ԿարևորՀասարակություն

Ավելի քան 100 կմ՝ երկու տարում․ Հյուսիս–հարավի կառուցման աշխատանքներն ակտիվացել են

Մինչև տարեվերջ կառավարությունը ծրագրում է  ընտրել այն կազմակերպությանը,  որը հաջորդ տարի կիրականացնի Հյուսիս–հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան 60կմ երկարությամբ  ճանապարհահատվածի շինարարությունը։ Գործադիրում հայտարարել են, որ նախորդ ու այս տարին ծրագրի ամենաակտիվ փուլերն են եղել։ Այս տարվա ավարտին  ճանապարհի ասֆալտապատված հատվածի երկարությունը կհասնի100 կիլոմետրի։ Ո՞ր փուլում է ավելի քան տասը տարի ձգվող ծրագիրը։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում գերակա շահ են ճանաչվել Արագածոտնի  և Շիրակի մարզերի 33 հողամասեր: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասնում է՝  ծրագրի իրականացումն ապահովելու, երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածք շինարարին հանձնելու  համար կառավարությունը գերակա շահ է ճանաչել Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի և Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող  հողամասերը:

Ո՞ր փուլում է ավելի քան տասը տարի ձգվող ծրագիրը։ Սանոսյանի տեղեկացմամբ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Երեւան-Աշտարակ հատվածը կառուցված է, Աշտարակ-Թալին հատվածի մի մասի՝ 8 կմ-անոց հատվածի համար մրցույթն անցկացված է։ Հաղթող ընկերությունը  հայտնի է, առաջիկայում  կսկսի աշխատանքը․

«Ունենք մրցութային գործընթաց։ Մինչև հոկտեմբերի 6–ն է մրցույթը։ Այժմ ունենք երկու խոշոր ընկերությունից դիմում, որ հայտը չեն հասցնում պատրաստել։ Խնդրում են, որ ժամկետը երկարացնենք, որպեսզի կարողանան մասնակցել։ Կդիտարկենք հայտը։  Դրանից հյուսիս, եթե գնանք, Թալին –Լանջիկ հատվածն  է , երկկողմանի ու գրեթե ամբողջովին պատրաստ է։  Նոյեմբերին ամբողջությամբ կավարտենք, նաև՝ կահավորված»։

Մյուս հատվածը Լանջիկ-Գյումրին է, որի մի  կողմի աշխատանքները՝  մինչեւ Հոռոմի խաչմերուկ ավարտված են, մյուս հատվածում շինաշխատանքներ են, եւս 10 կմ այս տարի նախատեսվում է ասֆալտապատել: Գյումրին շրջանցող եւ դեպի Բավրա հատվածների նախագծերը կան, բայց նաև ֆինանսական աղբյուրների հստակեցման կարիք կա: Երեւանից հարավ՝ Արտաշատից Սիսիան ընկած հատվածի համար նախագիծ չկա։  Գերատեսչության ղեկավարի խոսքով՝  այս պահին քննարկումներ են ընթանում։ Սիսիան-Քաջարան 60 կմ–ոց հատվածի մրցույթի առաջին փուլի արդյունքներն արդեն ամփոփվում են․

« Այս հատվածում մեր նպատակն է մինչեւ տարեվերջ ունենալ շինընկերություն, որը 2023-ին կիրականացնի շինարարությունը: Դրանից հարավ ունենք Քաջարանի թունելը, որտեղ տարբեր բանակցություններ են ընթանում ֆինանսավորման աղբյուրների շուրջ: Ունենք նաեւ 32 կմ Քաջարանից  դեպի Մեղրի հատվածը, որի համար ևս առաջիկայում մրցույթ կհայտարարենք»։

Ավելի քան տասը տարի ու ծախսված շուրջ 322 մլն դոլար․ բայց Հյուսիս-Հարավ ռազմավարական ճանապարհի կառուցման ավարտը դեռ չի նախանշվում։ Կառուցման ընթացքում տեխնիկական խնդիրներ ու լուրջ չարաշահումներ արձանագրվեցին։ 2012 թվականից մեկնարկած ճնապարահաշինական հինգ տրանշից բաղկացած ծրագրի առաջին տրանշն է միայն ավարտված։ Այն շահագործման է հանձնվել 2016 թվականին։ Տրանշ-2–ում՝ (Աշտարակ – Թալին)  իրականացված է աշխատանքների մոտ  60 տոկոսը։  Այս հատվածում  խնդիրներ են առաջացել կապալառու կազմակերպության՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա»   ընկերության հետ։ Պայմանագիրը խզված է։  Մրցույթի արդյունքներով կապալառուի հետ կկնքվի շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր: Մոտավոր հաշվարկներով այս  հատվածում աշխատանքները կավարտվեն 2024թվականին։  Տրանշ-3-ում, որն ընդգրկում է Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածները, չինական «Սինոհիդրո Քորփորեյշն»  ընկերությունն այս պահին աշխատում է։   Այստեղ  իրականացված է աշխատանքների 65 տոկոսը։ Տրանշ-4-ը ընդգրկում է ծրագրի  հարավային հատվածը։ Ձգձգման հիմնական պատճառը թերություններն էին , որոպայմանագիրը 2018–ին խզվել է։

Տնտեսագետ Գրիգոր Նազարյանը ծրագրի կարեւորության առումով վերապահում չունի։ Ասում է՝ այս պահին Հայաստանի համար կարևոր է հնարավորինս արագ բարեկարգել իր ենթակառուցվածքները, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածը։ Սակայն Նազարյանը նաեւ անհասկանալի է համարում մի շարգ դրվագներ։ 

«Ինձ համար միշտ անհասկանալի է ծրագրի կառուցման դանդաղեցումը, նախագծերի առաջին տրանշի նախապատվությունը։ Այդ հատվածում բարդ ռելիեֆ ունենք, տարիներ շարունակ դա անտեսվել է»։

Կառավարությունում հաշվարկել են՝ եթե Հյուսիս-Հարավ մայրուղին վերջապես երկրի հյուսիսը նոր ճանապարհով կապի հարավին,  գործող 550 կմ երկարությամբ ճանապարհը կկրճատվի մի քանի ժամով։ Կնվազի նաև բեռնափոխադրումների գինը։

Back to top button