ԿարևորՀասարակություն

Թշնամին թիրախավորում է անտառները, որ վնասն անդառնալի լինիբնապահպան

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից արձակված կրակի հետևանքով հրդեհվել են Ջերմուկի անտառները։ Ինչպես հաղորդում են շրջակա միջավայրի նախարարությունից՝ հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի «Ջերմուկ» անտառային տնտեսությանը՝ վտանգելով 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությունը: Այս տարածքների բույսերից ու կենդանիներից շատերը գրանցված են Կարմիր գրքում։ Մասնագետները փաստում են՝ Ջերմուկի անտառներին հասցված վնասն անդառնելի է լինելու։

Ջերմուկի անտառներում դեռ ծխացող օջախներ կան։ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը դեռ ուսումնասիրվում է։ Զննվել է շուրջ 7 հեկտար անտառային տարածք։  Հրդեհները մեծ վնաս են հասցրել «Ջերմուկ» անտառային տնտեսությանը և ոչ միայն՝ լուրջ խնդիրներ ստեղծելով  բույսերի և կենդանատեսակների վերացման համար: Տվյալ տարածքում անտառային հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը: Մինչդեռ մինչև ռազմական գործողությունները իրականացված վերջին մոնիթորինգի տվյալները  բավականին գոհացնող էին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է  շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը․

«Մոնիթորինգային վերջին տվյալներով մենք շատ դրական, լավ ցուցանիշ ունեինք այդ հատվածում։ Այդտեղ հանդիպում էին ընձառյուծ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գոշ արջ, ինչպես նաև բազմաթիվ թռչնատեսակներ։ Պատերազմը շատ մեծ վտանգ է հենց այս բարձրարժեք տեսակների պահպանության տեսանկյունից և առաջին հերթին վնասում է այստեղ բնակվող այդ տեսակների ապրելավայրերը»։

Բնապահպան Նազելի Վարդանյանը նույն ձեռագիրն է տեսնում։ Արցախում էլ կոնկրետ անտառային տարածքներ էին թիրախավորվում։ Բնապահպանական վնասները շատ ավելի դժվար վերականգնվող են և թշնամին դա լավ գիտի․

«Կոնկրետ անտառներն են թիրախավորում։ Թե 2020 թվականի պատերազմում, թե հիմա մտածում են, որ բնակչությունը և զինվորականները պատսպարվում են անտառներում։ Բացի դրանից՝ նպատակ ունեն բնապահպանական վնաս պատճառել, որովհետև եթե տնտեսական վնասը ինչ-որ շենք է քանդում, կարելի է շատ արագ վերականգնել, իսկ բնապահպանական վնասի վերականգնման համար տասնամյակներ և հարյուրամյակներ են պետք։ Թիրախային ռմբակոծում էին Ամուլսարը և Կեչուտի ջրմաբարը։ Երկու ռումբ ընկել է հենց ջրամբարի վրա։ Բարեբախտաբար պատվարին ոչ մի բան չի եղել։ Սա իրոք մեծ վնաս է բնապահպանությանը, որը պետք է հաշվարկվի, և մեր բոլոր վնասների համար մենք պետք է պահանջ ներկայացնենք հարևան երկրին, որովհետև անպատիժ մնացած ամեն մի գործողություն նոր հանցագործություններ է ծնում»։

Փոքր և մեծ վնասներ չկան։ Շրջակա միջավայրին հասցված ցանկացած վնաս մեծ ազդեցություն ունի էկո համակարգի վրա։ Դա միայն ծառի այրվելը չէ, Ջերմուկը նաև արգելավայր է, որտեղ կենդանական և բուսական աշխարհի հազվագյուտ տեսակներ կան․

«Ժամանակին, երբ ասում էինք Ամուլսարում չի կարելի ունենալ 100 մլն տոննա տարողությամբ ցիանիդային հարթակ, սա ապացուցում է։ Իրենք թիրախային խփում էին Ամուլսարին։  Եթե այդտեղ այդ հարթակը լիներ, պատկերացնում եք, թե ինչ կարող էր լինել։ Բարեբախտաբար ջերմուկցիներին հաջողվեց խոչընդոտել, շինարարությունը չավարտվեց, և հարթակն այդտեղ չկառուցվեց»։

Կեչուտի ջրամբարի դեպքում ևս վնասը կարող էր աղետալի լինել, նկատում է զրուցակիցս․

«Իրենք երևի թիրախավորում էին պատվարը։ Եթե պատվարը վնասվեր, ամբողջ Վայոց Ձորի բնակավայրերը վնասվելու էին, ամբողջը քշելու էր, տաներ Արաքսը լցներ։ Այս բոլոր բնակավայրերը փաստորեն աղետի առաջ էին կանգնել»։

Բնապահպանական ամբողջ վնասը դեռ պետք է գնահատվի: Հատուկ ուսումնասիրություններ են  անհրաժեշտ ռազմական գործողությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունները գնահատելու համար՝ ասում է շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը․

«Այդ հատվածներում ամբողջությամբ վերացված չէ վտանգը։ Այդ պատճառով ստույգ գնահատում և հաշվարկի կոնկրետ չափ չենք կարող ասել, բայց կարող ենք ասել, որ այստեղ աճող բարձրարժեք տեսակները ինչպիսին գիհին է, վայրի տանձի էնդեմիկ տեսակներն են, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը և Կարմիր գրքի այլ տեսակներ, բնակմիջավայրեր են և լուրջ վնասներ են կրել»։

Նախարարությունն արդեն իսկ համապատասխան գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ ևս մեկ անգամ ուշադրություն  հրավիրելով Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։

Back to top button