ԿարևորՀասարակություն

Դիվանագիտական լայն ժպիտները բավարար չեն, Իրանը պաշտոնական արձագանքի է սպասում

Երբ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի, ապա նախագահի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանը և անվտանգությանն աջակցող ուղերձ է հղվում, ապա հարկավոր է ոչ թե դեսպանի, այլ՝ բարձրագույն իշխանության մակարդակով պատասխան արձագանքով հանդես գալ։ «Գոնե այս կոչի համար մենք պետք է կանաչ լույս վառենք»,- ասում է իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը։ 

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը շեշտում է` այսօր աշխարհում չի գտնվի մեկ այլ պետություն, որը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ  գործնական մակարդակում պատրաստ է զորավիգ լինել հարևանին։ «Դիվանագիտական լայն ժպիտներով լուռ արձագանքը որևէ հանգուցալուծման չի բերելու», -ասում է իրանագետը։  

Իրանի քաղաքական-դիվանագիտական խոսույթում երկրի  հոգևոր առաջնորդի ցանկացած հայտարարություն համարվում է Իսլամական Հանրապետության համար առաջնահերթություն և ձևավորվում  որպես թիվ մեկ կարևորության խնդիր։ Տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն չհանդուրժելու մասին հայտարարություններ հնչեցրել են Իրանի նախագահը և Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը։ 

Իրանի համար անվտանգային խնդիր է Հայաստանի հետ սահմանների անձեռնմխելիությունը` ասում է փորձագետը։ «Մենք պետք է օգտվենք ընձեռված հնարավորությունից, ուստի մեր հաջորդ քայլը պետք է լինի Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության կողմից պաշտոնական Թեհրանին ուղղված կոչը կամ հրավերը, որով Իրանը թույլտվություն կստանա սահմանների հարցում աջակցել Հայաստանին ։ Հակառակ դեպքում՝ այլևս բարոյական որևէ իրավունք չենք ունենա հարևաններին մեղադրելու»։

«Ռադիոլուրը» զրուցել է իրանագետ, Միջին Արևելքի հարցերով փորձագետ  Հարութ Արթին Առաքելյանի հետ։

Back to top button