ԿարևորՀասարակություն

Սեպտեմբերյան պատերազմը «խմբագրել» է անկախության շնորհավորական ուղերձները

31-ամյա պետականությամբ Հայաստանն այսօր շնորհավորական ուղերձներ է ստացել երկրի բարձրագույն պաշտոնյաներից, հոգևոր ու քաղաքական առաջնորդներից, միջազգային գործընկերներից։ Ադրբեջանի սեպտեմբերյան  ռազմական ագրեսիան ու դրա հետևանքով ձևավորված իրավիճակը խմբագրել են անկախության տոնական ուղերձերը։

«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսը, այս հարցին պատասխանել է «Այո»: 31 տարի հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա շնորհավորական ուղերձում շեշտում է՝ հանրաքվեն չի ավարտվել, այսօր էլ Հայաստանն անկախության հանրաքվե է իրականացնում։

«Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն Այո՛ են ասել Անկախությանը: Սահմանին աներեր կանգնած զինվորը Այո՛ է ասում Անկախությանը»:

Վարչապետն իր ուղերձում կարևորում է՝ հանրաքվեի «Այո»–ն պետք է վերահաստատել հատկապես 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ «Այո»–ն ամենաշատն անհրաժեշտ կլինի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 13-14–ի Ադրբեջանի ռազմական ագրեսիան խմբագրեց կամ լրացրեց անկախության՝ հարաբերական հրադադարից 1 շաբաթ հետո կազմվող տոնի ուղերձերը։ Դրանց բոլորի գլխավոր ուղերձը խաղաղությունն ու ինքնիշխանության համար պայքարն է։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնրհավորական ուղերձում շեշտում է՝ Հայաստանն այսօր նշում է անկախությունը հենց այն ժամանակահատվածում, երբ նույն անկախության ու ինքնիշխանության պահպանման համար ամուր հաստատակամության կարիք ունի։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան

«Պահը վճռորոշ է բազմադարյա պատմություն ու քաղաքակրթություն ունեցող  մեր ժողովրդի և հայոց աշխարհի համար»՝ շնորհավորական ուղերձում վերահաստատում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ու կոչ անում՝ իմաստությամբ ու միական տեր կանգնել հայոց անկախ պետականությանը։

Վերջին օրերի ծանր կորուստների մասին է խոսում նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ ԱԺ խոսնակի ուղերձև ևս ավարտվում է հանուն անկախության ու հանուն ապագայի գործելու կոչով։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

Սեպտեմբերի 21-ը ՄԱԿ–ի տոնացույցում խաղաղության միջազգային օրն է՝ շնորհավորական ուղերջում հիշեցնում է ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը և ևս մեկ անգամ շեշտում՝ վերջին օրերին Հայաստանի խաղաղությունը խաթարված է ադրբեջանական ագրեսիվ հարձակմամբ։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վստահ է՝ Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր» երգի տողերում է խնդիրների լուծման բանալին․ քաղաքապետը անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձում նշում է՝ այսօր ավելի քան երբևէ կարևոր են հայտնի երգի բառերը։

Վերջին 7 օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայ–ադրբեջանական հարաբերությունները, ռազմական բախումն ու թշնամական ագրեսիան էր։ Գերտերությունների ղեկավարներն իրենց շնորհավորանքներում ևս անդրադարձել են տեղի ունեցածին ու սահմանային լարվածություններին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Պաշտոնական Մոսկվան Հայաստանի անկախության պետականության տոնը շնորհավորել էր նախապես։ Նախագահ Վլադիմիր Պուտինը նախ երեկ խոսեց Անկախության տոնի մասին՝ շնորհավորելով «եղբայրական հայ ժողովրդին»։ Արդեն սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի ղեկավարը պաշտոնական շնորհավորական ուղերձում կարևորեց նախ Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցումը տարբեր ոլորտներում՝ ի դեմս ԵԱՏՄ–ի, ՀԱՊԿ–ի, հետո նաև անդրադարփավ 2020թ և 2021թ կնքված եռակողմ հայտարարություններին՝ վստահեցնելով, որ դրանց հետևողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման համար։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Օվկիանոսի հակառակ կողմից ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորում է անկախության տոնը ու արձանագրում՝ տեսել են Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, տնտեսության և արդարադատության ոլորտի զարգացման և ամրապնդման հարցերում։

«Մենք կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։

Մենք գնահատում ենք տարածաշրջանում ավելի մեծ կայունության ապահովման ջանքերին աջակցելու ձեր պատրաստակամությունը»,– ասվում է ամերիկյան ուղերձում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերի, տարածաշրջանում կայունության, խաղաղության գործում իր պատրաստակամության ու հաստատակամության մասին է իր շնորհավորական ուղերձում շեշտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Այսօր՝ անկախությունից 31 տարիներ անց, խռովված սրտով ենք դիմավորում ազգային ու պետական կարևորագույն մեր տոնը»: 

Երևանում Հանրապետական մաղթանքի արարողության ժամանակ իր ուղերձում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և շեշտել՝ անկախության համար պետք է պայքարել ամեն օր։ Ամենայն Հայոց Հայրապետն իր ուղերձում մտահոգություն է հայտնել նաև ապագայի, հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների, հայ-թուրքական երկխոսության առումով:

«Մեր աղոթքն ու քաջալերանքն ենք բերում հայոց բանակին, մեր զինվորներին՝ պաշտպանելու մեր սրբազան հայրենիքը, արիությամբ դիմակայելու թշնամուն: Աղոթում ենք զոհված մեր զավակների հոգիների հանգստության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար:

Անկախության նվիրական տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ Մեր զավակներին՝ հայցելով, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Խաչի հովանու ներքո խաղաղություն պարգևի մեր հայրենիքին և անվտանգ պահի մեր երկրի սահմանները։ Թող Բարեգութն Աստված ապահովության ու բարօրության մեջ պահի ու պահպանի ազգս հայոց, այսօր և միշտ և հավիտյանս։

«Շնորհ, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն»,– ասված է Կաթողիկոսի ուղերձում։

Back to top button