

Ռազմական կրթություն ստացող անձի վարկանիշն արտացոլվում է ռազմակրթական հայեցակարգի հիմնադրույթներում` մտավոր, կրթական, մասնագիտական, ռազմավարական ինքնուսուցման, բարոյահոգեբանական պատրաստության ցուցանիշների ձեռքբերում ու զարգացում։ Սա պետք է լինի ռազմական կարևորագույն առաջնայնություններից՝ բոլոր մակարդակներում:


Արդյո՞ք ունենք բավարար չափով մասնագետներ, որոնք դասավանդում են ռազմական կրթական կառույցներում, ինչի՞ կարող է հանգեցնել ռազմական կրթության գործընթացի ոչ լիարժեք իրականացումը։
Տաղավարում են ռազմական կրթության ոլորտի մասնագետները՝ «Մոնթե Մելքոնյան»-ի անվան ռազմամարզական վարժարանի տնօրենի տեղակալ Արթուր Կարապետյանը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ» ծրագրի համակարգող Անի Եղիազարյանը, «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության տնօրենի օգնական Արշակ Վարդանովը։
«Ռազմամարզական կրթություն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ստանում են դեռ վաղ տարիքից։ Վարժարանն իրականացնում է հանրակրթության 3-րդ աստիճանի բոլոր ծրագրերը, բայց սա մասնագիտացված ուսումնական հաստատություն է։ Ռազմագիտական առարկաները խորացված ենք անցնում, այս առումով ուսուցումը տարբերվում է դպրոցական ծրագրից։ Եթե դպրոցում անցնում են մեկ առարկա՝ ՆԶՊ, մենք այստեղ անցնում ենք 9 ռազմագիտական առարկա»,– ասում է Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանը։


«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ» ծրագրի համակարգող Անի Եղիազարյանը իր խոսքում նշում է, որ հանրակրթական դպրոցներում այդքան էլ ուշադրություն չի դարձվում ռազմական կրթությանը։ Մասնավոր հատվածում ուշադրության կենտրոնում է այս կրթությունը, ի դեմս՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և նմանատիպ ծրագրերի, որտեղ մարդիկ ցանկանում են կրթել ոչ միայն պարզապես ինժեներներ, ծրագրավորողներ և այլ մասնագետներ, այլ՝ հայ մասնագետներ։ Այս ամենը իրականացնելու համար կարևոր պայման է ռազմական կրթությունը։
«Մարդ մինչև որևէ մասնագետ դառնալը՝ պետք է լինի զինվոր», – ասում էր «Արմաթ ինժեներական լաբորատորիաներ»-ի հիմնադիր Կարեն Վարդանյանը»,-մեջբերեց Անի եղիազարյանը, ավելացնելով, որ զարգացումը՝ բանակը տանել բարձր տեխնոլոգիական լուծումներով, սկսվում է հենց սովորական ավտոմատի կիրառումից։
«Ես պահեստազորի սպա եմ։ Համալսարանը ավարտելուց հետո 1 տարի վերապատրաստվել եմ ու գնացել ծառայության, որպես կապի դասակի հրամանատար։ Այս պահին պահեստազորի ավագ լեյտենանտ եմ։ Մեր ռազմական կրթությունը ընկած է 19-20-րդ դարերի միջակայքում։ Եթե հանենք նեղ մասնագետներին, հետևակը իր գիտելիքներով համապատասխանում է վերը նշված ժամանակահատվածին։


Չանտեսելով երկրում ստեղծված իրավիճակը, ուզում եմ ասել, որ ցանկացած արվեստ ունի իր գործիքը, որի միջոցով մարդը կարող է իր ստեղծագործական հմտությունները կիրառելով հասնել վարպետության, որոնցից օգուտ կստանան նաև այլ մարդիկ:
Այդ գործիքներից մեկը զենքն է: Ստացած գիտելիքները և ողջ մնալու արվեստին տիրապետելը անհրաժեշտություն են ոչ միայն անձամբ սովորողի, այլ նաև նրանց ընտանիքների, ընկերների և ընդհանրապես այլ մարդկանց համար:
«ՈՄԱ» ռազմահայրենասիրական կազմակերպությունը այս պահին կամավորագրում է անհատների, ովքեր ցանկություն ունեն մեկնելու մարտական գործողությունների։ մանք սկզբունք ունենք, որ ոչ ոք չի կարող մեկնել ռազմի դաշտ, առանց առնվազն մինիմալ գիտելիքների։ Անցկացվում է 10–օրյա պատրաստություն։ Մենք փորձում ենք հնարավորինս մտցնել նաև նորամուծությունները և մաքսիմալով օգտագործել», – ասում է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության տնօրենի օգնական Արշակ Վարդանովը։