ԿարևորՀասարակություն

Երևանը մեր ներկան է ու ապագան․ մայրաքաղաքը նոր փոխքաղաքապետ ունի

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընտրվել է Երևանի փոխքաղաքապետ։ Երևանը միայն անցյալը չէ, այն մեր ներկան է ու ապագան՝  ընտրությունից հետո  ասել է նոր փոխքաղաքապետը, հավաստիացրել, որ իր համար մեծագույն պատիվ է ծառայել քաղաքին ու երևանցիներին։ Տիգրան Ավինյանը  փոխքաղաքապետ է ընտրվել  44 «կողմ» ձայնով։ Կողմ  են քվեարկել թե ընդդիմադիր, թե իշխանական ֆրակցիաները։                                        

Երևանը նոր փոխքաղաքապետ ունի։ 44 կողմ ձայնով քաղաքապետի տեղակալ ընտրվեց նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա հավաստիացրեց, որ քաղաքացիների ու ավագանու հետ աշխատելու է ուղիղ շփումներով.

«Մեծ աշխատանքը դեռ առջևում է, քանի որ քաղաքապը ունի նոր տեխնոլոգիական և համակարգային լուծումների կարիք։ Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք։ Չի կարող մեկի անհատական շահը, իր բակում կառուցվելիք ավտոտնակը ավելի կարևոր լինել, քան երեխաների խաղը բարեկարգ խաղահրապարակում։ Չի կարող մեկը շինարարությունն ավելի բարեկարգ լինել, քան քաղաքի ճարտարապետական տեսքը։ Եվ քաղաքի հաշվին ընկերներին, ծանոթներին լավություններ անել պետք չէ։

Ավագանու անդամ Տիգրան Գալստանը Ավինյանից հետաքրքրվեց՝ ինչպես է պատկերացնում քաղաքի առաջ ծառացած խնդիրների լուծումը  քաղաքապետարանի համեստ բյուջեով։ Ավինյանը կարծում է, որ  եկամուտների հավաքագրման մեխանիզմը պետք է վերանայվի։ Ինչ վերաբերում է կառավարությունում իր փորձին, քաղաքապետարանը դրանից միայն շահելու է՝ հավաստիացնում է նոր փոխքաղաքապետը։

«Այդ առումով վստահեցնում եմ, մենք մի նոր զինվոր ունենք քաղաքպետարանում, որը երկար ժամանակ աշխատել է բոլոր այդ մարմինների հետ, հասկանում է նրանց մտավախությւոնները, լավ ու վատ կողմերը։ Վստահեցնում եմ, որ մեր աշխատանքը կառավարության և այլ մարմինների հետ բարելավվելու է»։

Տիգրան Ավինյանը համակարգելու է թաղապետերի և կառավարության հետ աշխատանքը, շինբարեկարգման, կանաչապատման, մշակույթի ոլորտներում քաղաքային իշխանությունների գործունեությունը։ Հաշվի առնելով փոխքաղաքապետի համակարգման ոլորտները՝ ավագանու անդամ Լևոն Զաքարյանը միանգամից  հետաքրքվեց  «թարմ» հարցի շուրջ նոր փոխքաղաքապետի դիրքորոշմամբ․  ինչպես է պատկերացնում քաղաքացիների անվտանգությունը, եթե նախօրեին ուժեղ քամուց տապալվել էր 50 ծառ, նաև դպրոցի տանիքներ էին քանդվել։

«Չի կարող առնվազն նման քամուց 21 թվականին շահագործման հանձնված դպրոցի տանիք քանդվի, կամ 50 ծառ արմատախիլ արվի։ Լավ է, որ  մարդկային կյանքերի ոչ մի խնդիր չենք ունեցել։ Ես մասնավոր դեպք եմ ասում։ Հայտնի նկարի քաղաքացին որ դիմել է, այդ բնակիչները մի քանի անգամ դիմել են այդ ծառի համար։իրենք դա համարել են վտանգավոր։ Պետք է ուսումնասիրվի ու նախօրոք հատվի այդ ծառերը, եթե դրանք շրջվելու ենթակա են»։

Նախ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մանրամասնեց՝  տապալված ծառերը հին են  և ենթակա են հատման, ինչն էլ այժմ արվում է։

«Այդ պրակտիկան ունենք այժմ։ Կոնկրետ դեպքով չեմ կարող պատասխանել, եթե քաղաքացին դիմել են, ինչու արձագանք չի եղել»։

Փոխքաղաքապետի կարգավիճակում Տիգրան Ավինյանի առաջին դիտարկումներն էլ չուշացան, առավել ևս որ հարցը հենց կանաչապատմանն ու շինբարեկարգմանն էր վերաբերում.

«Ես միանշանակ համաձայն եմ՝ չի կարող 2021 թվականին կառուցված դպրոցի տանիքըքամին քշի տանի։ Նշանակում է՝ այդտեղ խնդիր կա։ Բայց ընդհանուր առմամբ՝ մենք այս պահին ունենք 120 3-րդ և 4-րդ կարգի վթարային շենքեր։ Եվ մինչ օրս քաղաքաշինության վարչություն են գնում մարդիկ, ովքեր ուզում են Երևանի կենտրոնի բակում 23 հարկանի շենք կառուցել։ 120 շենք կան, որ վթարային են։ Եկեք նախ դրանց անդրադառնանք, էդ ժողովրդին տեղավեորենք։ Այս ուղղության վրա պետք է կենտրոնացնենք մեր շինարարների ուղղությունը։ Ինչ վերաբերում է ծառերին, կարծում եմ առանձին խոսակցություն է, որը պարոն Բեգոյանի հետ դեռ կունենանք»։

Ինչ վերաբերում է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում վնասված շենքին, Ավինյանը արդեն լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ որոշակի փոխգործակցության խնդիրներ կան, և ինքը հենց այդ դրա մակարդակը բարձրացնելու համար է այստեղ։ Անդրադառնալով իր առաջիկա անելիքներին՝ Ավինյանն ասաց, որ վերանայվելու են  հրավառությունների մասին գործող կարգավորումները։ Առաջնային խնդիրներից է հատկապես ապաստարանների հարցը։ Թաղապետերի հետ արդեն ինտենսիվորեն աշխատում են ապաստարանների վիճակը գնահատելու և այդ շենքի բնակիչներին առնվազն տեղեկացնելու, թե որտեղ է իրենց ապաստարանը և ինչով պետք է կահավորվի։

Ի դեպ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ այս տարվա մարտին էր հայտարարել, որ Ավինյանն է Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն: Քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու իր մտադրությունը չի թաքցնում նաև նոր փոխքաղաքապետը։ Դեռ մեկ ամիս առաջ Սուրմալուի պայթյունից հետո այդ տարածք այցելելով նա նշել էր, որ եկել է որպես ՔՊ–ի քաղաքապետի թեկնածու։

Back to top button