ԿարևորՀասարակություն

Այսօր Հայաստանի Հանրապետության 31-րդ տարեդարձն է

Սեպտեմբերի 21-ին Հայաստանն ու հայկական սփյուռքը նշում են Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձը: Այն պաշտոնապես հայտարարվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքների հիման վրա: Ընտրական իրավունք ունեցողների 94,39 %-ն կողմ է քվեարկել անկախության հռչակմանը: 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը հաստատել է հանրապետության ելքը ԽՍՀՄ-ի կազմից:

Տոնական միջոցառումներ այսօր չեն լինի: Անկախության օրվան նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը կառավարությունը հետաձգել է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի պատճառով:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀ ինքնիշխան տարածքը 2 օր անընդմեջ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների հրթիռակոծման տակ էր: Մարտական գործողությունների ընթացքում հրապարակված վերջին տվյալների համաձայն զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, վիրավորվել է 293 զինծառայող, գերեվարվել է 20-ը:

Թիրախավորվել էր նաև խաղաղ բնակչությունը. զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել՝ 7-ը: 3 մարզերում՝ Գեղարքունիք, Սյունիք, Վայոց ձոր, վնասվել են տներ, կառույցներ, գյուղատնտեսական նշանակության գույք ու կենդանի։

Թշնամու զինված ուժերի ռազմական հանցագործությունները մանրամասն փաստագրվում են՝ դրանց միջազգային իրավական հարթակներում ընթացք տալու համար։

Ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռմխելիությունը, մինչև ներխուժումը եղած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը ընդգծվել է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում՝ անդամ երկրների մեծամասնության կողմից:

Back to top button