հանդիպումների առանցքային հարցն է։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կարևորել է տեղի ունեցածի վերաբերյալ Միացյալ Նահանգների հստակ դիրքորոշումներն ու գնահատականները։ Հայաստանի կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ:

Պետքարտուղարին իր հերթին ընդգծել է  ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը,  «այդ թվում` ԼՂ ժողովրդի համար»։  Ի դեպ, Բլինքենի օգտագործած «ԼՂ ժողովուրդ»  ձևակերպումը չի վրիպել փորձագետների ուշադրությունից։  Բանակցային գործընթացի վերաբերյալ հակասական գնահատականների ֆոնին նրանք կարևորել են  ԱՄՆ պետքարտուղարի կողմից հենց այս ձևակերպման ընտրությունը։

Բլինքենը կարևորել է նաեւ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի:

Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի` ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին է եւս մեկ անգամ ընդգծել՝ Նյու Յորքում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, բայց նաև ընդգծել՝ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար.  

«Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին։ Տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է, և Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի»,- շեշտել է Ռայիսին:

Իրանի նախագահը նույն շեշտադրումն արել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից՝ մինչև Փաշինյանի հետ ունեցած հանդիպումը։ Ավելի վաղ Ռայիսին դա ասել էր Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հետ ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ։ Նույն շեշտադրմամբ խոսել էր նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդը։

Փորձագետները կարծում են, որ Իրանի բարձրագույն ղեկավարների այս հայտարարությունները հայկական կողմից համարժեք արձագանք են ենթադրում։ Այս կարծիքը, մասնավորապես,  «Ռադիոլուր»–ի հետ զրույցում հայտնել էր իրանագետ, Միջին Արևելքի հարցերով փորձագետ  Հարութ Արթին Առաքելյանը։

Երբ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի, ապա նախագահի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանը և անվտանգությանն աջակցող ուղերձ է հղվում, ապա հարկավոր է բարձրագույն իշխանության մակարդակով պատասխան արձագանքով հանդես գալ՝ ասել էր վերլուծաբանը․

«Այսօր աշխարհում չի գտնվի մեկ այլ պետություն, որը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ  գործնական մակարդակում պատրաստ է զորավիգ լինել հարևանին։ Գոնե այս կոչին մենք պետք է դրական արձագանքենք. «կանաչ լույս» տանք մեզ աջակցելու համար։ Ուրեմն պիտի նաեւ թույլ տանք Իրանին դա անելու։ Եթե մենք հրավիրում ենք մեր բնական դաշնակցին /եթե չունենանք անգամ դաշնակցային պայմանագիր/, որ նա նաեւ մեզ օժանդակի մեր անվտանգությունը ամրացնելու համար, Իրանն այդ թույտվությունը կունենա մուտք գործելու եւ աջակցելու։ Հակառակ դեպքում, ոչ ոք մեզ համար, առանց մեր ցանկության, ոչ կռվելու է, ոչ մեզ օգնելու է»։

Մենք պետք է օգտվենք Իրանի ընձեռած հնարավորությունից՝ ասում է փորձագետը, ապա նկատում՝ հիմա մեր երկիրը գտնվում է տարբեր երկրների շահերի բախման կիզակետում։ Բոլորն աշխատում են իրենց շահերի համար՝ մեզ համար  բացասական, դրական կամ չեզոք դիրքերից․   

«Եթե Փելոսին է գալիս եւ բոլորն ասում են՝ օգտագործենք մեր երկրի անվտանգությունը ուժեղացնելու, շատ լավ եք անում։ Եթե դիմում եք ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին, շատ լավ եք անում, բայց եկեք մի անգամ էլ նայենք այն երկրի ուղղությամբ, որն ամեն օր կրկնում է, որ ինքը պատրաստ է։ Հետաքրքիրն այն է, որ պատմականորեն այսօր մեր ու Իրանի շահերն ամենախիստն են համընկնում իրար հետ։ Եվ սա այն դեպքն է, որ Իրանը պարզապես դիվանագիտություն չի խաղալու, նաեւ Իրանը փորձելու է իր անվտանգության հարցերը լուծել եւ դրանով իսկ մեր եւ Իրանի շահերը լիովին համընկնում են»։   

Փորձագետի նշած բացը մասամբ լրացվել է երեկ Նյու Յորքում։  Ռայիսիի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել իրանական կողմի հստակ գնահատականների կապակցությամբ և կարևորել ստեղծված իրավիճակում երկկողմ  սերտ փոխգործակցությունը: Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Ռայիսին մտքեր են փոխանակել նաեւ երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ:

Նյու Յորքում առանցքային էր նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նշել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:

Յանս Ստոլտենբերդի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը շեշտել է ադրբեջանական գործողությունների դատապարտման կարեւորությունը, խոսել Հայաստանի  սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտության մասին։

Յենս Ստոլտենբերգը կարևորել է տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական ջանքերի գործադրումը, այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հանդիպումներից որևէ մեկը չի առանձնացնում։ Կարծում է՝ երկկողմ հանդիպումներից յուրաքանչյուրը կոնկրետ խնդիր է լուծում ճիշտ այնպես, ինչպես միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումները։

«Կարեւոր է, որ նմանատիպ աշխատանք տարվում է։ Այսինքն՝ կարեւոր դերակատարների հետ հանդիպումներ են տեղի ունենում, որտեղ ներկայացվում է իրավիճակը, որտեղ ներկայացվում են փաստեր»:    

Ըստ քաղաքագետի՝ դրանք հետագայում նաեւ ազդեցություն են ունենալու միջազգային արձագանքների վրա։

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն էլ կարծում է, որ ո՛չ մեկ ելույթով, ոչ էլ մի քանի հանդիպումներով չի լուծվում Ադրբեջանին զսպաշապիկ հագցնելու խնդիրը։ Դրանք կարևոր են պետության դիրքորոշում-շեշտադրումները ներկայացնելու առումով։  Ըստ նրա՝ պետական շահերից բխող հստակ դիրքորոշումները պետք է նաեւ ձեւակերպված ու շարունակական ներկայացվեն բոլոր հնարավոր խողովակներով. 

«Այդ ամբողջը դիվանագիտական եւ  ո’չ միայն դիվանագիտական՝ նաեւ  հանրային քաղաքական աշխատանք է։ Նույն ԱՄՆ-ում եւ շատ տարբեր տեղեր մենք ունենք շատ ազդեցիկ ներկայացուցիչներ Սփյուռքում, որոնք էդ լծակները, հնարավորությունները ունեն՝ հայկական կողմի «նարատիվը»՝ խոսույթը, դիրքորոշումները, ըստ էության, տեղ հասցնելու։ Այդ ամբողջը պետք է համակարգված իրագործվի»։

Դրա համար, փորձագետի խոսքով, հարկավոր է, որ մեղմվեն այն հանրային բաժանարար գծերը, որոնք կան Հայաստանում։ Դրանք խանգարում են, որ պետական շահերից բխող դիրքորոշումներն ընկալելի լինեն միջազգային հանրության ավելի լայն շրջանակում։ 

Back to top button