ԿարևորՀասարակություն

«Սումալու»–ի տարածքը մաքրելու համար սպասում են քաղաքապետարանի թույլտվությանը

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհեր ունեցած ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց։ Իսկ որ տարածքում գործունեություն ծավալած տնտեսվարողները  փոխհատուցում չեն ստանա, հայտնի էր դարձել ավելի վաղ։ Էկոնոմիկայի նախարարը նշել էր գույքի ու տարածքի ապահովագրված չլինելու հանգամանքը։ Թե երբ կմաքրվի Սուրմալուի տարածքը, դեռ պարզ չէ, բայց  երեկ նորից փլուզման դեպք էր արձանագրվել։ Բարեբախտաբար ծանր վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։

Քույրեր Մարինե ու Մերի Փարսադանյաններն օգոստոսի 14–ին ամեն օրվա պես իրենց աշխատավայրում էին՝ «Փեթակ» առևտրի կենտրոնում։ Փայթյունի ժամանակ Սուրմալուի պահեստից ապրանք էին տեղափոխում, բայց չհասցրին։ Պայթյունից վնասվածնքներ ստացան, տեղափոխվեցին հիվանդանոց։  Մի քանի օր  անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տուն տեղափոխվեցին՝ «Ռադիոլուրին» պատմում է քույրերից Մերի Փարսադանյանը։

«Ճանապարհի վրա հենց պայթյունը եղավ, ու հայտնվեցինք փլատակների տակ։ Իմ գլուխն է վնասվել, 4 կար են տվել և քրոջս ոտքն է վնասվել։ Երկու օր պառկել ենք հիվանդանոցում, հետո վիրակապերով դուրս ենք գրվել։ Հիմա էլ գնում ենք վիրակապության»։

Օգոստոսի 14–ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի, այդ թվում գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց աջակցելու որոշումը հաստատվել է կառավարության նիստում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է աջակցությունը միանվագ դրամական օգնության ձևով տրամադրել։ Նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասնում է, թե ովքեր ու ինչպես են օգտվելու աջակցությունից։  

«Հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում աջակցությունը կլինի 150 000 դրամի չափով, հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.000 դրամի չափով, զոհված անձանց ընտանիքների դեպքում յուրաքանչյուր զոհվածի համար կտրամադրվի 3.000.000 դրամի չափով»։

Տուժածներին հիվանդանոցային բուժօգնությունը տրամադրվել է անվճար։ Սա, ըստ էության, ոչ թե ծախսերի փոխհատուցում, այլ  սոցիալական աջակցություն է։

Ինչ վերաբերում է տնտեսական վնասների փոխհատուցմանը, ապա կառավարությունն ավելի վաղ էր հայտարարել, որ  չի փոխհատուցի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողների կրած վնասը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ օգոստոսին հայտարարել էր, որ  կառավարությունը չի կարող իր վրա վերցնել և փոխհատուցել այն ծախսը, որը ապահովագրական ընկերությանն է։   «Եթե գործարարն այդ ռիսկը մեծ չի համարել, ապա Կառավարությունն այստեղ անելիք չունի», – ասել էր Քերոբյանը։

Երեկ ուժգին քամու հետևանքով Սուրմալուում նորից փլուզման դեպք արձանգրվեց։ Եռահարկ կիսափլուզված շինության աջակողմյան պատը մասնակի փլուզվեց։ Պատի անմիջապես հարևանությամբ գտվող երկու տրանսպորտային միջոցները մնացին  փլատակների տակ։ Փլուզումից  երեք քաղաքացի է տուժել, նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոններ՝ տուժածների վիճակը ներկայացնելով ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ունեինք երեք տուժած անձ։ Երկուսը դուրս են գրվել, մեկի վիճակը գնահատվում է բավարար։ Ստացիոնար բուժման մեջ է,  ապաքինման ընթացքով»։

«Սուրմալու»–ի  փլուզված հատվածում այժմ մաքրման աշխատանքներ են ընթանում՝ ասում է ԱԻՆ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը, փոխվարչապետ Համբարձում  Մաթևոսյանը տեղեկացնում է, որ համագործակցում են սեփականատերերի հետ։

 «Սեփականատերերի հետ քննարկումներ են գնում, խնդրում եմ աշխատանքներին հետևողականորեն լինել, որպեսզի սահմանազատված հատվածում մենք նման այլ դեպք չարձանագրենք»։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկեց տարածքը մաքրել կամ սեփականատիրոջ միջոցներով, կամ դա իրականացնել  քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ապա փոխհատուցել  սեփականատիրոջ միջոցներից։

«Այդ կառույցի հետ կապված ես առաջարկում եմ շատ արագ քաղաքապետի կողմից  քանդման թույլտվություն տրվի և մաքրվի այդ տարածքը»։

Փոխվարչապետն արձանագրեց, որ տարածքում դեռ նախաքննական  աշխատանքներ են ընթանում՝ հույս հայտնելով, որ մինչև տարածքի մաքրումը նոր դեպքեր  չեն արձանագրվի։

Back to top button