ԿարևորՀասարակություն

Մոսկվայից Երևան՝ 1 միլիոն դրամով․ ավիաընկերությունները դիտարկում են չվերթերն ավելացնելու հարցը

Հայկական «FLY ONE» ավիաընկերությունը դիտարկում է ռուսական տարբեր քաղաքներից դեպի Երևան լրացուցիչ չվերթեր ավելացնելու հարցը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։ Ըստ նրա՝ վերջին 2 օրվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի պահանջարկը մի քանի անգամ ավելացել է, լրացուցիչ չվերթերը կարող են լուծել այս խնդիրը։ Դեպի Հայաստան թռիչքներն ավելացնելու մասին է հայտնել նաև ռուսական «Azimuth» ավիաընկերությունը։ Պահանջարկի աճի հետ մեկտեղ թռիչքաձև աճել են նաև ավիատոմսերի գները․ այսօր, օրինակ, Մոսկվա–Երևան ուղղությամբ ավիատոմս կարելի է գնել մինչև անգամ 1 միլիոն դրամով։ Այս  ուղղությունը մի քանի անգամ ավելի պահանջված դարձավ սեպտեմբերի 21-ից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում մասնակի զորահավաք հայտարարելու մասին հայտարարություն արեց։ «Ռադիոլուրն» այսօր եղել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում զրուցել Ռուսաստանից Երևան ժամանող հայերի ու ռուսների հետ։

«Ընտրության մեծ հնարավորություն չունեի, պարզապես բնազդաբար տոմս գնեցի ու եկա Հայաստան»։

Վովան ազգությամբ հայ է, բայց ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, հայրենիք գալ որոշել է մի քանի օր առաջ, երբ Ռուսաստանում զորահավաք իրականացնելու մասին  պարզապես խոսակցություններ էին պտտվում։

«Դեռ անորոշության մեջ եմ․ դուք էլ հասկանում եք՝ եկել եմ անվտանգ լինելու համար։ Այստեղ բարեկամներ գրեթե չունեմ, աշխատանքս հեռավար է, կփորձեմ այստեղից աշխատել»,– պատմում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։

Ինչքան կմնա Հայաստանում՝ Վովան դեռ չգիտի։ «Ռադիոլուրի» հետ զրույցի պահին ընդամենը մի քանի րոպե առաջ էր ինքնաթիռը վայրէջք կատարել Երևանում։ Պատմում է՝ Մոսկվայում թե՛ հայ թե՛ ռուս ծանոթներ ունի, որոնք նույնպես մտադիր են առաջիկա օրերին Հայաստան տեղափոխվել։

«Ասում էին, որ առաջիկա օրերի բոլոր ավիատոմսերը վաճառված են։ Իհարկե, կան նաև մարդիկ, որոնց ստեղծված իրավիճակը չի անհանգստացնում, իրենք իրենց կյանքով գոհ ու երջանիկ ապրում են, ես նույնիսկ նախանձեցի նրանց»։

«Ռադիոլուրի» մյուս զրուցակիցները ռուսաստանյան տրամադրությունները տխուր ու անորոշ են որակում։

«Վիճակը շատ վատ է ես էլ երիտասարդ տղա ունեմ․ բոլորն էլ իրենց երեխաների համար վախենում են»

«Ես եկել եմ աշխատանքի համար, բայց տրամադրությունները Ռուսաստանում շատ տխուր են, ընկերներս դեռ շոկի մեջ են առայժմ կտրուկ քայլեր չեն ձեռնարկում»։

Մոսկվա–Երևան ավիատոմսը «Ռադիոլուրի» զրուցակիցը 3 օր առաջ է գնել 107 հազար դրամով, մինչդեռ այսօր արդեն տոմսերի արժեքը գերազանցում է 1 մլն դրամը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ միայն այսօր ՌԴ մի քանի քաղաքներից դեպի Երևան շուրջ 3 տասնյակ չվերթ կա, ընդ որում՝ դրանցից 15–ը մայրաքաղաք Մոսկվայից։ Ռուսական ընկերությունների հետ ՌԴ–ից Երևան ավիափոխադրում իրականացնում են նաև հայկական «FLY ONE» և «ARMENIA» ավիաընկերությունները։ «FLY ONE» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ ռուսական քաղաքներից դեպի Երևան ուղղության պահանջարկը վերջին մի քանի օրերի ընթացքում մի քանի անգամ  աճել է ու ազդել ավիատոմսերի գնի վրա։

«Մենք պահանջարկը որոշակի առումով բավարարելու համար կփորձենք լրացուցիչ չվերթեր ավելացնել և անել հնարավորը հավասարակշռությունը ապահովելու համար։ Ավիատոմսերի գները շատ արագ են փոփոխվում, նույնիսկ ժամերը ընթացքում արժեքը կարող է զգալի փոփոխվել։ Գնային փոփոխությունը տարբեր գործոններից է կախված և ոչ բոլոր գործոններն են ավիաընկերությունից կախված»,– ասում է Արամ Անանյանը։

։ «FLY ONE» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյան

Առաջիկա 1-2 օրվա համար «FLY ONE» ավիաընկերության ավիատոմսերն արդեն սպառվել են․ Մոսկվա–Երևան ավիատոմս հնարավոր է ձեռք բերել միայն ամսի 24-ի համար՝ 1 միլիոն 200 հազար դրամով։ Ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք՝ Սանկտ Պետերբուրգից Երևան ավիատոմսեր կան միայն ամսի 29-ից հետո՝ շուրջ 400 հազար դրամ արժեքով։ Գրեթե նույն արժեքն ունեն նաև հայկական «Armenia» ավիաընկերության Մոսկվա–Երևան ավիատոմսերը։ Նոյեմբերի 1–ից հետո է տոմսերի գինն արդեն 100 հազար դրամի շրջակայքում է։

Ռուսաստանում պահանջված են նաև տարածաշրջանային մյուս ուղղությունները։ Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը Մոսկվայից Թուրքիա և Հայաստան նոր չվերթեր է ավելացրել։ Լրացուցիչ թռիչքների մասին փոխադրողը հայտարարել է իր տելեգրամյան ալիքում։ Նշվել է, որ թռիչքները նախատեսված են սեպտեմբերի 27-ին, 28-ին և հոկտեմբերի 1-ին։ Մոսկվայից Երևան չվերթները տեղի կունենան սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 1-ին։ Տոմսի արժեքը սկսվում է մեկ ուղղությամբ 624 հազար դրամից։ Մինչդեռ Ռուսաստանի մայրաքաղաքից Ստամբուլ թռիչքն իրականացվելու է սեպտեմբերի 28-ին։ Ավիատոմսերի գինը սկսվում է մեկ ուղղությամբ 410 հազար դրամից։

Ավիացիոն աժիոտաժն սկսվեց սեպտեմբերի 21-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինը հայտարարեց մասնակի զորահավաքի մասին։ Կզորակոչվի շուրջ 300 հազար պահեստազորային, որը ՌԴ պահեստազորային պոտենցիալի 1 տոկոսն է՝ հայտարարեց ՌԴ նախագահը։ Թե Ռուսաստանի  ավելի քան 2 միլիոնանոց հայկական համայնքում զորակոչի ենթակա քանի հայ կա, հստակ չէ , ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը կարող է 170 հազարի հասնել։

Back to top button