ԿարևորՀասարակություն

Հարթակներ՝ աջակցություն առաջարկողների և դրա կարիքն ունեցողների համար

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով  ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների կարիքները գույքագրելու և բավարարելու նպատակով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն աջակցության 2 հարթակ է գործարկել։ Դրանցից մեկն  աջակցության կարիք ունեցող քաղաքացիների համար է, մյուսը՝ այն կազմակերպությունների, որոնք պատրաստ են աջակցություն տրամադրել։ 

Սեպտեմբերի 12–ի գիշերը Դարբինյանների ընտանիքը պայթյունների ձայնից է արթնացել։ Դրանց պարբերականությունը հուշել է, որ գյուղը ռմբակոծվում է։  Միանգամից տնից դուրս են եկել ու առանց իրեր հավաքելու տեղափոխվել Վարդենիս, բարեկամների տուն։ Մշտական բնակության համար գյուղ վերադառնալ դեռ չեն ցանկանում։ Անորոշություն կա, վախերը չեն հաղթահարվել՝ ասում է զրուցակիցս՝ Սիլվա Դարբինյանը․

«Երկու –երեք օր անընդհատ ռմբակոծություն է եղել։ Ամուսնուս հետ գնացել եմ անասուններին կեր եմ տվել ու վերադարձել։ Կրակոցները թույլ չտվեցին , որ տանը մնայինք։ Ոչ մի ապրանք հետներս չենք վերցրել։ Այն մի քանի օրը, որ գնացել ենք անասունին կեր տալու, միայն հասցրել ենք անձնագրերը վերցնել»։ 

Դարբինյանների ընտանիքը դատարկաձեռն տեղափոխվել է Վարդենիս՝ բարեկամների տուն։ Ամեն ինչի կարիք այս պահին ունեն։ Սակայն առաջնայինը բնակարանի հարցն է։ Որևէ պետական կառույցից աջակցություն չեն ստացել, որևէ կառույցի իրենք էլ չեն դիմել։

«Չեմ դիմել որևէ տեղ։ Միայն Կարմիր Խաչն է որոշակի սննդով աջակցել։ Ես ուղղակի կխնդրեի թեկուզ Վարդենիսի մեջ, թեև այնքան էլ ապահովագրված չէ, տան հարցով օգնեին մնայինք, մինչև հասկանանք ինչ է լինում»։

Սոցապ նախարարությունը ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիների ն աջակցելու համար ստեղծել է առաջնային կարիքի հաշվառման հարթակ։ Մինչ այդ նախարարությունը քաղաքացիների կարիքները հավաքագրել է թեժ գծի միջոցով։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիները  կարող են մուտքագրել իրենց անձնական տվյալները www.mlsa.am կամ www.socservice.am կայքէջում, որից հետո համակարգը թույլ կտա հաշվառել նաև  կարիքները՝ «Ռադիոլուրին» բացատրում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը․

«Այսինքն՝ եթե ունեն անհրաժեշտություն սննդի, կացարանի, հագուստի, հիգիենայի պարագաների, կենցաղային պարագաների, դեղորայքի, այդ թվում նաև խնամքի ծառայությունների և այլնի, այս հարթակում կարող են նշել։  Հարթակից նշված տեղեկությունները  կփոխանցվեն  ՏԻՄ–երին և մարզպետարաններին, որոնց միջոցով արդեն կարիքները կբավարարվեն»։

Թե քանի հոգի է աջակցության համար օգտվել հարթակից,  դեռ պարզ չէ։ Ըստ նախարարության ներկայացուցչի՝ դիմումները տեսակավորման փուլում են։ Թեժ գծով ստացվել է շուրջ 70 դիմում։ Սակայն գերատեսչությունն այս հարթակի միջոցով ակնկալում է  բարձր ակտիվություն։ Նախարարության թեժ գծին քաղաքացիները դիմել են տարբեր կարիքներով․

«Թեպետ սպասվում էր, այսինքն՝ շատ էին հարցումները կացարանի վերաբերյալ, բայց քաղաքացիներից մեծ թվով դիմումներն այս  հարցով չեն եղել։ Հիմնական անհրաժեշտությունը հագուստն ու սնունդ էր, որը մարզպետարանների միջոցով բավարարվել է»։

Առկա ռեսուրսները գույքագրելու և դրանց հետագա կիրառումը պլանավորելու նպատակով նախարարությունը  երեկվանից մեկ այլ հարթակ էլ է գործարկել՝ «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»։ Այստեղ կարող են գրանցվել մասնավոր ու  հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են աջակցություն տրամադրել։ Նախարարության ներկայացուցիչներն ասում են, այս հարթակը   ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հնարավորություն կտա մեկտեղել ռեսուրսները՝ դրանք գրանցելով համակարգում։ Հավաքագրված տվյալները հասանելի կլինեն մարզպետարանների, ՏԻՄ-երի և ԱՍՀՆ համար` ըստ անհրաժեշտության աջակցությունը համակարգելու և ըստ նպատակի տրամադրելու համար․

«ՀԿ–ն կկարողանա մուտք գործել հարթակ և ներկայացնել, որ, ենթադրենք, Վարդենիսում կարող է 15 հոգու կացարանի հարց լուծել։ Այսպիսով՝  հետագա պլանավորման համար սա մեկ միասնական հարթակի հնարավորություն է, որպեսզի սոցապը, ՏԻՄ–երը և մարզպետարանները կարողանան հետևել եղած ռեսուրսներն ու համակարգել եղած անհրաժեշտության»։

Չնայած  պատասխանատու կառույցների  հայտարարություններին, թե այս պահին առկա ռեսուրսները բավարար են, այնուամենայնիվ, սոցիալական շատ նախաձեռնություններ ու  հասարակական կազմակերպություններ հավաքել են կամ ունեն ռեսուրսներ, որոնք ուզում են ծառայեցնել կարիքների  բավարարմանը։

Back to top button