Դպրություն

ՆԶՊ–ի դասավանդումը՝ պարտադիր․ ի՞նչ պետք է իմանա ապագա զինվորը․ «Դպրություն»

Նախնական զինվորական պատրաստություն  առարկայի դասավանդումը համապետական կարևորագույն խնդիր է։ Առարկայի դասավանդման ոլորտում տիրող իրավիճակի, դպրոց-զորամաս  համագործակցության մակարդակի, առկա  խնդիրների, դրանց պատճառների, ինչպես նաև զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների մասին են խոսում Երևանի տարբեր դպրոցների ու տարբեր սերունդների զինվորական ղեկավարներն ու աշակերտները։

Մանուկ Աբեղյանի անվան համար 3 ավագ դպրոցի աշակերտուհիներ Անահիտը և Մարինան կարևորում են ՆԶՊ առարկան, քանի որ այն սերմանում է հայրենասիրություն, տալիս ռազմական գիտելիքներ, հմտություններ,  որոնց այսօր խիստ անհրաժեշտ է տիրապետել։ Իսկ Ջուլիանա Նազարյանն ավելացնում է․ «Ես մտածում եմ, որ դպրոցական առարկաների մեջ ռազմագիտությունը շատ կարևոր է, պետք է այն լավ ուսումնասիրել, որովհետև հետագայում մեզնից յուրաքանչյուրը պետք է ծառայի հայրենիքին, լծվի նրա պաշտպանության սրբազան գործին»։

«Գործնական պարապմունքների շնորհիվ աշակերտները ավելի մեծ հետաքրքրություն կցուցաբերեն առարկայի հանդեպ։Վերջին տարիներին՝ տարբեր պատճառներով, բավականին հետընթաց ապրեց ռազմագիտություն առարկայի որակական մասը։            

Դպրոցում կա հրաձգարան, որտեղ հրաձգության հնարավորություն կա  միայն կապարամանրահատիկ օդամղիչ հրացանով։ Այստեղ արդյունքները բավականին լավ են, հատկապես աղջիկների մոտ»,– ասում է Մանուկ Աբեղյանի անվան համար 3 ավագ դպրոցի զինղեկ՝ փոխգնդապետ Վլադիկ   Հակոբյանը։

«Այսօր, այս պայմաններում, ՆԶՊ առարկան դասավանդվող ամենակարևոր առարկաներից մեկն է։ Երեխաները շատ լավ են հասկանում, որ առանց նախնական զինվորական պատրաստության, առանց գիտելիքների դժվար է գոյատևել։ Այն առումով կարևորում եմ դասագրքերի վերանայման հարցը։ Պետք է դասագիրքը  դարձնել ավելի ժամանակակից, ավելի պատկերազարդ։

ՆԶՊ առարկայի մեջ կա արտակարգ իրավիճակներ բաժինը։ Սա արդեն ուսուցանվում է ավելի ցածր դասարաններից։ Ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ արտակարգ իրավիճակների հետ կապված։

ՆԶՊ առարկայի ուսուցման ընթացքում կարևորում եմ գործնական մասը։ Եվ մի խնդիր եմ ուզում շեշտել՝ կապված դպրոցում զինվորական ղեկավարների համազգեստի հետ։ Շատ լավ կլինի, որ զինղեկները ունենան տարբերվող համազգեստ, որ քաղաքացիական հագուստով չմտնեն դասարան, որովհետև դա կանոնադրությամբ արդեն իսկ ճիշտ չէ և ոչ մի ՊՆ նախարար այդպես էլ համազգեստ չտրամադրեց»,– ասում է Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 հիմնական դպրոցի զինղեկ՝ փոխգնդապետ Արայիկ Ոսկանյանը։                                                                              

ՀՀ ԶՈՒ խնդիրների, առանձնահատկությունների և նշանակության, հայոց բանակի պատմական ավանդույթների, այսօրվա զենքի ու ռազմական տեխնիկայի, կանոնադրությունների և արարողակարգերի մասին վաղվա զինվորներն իմանում են հենց աշակերտական նստարանից, և առաջին տպավորությունն էլ վճռորոշ է լինում:

«Մենք աշխարհագրական դիրքով այնպիսի տարածաշրջանում ենք, որ պարզապես անհրաժեշտ է, որ բոլորը տիրապետեն զինվորական պատրաստությանը։ Իսկ ՆԶՊ առարկան, առավել ևս ավագ դպրոցում, տալիս է հնարավորություն  բարձր մակարդակով ուսուցանելու նախնական զինվորական պատրաստություն։ Դպրոցն ավարտելուն պես մեր աշակերտները մեկնում են զինվորական ծառայության։ Նրանք պետք է պատրաստ լինեն, որոշակի գիտելիքներ ունենան, որ բանակում իրենց ծառայությունը ավելի հեշտ լինի։                                                                                         

Վահե Մանուկյան

Ուսուցման գործընթացը լիարժեք իրականացնելու համար կան խոչընդոտող որոշակի մանր խնդիրներ, բայց դպրոցում առավելագույնն է արված, որ աշակերտը հնարավորություն ունենա տիրապետելու զինվորական գործին։                                                                                                                      

 Եթե աշակերտը դպրոցական նյութը գոնե 70–80 % յուրացնի, շատ հեշտ իր ծառայությունը կշարունակի արդեն պարտադիր ժամկետային զինծառայության ընթացքում։ «Բոլո՛րս և մի՛շտ պետք է պատրաստ լինենք մարտահրավերներին դիմակայելու»,– ասում է Գևորգ Էմինի անվան համար 182 ավագ դպրոցի զինղեկ՝ ավագ լեյտենանտ Վահե Մանուկյանը։

Back to top button