ԿարևորՏնտեսական

Չկա խաղաղություն, չկա նաև ճանապարհների ապաշրջափակում․ փորձագետ

Տարածաշրջանային հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի համանախագահները հանդիպել են այս տարվա հունիսին։  Սահմանազատման հարցերով եռակողմ հանդիպումը օգոստոսի վերջին էր՝ Մոսկվայում, որտեղ կողմերը  պայմանավորվել էին հաջորդ հանդիպումը նոյեմբերին Բրյուսելում անցկացնելու մասին։ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո եռակողմ նոր հանդիպում այս պահին  օրակարգում չկա, բայց երկկողմ, ըստ էության, տեղի ունեցել է։ Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը հանդիպել են Երևանում՝ ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի շրջանակում:  Հնչել են տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը վերաբերող գնահատականներ ու հայտարարություններ։

Պաշտոնական Երևանը  շարունակում է  պնդել՝ միջանցքին դեմ է, տարածաշրջանային հաղորդակցական ուղիների ապաշրջափակմանը՝ կողմ։ Պայմանավորվածությունը ամրագրված է 2020-ի  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այն ենթադրում է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերակառուցում, ավտոմոբիլային ճանապարհի կառուցում կամ վերակառուցում, որը նաև կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ՝ սահմանին իրականացնելով  մաքսային եւ այլ հսկողություններ։

Տարածաշրջանային հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբն այս տարի մեկ անգամ է հանդիպել` հունիսին։ Նոր հանդիպման մասին հայտարարություններ չկան, բայց  կան հաշվարկներ ու գնահատականներ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման տնտեսական  օգուտների մասին։

Աշխատանքային խմբի ռուս համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը կարծում է, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նախադրյալներ կստեղծի Ռուսաստանից մինչև 5 մլրդ դոլար ներդրումների ներհոսքի համար։ ՌԴ փոխվարչապետն այս հայտարարությունն արել է Երևանում ընթացող ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի ժամանակ․

«Մենք վստահ ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, որը նախատեսված է մեր առաջնորդների եռակողմ պայմանավորվածություններով, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր ներդրումների ներհոսքի համար: Մեր գնահատականներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների բացումը նախադրյալներ կստեղծի մոտ 4,5-ից 5 միլիարդ դոլար ռուսական ներդրումների ներհոսքի համար»։

Ի՞նչ կշահի Հայաստանի տնտեսությունը դրանից, ի՞նչ հաշվարկներ ունի հայկական կողմը։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝ վերլուծություններ արվում են, բայց թվային պատկեր առայժմ չկա․         

«Կլինեն ավելի կարճ տրանսպորտային ճանապարհներ ու հնարավորություն՝ շուկաներին հասնելու համար, միաժամանակ ավելի ծախսեր կկատարվեն։ Նախկին հաշվարկներով 20–30 տոկոսով ապրանքների ինքնարժեքը կնվազի, եթե կարողանանք օգտվել այդ լոգիստիկ շղթաներից»։

Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման նախաձեռնություններին զուգահեռ Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում ու շարունակում ագրեսիան։ Այս գործիքակազմով հարցեր լուծելու վարքագիծն այս պահին հուշում է, որ սահմանները հնարավոր չէ բացել՝  ասում է  տնտեսագետը․

«Ըստ էության՝ մենք պետք է մի փաստ հաշվի առնենք, որ ՀՀ սահմանը ԵԱՏՄ, իսկ  Թուրքիայի սահմանը ԵՄ  սահմանն է։ Ուստի, հաշվի առնելով ներկա ներքաղաքական իրավիճակը մեր գնահատումն այն է, որ սահմանների բացումն այլընտրանք չունի»։

Հաշվարկների ու մասնագիտական քննարկումների կողքին ռիսկեր և մտավախություններ կան։  Հայաստանի վարչապետն ավելի վաղ նշել էր, որ հայկական կողմը պատրաստ է առաջարկների շրջանակում կառուցել ու  բացել ճանապարհն ու երկաթուղին, բայց եթե դե յուրե  նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրվի։ Այլապես գործընթացը ռիսկային է․ 

«Մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի ե՛ւ ճանապարհը, ե՛ւ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եւ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չեն կարողանա օգտվել ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները, եւ Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար»։

Քաղաքականի հետ նաև անվտանգային ռիսկեր կան։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը դժվարանում է պատասխանել հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի հայ բիզնեսմեն ի վերջո որոշի իր բեռները ՌԴ կամ այլ երկիր հասցնել Հայաստանի ու Արցախի նկատմամբ պարբերաբար ագրեսիա իրականացնող  թշնամի երկրի՝ Ադրբեջանի տարածքով․

« Ըստ էության, այդ ամենը պետք է դիտարկել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում, քանի որ եթե չկա խաղաղություն, ըստ էության չկա նաև ճանապարհների ապաշրջափակում։ Սակայն մենք պետք է ամուր կանգնած լինենք ու փորձենք մեր ջանքերը ազգովի՝ թե ՀՀ–ում, և թե ՀՀ–ից դուրս կենտրոնացնենք այն գաղափարին, որ մենք պետք է  ուժեղանանք և մեր հարևանների հետ պետք է խաղաղության պայմանագիր կնքենք»։

Ռուսական կողմը պատրաստ է ներդրումներ անել տարբեր ոլորտներում՝ էներգետիկից  մինչև տրանսպորտ ու լոգիստիկա։ Իսկ հատկապես էներգետիկ ոլորտում հենց այնպես ներդրումներ չեն արվում է՝ ասում է տնտեսագետ  Թաթուլ Մանասերյանը․

«էներգետիկ ոլորտում ամենամեծ ներդրումները ՌԴ–ից են, իսկ էներգետիկ ոլորտը աշխարհով մեկ քաղաքականացված ոլորտ է, չի կարող զուտ տնտեսական լինել։ Բնականաբար, եթե քաղաքատնտեսական տեսանկյունից ենք նայում, ապա ամեն ինչ իր տեղում է»։

Հայաստանում գործում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ։ Դրանցից մի քանիսը խոշոր հարկատուների ցանկում են՝ ներգրավված հենց քաղաքատնտեսական համարվող ոլորտներում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ն, «Ռուսական երկաթուղիներ»-ը, «Ռոսատոմ»։  Ռուսական կուտակված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի գրեթե 40 տոկոսը՝ շուրջ 2 մլրդ դոլար։

Back to top button