ԿարևորՀասարակություն

Հայկական բանկերն իրենք են որոշելու՝ սպասարկե՞լ ռուսական «Միր» վճարային համակարգը, թե՞ ոչ

Հայկական լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է ռուսական «Միր» վճարային համակարգից տեղական առևտրային բանկերի անջատման հավանականությունը։ Օրերս պաշտոնական Բրյուսելն էր հայտարարել, որ ԵՄ–ն չի  բացառում  ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։ Ավելի վաղ նման հայտարարություն հնչել էր Վաշինգտոնից։ Պատժամիջոցները կապված են ռուս–ուկրաինական պատերազմի հետ։ Փորձագիտական դաշտում հիշեցնում  են՝ «Միր»–ը Հայաստանում լայն կիրառություն չունի,  բայց դրանից օգտվում են մեր երկրում գտնվող ՌԴ քաղաքացիները։

Հայկական բանկերն իրենք են որոշելու՝ սպասարկե՞լ  ռուսական «Միր» վճարային համակարգը, թե՞ ոչ։ Առևտրային բանկերն իրենց ռիսկերը ինքնուրույն են կառավարում՝ հայտարարում է Կենտրոնական բանկը։ Ռուսական վճարային համակարգի սպասարկման կամ դադարեցման հիմքում Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արևմտյան ու ամերիկյան պատժամիջոցներն են։ Դրանց տակ հայտնվելու ռիսկի գնահատումը ԿԲ–ն թողնում է բանկերի որոշմանը։

Օրերս  ԵՄ ներկայացուցիչը  չէր  բացառել ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ դա պայմանավորելով ռուս–ուկրաինական պատերազմով և դրանից բխող պատժամիջոցներով ։ Ավելի վաղ նման հայտարարություն հնչել էր  նաև Միացյալ Նահանգներից։  

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը «Ռադիոլուր»–ին պարզաբանում է՝  «Միր»–ը ռուսական ազգային վճարային համակարգ է Arca համակարգի նման, որի միջոցով հնարավոր էր անկանխիկ վճարումներ անել։ Այն, ըստ էության, փոխարինում է visa համակարգին։

«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների պայմաններում որոշակի շրջանակներ անկանխիկ վճարումներ էին կատարում  «Միր»–ը վճարային համակարգի միջոցով։ Այժմ որոշակի երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների համատեքստում երկրները գնում են նրան, որ այստեղ էլ սահմանափակումներ կիրառեն»։

«Միր» քարտերն աշխատում էին Թուրքիայում, Վիետնամում, Հայաստանում, Ուզբեկստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Հարավային Օսիայում եւ Աբխազիայում: Թուրքիայի խոշորագույն բանկերից երկուսը օրերս դադարեցրել են  աշխատանքը ռուսական «Միր» վճարային համակարգի հետ։ Բացատրել են, որ նման որոշում են ընդունել, քանի որ ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել այն ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են ռուսական իշխանություններին ՌԴ-ից դուրս «Միր» քարտերն օգտագործելու համար։

Ինչպե՞ս կանդրադառնա  ռուսական  համակարգից հրաժարվելը Հայաստանի ֆինանսական ու բանկային համակարգի վրա։ Փորձագետը հիշեցնում է՝ այս համակարգը ներքին լայն կիրառություն ունի, դրանից հիմնականում օգտվում են Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները․

«Այս պարագայում այդ սահմանափակումները որոշակի ներքին գործառնությունների վրա անդրադարձ չեն ունենա, իսկ ոչ ռեզիդենտների կողմից դրա կիրառումը հնարավոր է փոխարինվի այլ քարտերով, որովհետև այս պահին էլ ՌԴ քաղաքացիները կամ զբոսաշրջիկները, որոնք այստեղ են հաշիվներ ու քարտեր են բացում։ Գործառնություններ են իրականացնում՝ որոշակի ռեզիդենտության կարգավիճակ ձեռք բերելով կամ առանց դրա՝ մեզ մոտ գործող համակարգերով»։

Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը նկատում է՝ ամեն ինչ կախված է նրանից, թե  ինչպես ԿԲ առաջարկին կարձագանքեն Հայաստանի առևտրային բանկերը։ Հիշեցնում է, որ  վերջինների գործընկերները հիմնականում ԵՄ երկրներն են

«Եթե գործընկեր բանկերը որոշակի սահմանափակումներ են կիրառում, ապա իրենք էլ ստիպված կամ պարտավորված են լինելու դա կիրառել ներքին շուկայում։ Բայց ըստ էության չեմ կարծում,որ ծավալները էական լինեն։ Բացի այդ, միշտ էլ նմանատիպ սահմանափակումները որոշակի ժամանակ հետո իրենց լուծումը գտնում են՝ շրջանցելու կամ այլ գործիքների կիրառմամբ, ինչը տեսնում ենք նաև մեր ներքին շուկայում»։

Վիճակագրությունը փաստում է, որ այս տարվա երկրորդ կիսամյակում արտասահմանյան քարտերով Հայաստանում կատարված  գործարքների թիվը զգալիորեն աճել է։ Սա պայմանավորված է հատկապես ռուս  զբոսաշրջիկների թվի աճով՝ բացատրում են մասնագետները։  Բանկերի միության գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանի  տեղեկացմամբ՝  ավելացել են նաև վճարային քարտերով կատարած գործարքները՝  ավելի քան  40.%-ով: Վճարային քարտերով գործարքների ծավալի աճը կազմել է մոտ 26․5 տոկոս։  Աճել է նաև վճարային քարտերի քանակը՝ 3.5%–ով.

«ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքները ՀՀ-ում 2022թ-ի 1-ին կիսամյակում 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 38.4%-ով, ծավալը՝ 23.8%-ով: Հետաքրքական է, որ Հայաստանում թողարկված բանկերի կողմից արտասահմանում կատարված գործարքները ավելացել են մոտ 80 տոկոսով։ Սա քովիդի սահմանափակումներով է պայմանավորված։  Իսկ արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքները  ՀՀ-ում  2022թ․ 1-ին կիսամյակում 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 30.1%-ով, ծավալը՝ 8.4%-ով։ Սա պայմանավորված է տուրիստների ներհոսքով »։

Փորձագետները  կարծում են, որ ռուսական վճարման համակարգից անջատումը այլ միջոցներով փոխարինելու դեպքում գործարքների թվի որոշակի աճ կգրանցվի։ Այլ խնդիր է, թե որքանով են Հայաստանում  պատրաստ ցուցանիշերի ավելացմանը։   

Back to top button