Էկոսֆերա

Ջերմուկի գիհու անտառները` կորցնելու վտանգի տակ․ «Էկոսֆերա»

Պատերազմը ոչ միայն մարդկային աղետ է, այլև էկոհամակարգերի վերացման սպառնալիք։ Այս թողարկման ընթացքում կխոսենք Ջերմուկի նոսր անտառների, ջրաբանական արգելավայրերի նշանակության ու կարևորության մասին։ Ի՞նչ բնական էկոհամակարգեր են վերանում պատերազմի հետևանքով։

Ցանկացած պատերազմական գործողություն աղետ է ոչ միայն մարդկանց, այլև բնության և էկոհամակարգերի համար։ 44-օրյա պատերազմի ընթացքում թշնամու կողմից կիրառված ֆոսֆորային զենքի հետևանքով Արցախում այրվեցին զգալի քանակությամբ անտառներ՝ մասսայական վնաս հասցնելով էկոհամակարգերին։

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից արձակված կրակի հետևանքով, կրկին հրդեհվեցին Ջերմուկի անտառները։ Ինչպես հաղորդում են ՇՄՆ-ից, «Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի «Ջերմուկ» անտառային տնտեսությանը։ Տվյալ տարածքում անտառային հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհը՝ հանգեցնելով հողերի դեգրադացմանը: Այս տարածքներում աճող բույսերը (գիհի կազակական, տանձի մի քանի տեսակներ և այլն) և ապրող կենդանիները (հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ և այլն) գրանցված են Կարմիր գրքում»։

Մասնագետները փաստում են՝ Ջերմուկի անտառներին հասցված վնասն անդառնելի է լինելու։ Հայաստանի ագրարային համալսարանի անտառագիտության և ագրոէկոլոգիայի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ալավերդյանն ասում է, որ Ջերմուկի տարածրջանը շատ արժեքավոր և կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։

«Այնտեղ ունենք ունիկալ կենսաբազմազանություն, որոնք հանդիպում են Բնության հատուկ պահպանվող տարածքներում։

Խոսքը՝ Հերհերի նոսրանտառային, Ջերմուկի անտառային և Ջերմուկի ջրաբանական արգելավայրերի մասին է։ Ջերմուկում հանդիպում են գիհու նոսրանտառները, որոնք անգնահատելի դերակատարություն ունեն անտառային էկոհամակարգերի շարքում։

Բացառիկ չորադիմացկուն են, դանդաղ աճող և էրոզիայի դեմ պայքարում վերջին արգումենտն են։ Հետևաբար գիհիները պատերազմական գործողությունների ընթացքում վտագվում են, հրդեհվում են և հարյուրավոր տարիներ են պետք, որպեսզի այդ էկոհամակարգերը վերականգնվեն, իսկ պրակտիկորեն չեն էլ վերականգնվում»,- ասաց նա։

Հերհերի նոսրանտառային արգելավայրը, որը գտնվում է Հերհեր գետի ավազանում, ստեղծվել է մնացուկային գիհու նոսրանտառների պահպանության նպատակով։

Իսկ Ջերմուկի անտառային արգելավայրը, որը գտնվում է Արփա գետի վերին ավազանում, ստեղծվել է խոշորառէջ կաղնու լեռնային անտառների պահպանության նպատակով։ Այստեղ հանդիպում են նաև Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակներ՝ բեզոարյան այծ, գորշ արջ, նաև թռչնատեսակներ, որոնց կենսամիջավայրը վտանգված է պատերազմական գործողությունների արդյունքում։

Back to top button