ԿարևորՀասարակություն

Յոթ տարի լուսանցքում. Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքը Մեծամորում մի կերպ է դիմակայում մարտահրավերներին

Արդեն 7 տարի Արմավիրի  հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը  վարձակալությամբ տեղակայվել է «Մեծամոր» բժշկական կենտրոնի մի մասնաշենքում, որտեղ չկան բաժանմունքի համար սահմանված չափորոշիչներին համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ, գույք ու անկողին: Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի տիպային շենքի վերանորոգումը տարիներ առաջ սկսվել ու կիսատ է մնացել: Այս տարի նախատեսվում է այն վերակառուցել պետական բյուջեի միջոցներով: Շինարարության մրցույթը կայացել է. վերանորոգումը  կարժենա շուրջ 150 մլն դրամ։

Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը 2015թ-ից  տեղափոխվել  և վարձակալությամբ ծվարել է Մեծամորի հիվանդանոցի մի մասնաշենքում, որտեղ ոչ միայն ինֆեկցիոն բաժանմունքի, այլև ընդհանրապես հիվանդանոցային բավարար պայմաններ չկան:

«Սա ինֆեկցիոն բաժանմունքի նման չի, ոչ մի նորմալ հարմարություն չկա՝ ո՛չ կումունալ, ո՛չ անկողին: Երեխաների հիգիենան  մի կերպ ենք պահում՝ թաց անձեռոցիկներով և խոհանոցի էլեկտրական պլիտայի վրա ջուր տաքացնելով»:

«Արդեն կգնամ-կգամ, էլ չեմ մնա: Եթե հնարավորություն լիներ, կմնայի, եթե չկա՝ ավելի լավ է տուն գնամ-գամ»:

Տանը գիշերող հիվանդները ցերեկային ստացիոնար բուժում ստացողներն են: Ինֆեկցիոն բաժանմունքը ստիպված է այս քայլին դիմել, քանի որ 20 մահճակալ ունեն, իսկ հիվանդների թիվն ամռանը հասել է 50-ի:  Բաժանմունքում կոյուղու և խմելու ջրի խողովակները վնասված են, բոլորն օգտվում են ընդհանուր սանհանգույցից, նույն լվացարանից և խոհանոցի միակ փոքր ու անհարմարավետ սառնարանից: Մինչդեռ, ինֆեկցիոն բաժանմունքում պետք է բացառվի հիվանդների շփումը: Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Հովսեփյանն ասում է՝ հիվանդների հետ մի կերպ հաղթահարում են դժվարությունները։

«Դժվարություններից մեկն այն է, որ բաժանմունքում հերթապահություն չկա և հիվանդները  գիշերային ժամերին ու շաբաթ-կիրակի օրերին մնում են առանց բժշկի հսկողության: Հիվանդների գործիքային հետազոտություններն ու բժիշկների խորհրդատվությունն Արմավիրի հիվանդանոցում է կատարվում, իսկ անալիզներն աշխատողներն են տեղափոխում»:

Բաժանմունքն այս պայմաններում գործում է  արդեն 7 տարի: Հիվանդները հոգում են նաև տրանսպորտային ծախսերը: Միայն ծանր դեպքերում են շտապօգնության մեքենայով Մեծամորից  հասցնում Արմավիր։

«Եթե հիվանդի առողջական վիճակը վատանում է, անհրաժեշտության դեպքում մենք շտապօգնության մեքենա ենք հրավիրում, հիվանդին տեղափոխում ենք Արմավիրի հիվանդանոց, ընդունարանում  անհետաձգելի բուժօգնություն է ցուցաբերվում և վիճակի լավացման դեպքում նորից տեղափոխում Մեծամոր»:

Արմավիրի հիվանդանոցում  ինֆեկցիոն բաժանմունքը մինչև 2015 թվականը գործել է առանձին մասնաշենքում:  Ըստ նախագծի՝ այն հիմնանորոգվելու էր պահանջվող չափորոշիչներին համապատասխան, բայց վերանորոգվեց միայն տանիքը, ու շենքը մատնվեց անուշադրության: «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Հարությունյանն մտադրվել է ինֆեկցիոն բաժանմունքը Մեծամորից տեղափոխել հայրական տուն։

«Ուղղակի այլ  է խնդիրը. ինֆեկցիոն բաժանմունքն ունի իր առանձնահատկությունները, սահմանված կարգը մեր ունեցած հնարավոր տարածքների մեջ  սահմանափակումներ է մտցնում և մեզ մտածելու տեղիք է տալիս, թե որտեղ տեղակայենք, թեկուզ՝ ժամանակավորապես»:

Գլխավոր բժշկի ժամանակավոր պաշտոնակատարն ասում է՝ հետամուտ է լինելու ինֆեկցիոն բաժանմունքի տիպային կառույցի հիմնանորոգման աշխատանքներին: Նախագծային-նախահաշվային հին փաստաթղթերը գզրոցից դուրս են բերվել, վերափոխվել ու շինարարության մրցույթ  է հայտարարվել: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշում է, որ ինֆեկցիոն բաժանմունքի տիպային նոր շենքը կկառուցվի պետական բյուջեի միջոցներով։

«Մրցույթը կայացել է, շինարարության արժեքը մոտ 150 մլն դրամ է: Պայմանագիրը կնքելուց հետո շինարարությունը կսկսվի: Շենքն ամբողջությամբ հիմնանորոգվելու է, նախագծով նախատեսվել է նաև հարակից բակի՝ սպասարկման գոտու, բարեկարգում, կառուցվելու է սեպտիկ հոր»:

Շինարարության պատվիրատուն, ըստ մարզպետի, կլինի առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակը: Էդվարդ Հովհաննիսյանն ասում է, որ շինարարությունը երկար կտևի, իսկ մինչ այդ որոշել են ինֆեկցիոն բաժանմունքը տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոնի  տարածք, որտեղ հիվանդանոցի ու բարերարների միջոցներով այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։

«Նախնական արդեն քննարկել ենք. Վերանորոգումից հետո,  եթե շենքային պայմանները բավարարեն  առողջապահության նախարարության կողմից լիցենզիա տրամադրելու չափորոշիչներին, հնարավոր է ժամանակավորապես ինֆեկցիոն բաժանմունքը տեղափոխենք Արմավիրի հիվանդանոց, մինչև կավարտենք հիմնական շենքի վերակառուցումը»:

Ինֆեկցիոն բաժանմունքը ժամանակավորապես  Արմավիրի հիվանդանոց տեղափոխել– չտեղափոխելու վերջանական  որոշումը առողջապահության նախարարությանն է։

Back to top button