ԿարևորՔաղաքական

Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև

Անհրաժեշտության դեպքում Վրաստանը պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական գործընթացում, Ալիք Մեդիայի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին:

ԱԳ նախարարը նշել է, որ Թբիլիսին նախապայմաններ չի դնում, հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։

«Ինչպես հայտնի է, անցյալ տարի Վրաստանի վարչապետի շատ ակտիվ ներգրավվածությամբ, նրա անձնական մասնակցությամբ, մեր երկու հարեւանների միջև ձեռք բերվեց կարևոր պայմանավորվածություն, և սա արդեն այն կոնկրետ շոշափելի արդյունքն է, որը մենք ստացանք։ Անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Վրաստանի վարչապետը բացեիբաց խոսեց մեր երկրի խաղաղ հարևանության քաղաքականության մասին, իսկ ընդամենը մի քանի ամիս առաջ Վրաստանը հյուրընկալեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին` այս հայտարարված քաղաքականության շրջանակներում»,- ասել է Դարչիաշվիլին։

Նրա խոսքով, ընդհանուր քաղաքականության շրջանակներում Վրաստանը շարունակում է ջանքերը՝ տարածաշրջանի անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում իր նշանակալի ներդրումն ունենալու համար։

Նախարարն ընդգծել է, որ Վրաստանը միշտ պատրաստ է եղել հարավային հարևաններին առաջարկել մի երկիր, որտեղ նրանք կարող են երկխոսություն սկսել խաղաղության ամրապնդման ուղղությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը կայացել է այս տարի Թբիլիսիում։

Back to top button