ԿարևորՀասարակություն

Գիշյանի օրինակը քաղաքականության ցուցիչ է․ ինչպես պատժել Ադրբեջանին վայրագությունների համար

ՄԻՊ գրասենյակը վերջերս արտահերթ զեկույց  է հրապարակել  Ադրբեջանի զինված հարձակման հետեւանքների վերաբերյալ, որտեղ հավաքվել եւ ներկայացվել են փաստեր ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար ծանր աղետի մասին։ Զեկույցում փաստագրվել են այն դաժանությունները, որոնց ենթարկվել են հայ գերիները Ադրբեջանում։

ՀՀ սուվերեն տարածքի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված հումանիտար աղետը ներկայացնող  փաստերը հավաքելու նպատակով ՄԻՊ փաստահավաք խումբը աշխատել է տեղերում։  Կառույցի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանն ասում է, որ խումբը եղել է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, դիտարկել են նաև  մեդիա հարթակում առկա փաստերը։ Արձանագրում են՝ հայերը ադրբեջանական գերության մեջ ենթարկվել են դաժան վերաբերմունքի։ Հավաքված փաստերով զեկույց է կազմվել ու ներկայացվել միջազգային գործընկերներին։ Դրան կցված հավելվածով ներկայացվել են  դաժան տեսարաններն ու կտտանքները փաստող տեսանյութերը.

«Ունենք դաժան տեսարաններ, վատ վերաբերմունքի ծայրահեղ դրսեւորումներ, որոնք զեկույցում  արծարծվել եւ վերլուծվել են, դրանք եղել են մարմնի դիերի նկատմամբ խոշտանգման հանգամանքներ ունեցող փաստեր»։

Հատկապես շեշտվել են կանանց նկատմամբ դրսեւորված դաժանության դեպքերը, ՄԻՊ աշխատակիցներին օգնել են ադրբեջանագետները։ 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանն էլ նշում է, որ ռազմագերիների ու անհետ կորածների տվյալները հավաքել ու ներկայացրել են ՄԻԵԴ՝ հրատապ գանգատի ձեւով, միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով։ Արդեն 3 դիմում   ներկայացրել են.

«Բոլոր երեք դիմումներով դատարանը ստացել է եւ հարցումներ է ուղարկել Ադրբեջան՝ ժամկետ սահմանելով մինչեւ սեպտեմբերի 22-ը, Ստրասբուրգի ժամանակով ժամը 17-ը։ Պետք է տեղեկություններ տրամադրվեն գերիների կյանքի, առողջության,  պահման պայմանների վերաբերյալ»։

Մի քանի օր առաջ Բաքուն Հայաստանին հանձնեց ժամկետային զինծառայող 20-ամյա Դավիթ Գիշյանի դին, որին ծնողները տեսել էին ադրբեջանական գերության մեջ։  Այս դեպքի մասին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի  գրասենյակը  դիմել էր Եվրոպական դատարան, Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու խնդրանքով։ ՄԻԵԴ–ը մինչև սեպտեմբերի 22–ը ժամանակ էր տվել Ադրբեջանին և պարզաբանումներ էր ակնկալում, բայց այդ ընթացքում վերադարձվեց  զինծառայողի աճյունը՝ խոշտանգումների ենթարկված վիճակում.

«Ադրբեջանը, իհարկե, կփորձի ներկայացնել բացատրություն, բայց միեւնույնն է՝ խախտում կարձանագրվի։ Սակայն հարցն այն է, որ Ադրբեջանը փորձում  է նման դեպքերը օգտագործել որպես պատերազմի միջոց, պատերազմի գործիք։ Մենք տեսանք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում առաջին անգամ օգտագործվեց ագրեսոր պիտակը, թեեւ ոչ վստահաբար եւ ոչ բոլորի կողմից։ Գիշյանի օրինակը ընդհանրացնող օրինակ է եւ ցույց է տալիս Ադրբեջանի քաղաքականությունը։ Մի քանի տարուց, երբ Հաագայի դատարանում գործերը կմտնեն եզրափակիչ փուլ, միջազգային դերակատարներն ու սուբյեկտներն արդեն բացահայտ  կխոսեն, որ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ միջազգային անվտանգության համար, իսկ դա արդեն կարող է բերել լուրջ հետեւանքներ՝ տվյալ պետության համար»։ 

44-օրյա պատերազմից հետո Բաքուն հրաժարվում է կատարել անգամ Եվրոպական դատարանի կայացրած որոշումները, ինչն  առանցքային է դարձնում վերահսկողական մեխանիզմների գործարկման հարցը։ Արա Ղազարյանը նկատում է՝ ՄԻԵԴ-ը վերահսկողական մեխանիզմներ  ունի, բայց պատերազմի ակտիվ փուլում դրանք արդյունավետ չեն աշխատում։

Back to top button