ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ առաքելությունը կշարունակի ուսումնասիրել սահմանային իրավիճակը

Երևանում այսօր հանդիպել են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Կառույցի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ քննարկվել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի ձեռնարկելիք  հնարավոր միջոցառումները։ Թե կոնկրետ ինչ միջոցառումների մասին է խոսքը, չի մանրամասնվում։

Ստանիսլավ Զասը  Հայաստան է ժամանել երեկ՝ հնգօրյա այցով։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից հաղորդում են, որ առաքելությանը հանձնարարված է գնահատել ներկա իրավիճակը, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար տարածաշրջանում իրավիճակի մասին մանրակրկիտ զեկույց պատրաստել ու դեէսկալացիայի առաջարկներ մշակել։

Մինչև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստանում էր կառույցի մոնիտորինգային խումբը՝ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ։ Խումբը դիտարկումներ իրականացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում, առաքելության ավարտին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առաջարկներ մշակեց։  Մոնիտորինգային խումբն ուղարկվել էր ի պատասխան պաշտոնական Երևանի աջակցության դիմումի։

Քաղաքական դաշտում ՀԱՊԿ–ին վերաբերող կարծիքները տրամագծորեն տարբեր են։  Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն, օրինակ, կարծում է, որ մինչև ՀԱՊԿ–ին դիմելը Հայաստանի իշխանություններն այլ գործողություններ պետք է ձեռնակեին․

«ՀՀ իշխանությունները ներսում պետք է որոշում ընդունեին, մոբիլիզացիա իրականացնեին, բանակին թիկունք կանգնեին։ Ոչ մի այլ երկիր, ոչ մի այլ զինվոր չի գալու մեր փոխարեն մեր տարածքներում խրամատ փորի» ։

Հայաստանի արտաքին կողմնորոշումներին և մասնավորապես ՀԱՊԿ–ին վերաբերող քննարկում նախօրեին ծավալվել է նաև արտախորհրդարանական մի շարք ուժերի ղեկավարների ու վարչապետ Նիկոլ  Փաշինյանի հանդիպմանը, որից հետո  «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Զարգսյանը, նշել էր, թե  ՀԱՊԿ–ի հարցում արտախորհրդարանական ուժերը նույն կամ գրեթե նույն դիրքորոշումն ունեն։

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ ռազմաքաղաքական որեւէ դաշինքի անդամ Հայաստանը կարող է չլինել, բայց պետք է  համագործակցել ու ռազմական օժանդակություն ստանալ արեւմտյան երկներից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից եւ այդ մասին վերջիններս բարձրաձայնել են։

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, մինչդեռ, առաջարկում է իրավիճակին ռեալ նայել և հաշվի առնել, որ աշխարհագրորեն ավելի մոտ ենք ՀԱՊԿ տարածաշրջանին․

«Տարիներ ի վեր ՀՀ-ն լուրջ աշխատանք է կատարել հատկապես այդ ռազմաքաղաքական կառույցի ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ։ Հիմա խոսելով ՀԱՊԿ-ի ներկա իրավիճակի մասին. յուրաքանչյուր կազմակերպություն էլ ունի ե՛ւ առաջատար կողմեր եւ թերություններ, որովհետեւ նույն ՆԱՏՕ-ի ներսում էլ կան երկրներ, որոնք հակամարտում են։ Օրինակ՝ Թուրքիան եւ Հունաստանը։ Եթե, ասենք, ՀԱՊԿ-ի որոշումների ընդունման ընթացակարգերի մեջ կան որոշակի թերություններ, ինչու՞ ենք մենք դրանից հրճվում։ Ի՞նչ են այսօրվա իշխանություններն արել՝  ՀԱՊԿ-ի որոշումների ընդունման ընթացակարգն ամրապնդելու, ՀԱՊԿ կառույցն ամրապնդելու համար»։   

Նախատեսվում է, որ ՀԱՊԿ առաքելության անդամները  կլինեն սահմանամերձ շրջաններում, կուսումնասիրեն  առկա իրավիճակը, նաև  հանդիպումներ կունենան Հայաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։

Back to top button