

Հաճախ ակադեմիական արվեստի մասին խոսելիս՝ հիմնական անդրադարձը լինում է արդեն որոշակի նվաճումներ ունեցող և հանրային ճանաչում վայելող արտիստներին, ինչը տրամաբանական է, քանի որ և՛ ստեղծագործական ուղին, և՛ բեմական փորձը տալիս են հնարավորություն՝ վերլուծել իրողությունները և անհատական վերաբերմունք դրսևորել այն երևույթների հանդեպ, որոնց մասնակիցը դառնում է ինքը՝ արտիստը:
Մեր հաղորդաշարի ուշադրության կենտրոնում են նաև երիտասարդ, ստեղծագործական ճանապարհը նոր հարթող և բեմարվեստի ասպարեզ մուտք գործող տաղանդավոր երաժիշտ կատարողները, որոնցից մեկն, անշուշտ, մեներգչուհի Վարդուհի Թորոյանն է:
Նա ավարտել է Կոնսերվատորիայի մագիստրատուրան 2020 թ., բայց 2019-ից արդեն աշխատում է Երևանի օպերային ստուդիայում:
«Այնպես ստացվեց, որ դեռևս կոնսերվատորիայում սովորելու ընթացքում սկսեցի երգել Օպերային ստուդիայում, ինչը համարում եմ մեծ հաջողություն, քանի որ Հասմիկ Պապյանի աշխատանքի սկզբունքները, ստեղծագործական մթնոլորտը և տաղանդաշատ երիտասարդ արվեստագետների առկայությունը ստուդիայում ստիպում են մշտապես զարգացնել սեփական արվեստը և համազոր կերպով ստեղծագործական լուման ներդնել թիմային աշխատանքի մեջ: Իհարկե, մասնագիտական փորձառությանը նպաստում են այն վարպետաց դասերը, որոնց մասնակցել եմ որպես ունկնդիր, հատուկ կուզեի նշել Ակսել Էվեռայերտի, Հասմիկ Պապյանի, Վարվարա Մանուկյանի և Նարինե Սիմոնյանի վարպետության դասերը» -ասումէ երգչուհին:
Օպերային ստուդիան հնարավորություն է տալիս երիտասարդ երգիչներին ներգրավվել օպերային ներկայացումների մեջ, ստանալ անգին բեմական փորձ, և Վարդուհի Թորոյանի մասնակցությունը Փըրսելի «Դիդոնա և Էնեաս», ինչպես նաև՝ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» բարոկ օպերաներում ինքնարտահայտվելու և հանդիսատեսի ջերմ ընդունելությանը արժանանալու հնարավորություն տվեց երգչուհուն:
Անշուշտ, մեներգչի մասնագիտությունը չի սահմանափակվում միայն օպերային արվեստով։ Չնայած այդ առումով Վարդուհի Թորոյանը ունի որոշակի ձևավորված երգացանկ՝ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», Գունոյի «Ֆաուստ», Պուչինիի «Վիլլիսներ», Պուլենկի «Կարմելիտուհիների երկխոսությունները» օպերաներում և Շտրաուսի «Չղջիկ» օպերետում դերերգերը, բայց նաև ծավալուն կամերային երգացանկ ունի՝ Շուբերտ, Կոմիտաս, Օֆենբախ, Հարո Ստեփանյան, որոնց ստեղծագործությունները նա առիթ է ունեցել կատարելու և՛ տարբեր կամերային համերգների ժամանակ, և՛ Երևանում հաստատվող նոր ձևաչափի՝ սալոնային համերգների շրջանակում, որոնք կազմակերպվում են նկարիչների արվեստանոցներում:
Հատուկ պետք է նշել երգչուհու աշխատանքը «Հայաստանի կանաք» երգչախմբում (գեղ․ ղեկ․ Ռոբերտ Մլքեյան) և 2015 թ. նրա մասնակցությունը Սուրբ պատարագի կատարմանը Վատիկանում, Հռոմի պապի ներկայությամբ:
Վարդուհի Թորոյանը ներկայացրել է իր արվեստը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Գյումրու կամերային նվագախմբի և Հայաստանի ազգային կամերային նվագախմբի նվագակցությամբ: Հաղորդման ընթացքում հնչում են Վարդուհի Թորոյանի կատարումները: