ԿարևորՔաղաքական

Արարատ Միրզոյանը կոչ է արել միջազգային հանրությանը սատարել հայկական ժողովրդավարությանը՝ դատապարտելով և կանխելով Հայաստանի նկատմամբ ագրեսիան

Սեպտեմբերի 20-ին, Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը, որին մասնակցում էին մի շարք պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մասնավոր խոշոր ընկերությունների և հիմնադրամների տնօրեններ։

Արարատ Միրզոյանն իր ելույթում նշել է, որ վերջին տարիների ընթացքում հայ ժողովուրդն ազատ և արդար ընտրությունների միջոցով երկու անգամ իր քվեն է տվել հանուն ժողովրդավարության:

ՀՀ ԱԳ նախարարն արձանագրել է, որ Հայաստանում լայն թափով իրականացվում են ժողովրդավարական բարեփոխումներ, ապահովվում է օրենքի գերակայությունը, պաշտպանվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, և կառավարության առաջնահերթություններից է անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ: Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ամենատարբեր միջազգային հեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանը շարունակաբար բարելավում է իր դիրքերը ժողովրդավարության, տնտեսական ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի ցուցիչներում` այսպիսով առավել գրավիչ դառնալով արտաքին աշխարհի համար:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքներն անսակարկելի են և կոչ արել միջազգային հանրությանը սատարել հայկական ժողովրդավարությանը՝ այդ թվում դատապարտելով և կանխելով Հայաստանի նկատմամբ ագրեսիան։

Back to top button