ԿարևորՀասարակություն

Վիրահատումից վերականգնում․ վիրավոր զինվորի ապաքինման բոլոր փուլերը կանցնեն «Զինվորի տանը»

Զինվորի տունն արդեն պատրաստ է կազմակերպել վիրավոր զինվորների բուժման ողջ պրոցեսը՝ վիրահատությունից մինչև վերականգնում։ Բացվել է վիրաբուժական բաժանմունքը՝ 3 վիրահատարանով, վերակենդանացման բաժանմունքով և հետվիրահատական 7 հիվանդասենյակներով։ Սա նշանակում է, որ զինվորն այսուհետ կարող է վիրահատվել՝ առանց «տնից» դուրս գալու։ Մանրամասնում է «Զինվորի տան» համահիմնադիր, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը․

«Խոսքը մասնավորապես միկրովիրաբուժություն, օրթոպեդիկ, տրավմատոլոգիական, ուռոլոգիական և ընդհանուր վիրաբուժական գործողություների մասին է, որոնք այստեղ հնարավոր է իրականացնել այնպես, ինչպես դրանք կարող էին իրականացվել աշխարհի լավագույն հիվանդանոցներում։ Ես այս խոսքերն ասում եմ պատասխանատվությամբ մեր վիրահատարանները, ի շնորհիվ մեր մեծանուն հայրենասեր բարերարներին, գործում են միջազգային ստանդարտներին համապատասխան»։

Վիրաբուժական բաժանմունքի համար 950 միլիոն դրամի ներդրումներ են արվել, մի մասը՝ ուղղված շենքի ամրացման, շինարարական ու վերանորոգման աշխատանքներին, մյուս մասը՝ սարքավորումներ ձեռք բերելուն։ «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մուրադյանն ասում է՝ այս տարածքն անմրցելի է ոչ միայն որակյալ տեխնիկայի, այլև սիրո մեծ չափաբաժնի շնորհիվ․

«Երեկ մենք Զինվորի տանը ունեինք պատվիրակություն Բելգիայի խորհրդարանից և նրանք, լինելով աշխարհի տարբեր հիվանդանոցներում, բուժհաստատություններում և տեսնելով Զինվորի տունն ասացին՝ Հայաստանում դուք սարեր եք շարժել, և տեսնում են մի բան, որն աշխարհի որևէ այլ երկրում չեն տեսել։ Բացի սարքավորումներից, կահավորումից տեսան այն սերն ու ջերմությունը, որը կա Զինվորի տանը»։

Զինվորի տան գլխավոր բժիշկ Միքայել Սահակյանի խոսքով՝ վիրահատարանի բոլոր ենթակառուցվածքները, կահավորումն ու կառուցվածքը, ամեն ինչ նպաստում է վիրահատությունների ամենաբարձր մակարդակով անցկացմանը։ Վիրահատարաններում շրջող հյուրերին բացատրում է՝ որ սարքավորումն ինչքանով է հեշտացնելու բժշկի ու զինվորի կյանքը, օգնելու արագ ու անխնդիր բուժմանը։ Սկզբում պատմում է օդափոխության լամինար հոսքի մասին, որը գրեթե 100 տոկոսով կանխում է ինֆեկցիոն ռիսկերը․

«Որոշակի արագությամբ, որոշակի ջերմաստիճային պայմաններում, լրիվ մաքուր օդի հոսք է դուրս գալիս դեպի վիրասրահ, և այդ օդը՝ կլանելով իր հետ մոտ 9  քմ տարածքում բակտերիաների առկայությունը (բակտերիաներ, տուբերկուլյոզի հարուցիչներ, ախտածին սնկեր), որոնք մեծ խնդիր են այսօր բուժման գործում, հեռացնում է դեպի օդափոխման համակարգ, ստեղծվում է «վարագույր»։ Վիրահատական դաշտը, աշխատակազմը  և վիրահատական սարքավորումները լրիվ ընդգրկվում են դրա մեջ և մենք ստանում ենք 99-100 տոկոս ստերիլ միջավայր և այդ միջավայրում վերքերի թարախակալման, վերքերի երկրորդային ինֆեկցիայի մակարդակը մոտենում է 0-ի»։

Այստեղ հնարավոր է հիվանդի վիճակի շուրջօրյա վերահսկողություն, խանգարող լարերը բացառված են, միկրոմակարդակում վիրահատությունները՝ հնարավոր։ Արմեն Մուրադյան․

«Առաջին հիվանդանոցը սկսել է վիրաբուժությունը 100 տարի առաջ և կարծես մի պահ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ այս հիվանդանոցը դժվար էր կոչել հիվանդանոց։ Մենք ստեղծեցինք վերականգանողական կենտրոն, հիմա նա համալրվեց ու դարձավ ամբողջական, և այս վիրահատարանները կարծես պսակեցին այս շենքը որպես նրա գլուխգործոց»։

Հիմնանորոգված տարածքը 500 քառակուսի մետր է։ Առաջին վիրահատության օրը դեռ նշանակված չէ։ Օրենքով սահմանված կարգով կստանան լիցենզիան և կսկսեն վիրավոր զինվորների կյանքը հենց Զինվորի տանը փրկելու կամ բարելավելու գործը։

Back to top button