ԿարևորՀասարակություն

Երբ սահմանն անհանգիստ է, անհանգիստ է նաև փոխարժեքի շուկան

Դրամի՝ վերջին օրերին նկատվող արժեզրկումը մասնագետները պայմանավորում են Ադրբեջանի սեպտեմբերյան  ագրեսիայով՝  հիշեցնելով, որ դոլար-դրամ փոխարժեքը մշտապես կախված է եղել ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու ռազմական գործոններից ։  Մասնագետները նշում են նաև, որ ավարտվում է գյուղմթերքի արտահանման փուլը, նվազում են տուրիստական հոսքերը։ Ուստի շուկայում արտարժույթի պահանջարկը որոշակի սեզոնայնություն է  գրանցում։  

Անորոշություն, սահմանային լարվածություն․ փորձագիտական դաշտում սեպտեմբերի 13–ին Արբեջանի սկսած ռազմական գործողությունների օրերին փոխարժեքի կտրուկ բարձրացումը  հիմնականում այս գործոններով  են պայմանավորում։ «Ամբերդ» հետազոտական կենտրոն Էդգար Աղաբեկյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝ սեպտեմբերի 16–ին արդեն, երբ իրավիճակը փոքր–ինչ կայունացավ, փոխարժեքն էլ աննշան, բայց՝  նվազել․

«Դա նշանակում է, որ հիմնական պատճառը անորոշություններն են։ Նաև՝ լարվածության որոշակի մեղմացումը բերելու է հին վիճակին։ Շուկայում ոչ թե բարձրացման միտում ենք տեսնելու, ոչ էլ նվազման, այլ որոշակի կայունացում է նկատվելու»։

Սեպտեմբերի 14–ի  առավոտյան  բանկերն ու փոխանակման կետերը դոլարը վաճառում էին 417-418 , գնում՝ 405-409  դրամով:  Մի քանի ժամ անց՝ արդեն կեսօրին, փոխանակման կետերում վաճառքը հասավ 420-421, առքը՝ 412-413 դրամի:  Տնտեսագետը բնական է համարում ռազմական գործողությունների առաջին երեք օրերին փոխարժեքի կտրուկ բարձրացումը․

«Մեկ դոլարի դիմաց 401–ից 416 դրամ դառնալը մի քանի օրվա համար բավական մեծ բարձրացում էր, բայց նաև բնական էր, որ նման պարագայում  արտարժույթի պահանջարկ պետք է դրսևորվեր, որին բանկերը պետք է արձագանքեին փոխարժեքի բարձրացմամբ»։

Հայաստանում փոխարժեքի տատանումները սկսեցին փետրվարից՝ կրելով  ռուս–ուկրաինական պատերազմի ազդեցությունը։  Կես տարում դրամը դոլարի նկատմամբ արժևորվեց շուրջ 20 տոկոսով։ 

Մասնագետները բացատրում են՝ այս տարի նաև  արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումներն են ավելացել։ Ֆիզիկական անձանց բանկային համակարգի միջոցով արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը 2022 թվականի հունիսի վերջի դրությամբ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 922 մլն դոլարով կամ 97,3%-ով և կազմել 1,87 մլրդ դոլար։ Բացի դրանից՝ արտահանման ցուցանիշերը նույնպես աճել են։ Ուստի  Հայաստանում դոլարի պակաս դժվար նկատվեր։ Ռազմական ակտիվ գործողություններին տնտեսագետ Համլետ Մկրտչյանը ավելացնում է նաև զբոսաշրջային փուլի ավարտը։ 2022 թվականի առաջին կիսամյակում արտասահմանից Հայաստան է ժամանել 588 731 զբոսաշրջիկ: 2021 թվականի նույն կիսամյակի համեմատ այս թիվը 2.4 անգամ աճել է: Հիշեցնում է՝  ՀՀ տուրիստական մեծ հոսքերի ու արտարժույթի ներհոսքի շնորհիվ Հայաստանում դրամն անշեղորեն արժևորվում էր ՝ 500-դրամից հասնելով  400 դրամի սահմանագծին։ Այժմ հետքայլ է անում ՝ փոխարժեքը 420–430 դրամի սահմաններում է․ 

«Սակայն ըստ էության դրանք շուկայական կարգավորման տիրույթում են, արտարժույթը  որոշվում է մեկ օր առաջ  կատարված գործարքների քանակով, որից հետո ֆիքսվում է կուրսը։ Ըստ  էության պետք է նշել, քանի որ տուրիստական սեզոնն  ըստ էութան մոտեցել է ավարտին, հոսքերը նվազել են, ուստի  դոլարը սկսել է արժևորվել։ Այլևս այդ ծավալի արտարժույթ ՀՀ տնտեսություն չի շրջանառվում։ Այստեղ նաև կարևոր դեր ունի ադրբեջանական ագրեսիան»։

Ավարտվում է նաև գյուղմթերքի արտահանման փուլը , որից հետո արտարժույթի ներհոսքը նվազում է։ Շուկայում արտարժույթի պահանջարկը որոշակի սեզոնայնություն է դրսևորում՝ ամփոփում են  մասնագետները։  

Back to top button