ԿարևորՀասարակություն

Հասցեական աջակցությու՞ն, թե՞ ռեսուրսների վատնում. ՊՆ–ն հորդորում է գործողությունները համաձայնեցնել

Չնայած պատասխանատու գերատեսչությունների տարածած հայտարարություններին, թե այս պահին առկա ռեսուրսները բավարար են, այնուամենայնիվ, մի շարք սոցիալական նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ ինքնակազմակերպվում և փորձում են իրենց կարողությունների չափով աջակցություն տրամադրել բանակին։ Սոցիալական ցանցերում էլ չեն դադարում քննարկումները, թե ինչու են պատասխանատու գերատոսչությունները հավաստիացնում, որ բանակն ամեն ինչով ապահովված է, երբ լրացուցիչ օգնության կարիք կա։

«Ինչպես 2020 թվականին, այս տարի նույնպես մեր թիմն արդեն առավել շատ մարդկանցով քնապարկեր, հիգիենիկ միջոցներ, տաք հագուստ է ուղարկում դիրքեր։ Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես մենք այդ ամենը ոչ թե գնում ենք, այլ ինքներս ենք փորձում արտադրել։

Բանակին օգնելու իրենց նախաձեռնության մասին Սուրեն Արեենցն է պատմում։

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ սեփական նախաձեռնությամբ փորձում են աջակցություն հասցնել բանակին։ Վստահեցնում են՝  ինչպես 44-օրյայի ժամանակ, այնպես էլ վերջին ռազմական գործողությունների ընթացքում դիրքերից ահազանգեր են ստանում այս կամ այն կարիքի մասին՝ սննդամթերքից մինչև հանդերձանք, դիրքերի ամրապնդումից մինչև գույքային կարիքներ․

«Այս պահին նույնպես շարունակվում է դիրքեր ապրանքներ ուղարկելը։ Առաջիկայում կսկսենք նաև առաջին բուժօգնության  պարագաներ ուղարկել։ Այս պահին սպասում ենք ապրանք արտասահմանից։ Դրանց համալրումը լինելուց հետո մենք կսկսենք նաև սահմանին մատակարարել արագ արձագանքման շտապ օգնության պայուսակներ, որոնք կօգնեն զինվորին շատ արագ բուժօգնություն ստանալ»։

Սահմանին ու զինվորին ամեն ինչով օգնելու նախաձեռնությունները քիչ չեն, թեև պաշտպանության նախարարությունը շարունակում է հայտարարել, որ ունի զինծառայողներին սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ: Գերատեսչությունը պնդում է, որ  տարատեսակ դրամահավաքների և այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն այս պահին չկա: ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատում է՝ բանակը ոչ մի բանի կարիք այս պահին չունի․

«ՊՆ-ն այս պահի դրությամբ ևս ունի բոլոր բավարար միջոցները զինծառայողներին բոլոր տեսակի միջոցներով ապահովելուհամար։ Այդուհանդերձ՝ եթե լինի մեծ ցանկություն բանակին աջակցելու որևէ կերպ, պետք է անել բացառապես նախարարության հետ համագործակցության շրջանակներում և այդ համագործակցությունը շատ ավելի սերտ կազմակերպելու նպատակով ՊՆ–ն հրապարակել է պատասխանատու պաշտոնյաների  հեռախոսահամարները։  Եվ մենք մի շարք անհատների և կազմակերպությունների հետ պատշաճ համագործակցում ենք, որպեսզի ռեսուրսիչարաշահում, վատնում չլինի»։

Մինչ պատասխանատու գերատեսչությունները հայտարարում են, որ այս պահին առկա ռեսուրսները բավարար են, մի շարք սոցիալական նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ շարունակում են աջակցություն հավաքել բանակի համար։ Իսկ կարիքների մասին ահազանգեր այս նախաձեռնությունները պարբերաբար են ստանում․Սուրեն Արեենց․

«Հենց նոր եմ խոսել։ Վարդենիսից էին զանգել՝ զորամասից։ Ասում էին, որ կարիքը կա։ Այո, չհամախմբված ապրանքների հավաքագրում չի կարելի անել, և հաշվի առնելով անցած տարվա փորձը՝ ավելորդ սնունդ հավաքել, որը արևին կմնա, կփչանա, ինքս դեմ եմ։ Բայց համակարգված աշխատանքին միանշանակ կողմ եմ։ Նախորդ պատերազմի ժամանակ էլ հայտարարություններ էին արվում, որ ոչ մի բանի կարիք չկա, բայց պարզվեց, որ պետությունը չի կարողանում ամբողջությամբ հոգալ կարիքները։ Չպետք է նստենք, սպասենք, որ արտակարգ դրություն հայտարարվի, հետո խառնվենք իրար, պետք է ամեն մեկս մեր չափով օգնենք, իհարկե համագործակցելով ՊՆ հետ, համապատասխան մարմինների հետ, որպեսզի օգնությունը լինի թիրախային։ Որովհետև բոլորը չէ, որ գիտեն ինչ են հավաքագրում, և բոլորը չէ, որ հավաքագրում են իրոք բանակ ուղարկելու համար։ Որոշակի հատված նաև շոու է անում։ Ի տարբերություն անցյալ տարվա՝ դեռ ալիքը այդքան մեծ չէ, բայց ավելի համախմբված է»։

Եթե իրականում կա այս աջակցության անհրաժեշտությունը, բայց առողջապահության և պաշտպանության նախարարությունները ինչ–ինչ պատճառներով չեն ցանակնում բարձրաձայնել դրա մասին, կարող են ուղղորդել նախաձեռնող խմբերին և ավելի արդյունավետ դարձնել օգնությունը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց սոցիոլոգ Արամ Նավասարդյանը․

«Նույն 44–օրյա պատերազմի ժամանակ շատ դեպքեր են եղել, երբ հավաքագրվել են իրեր, որոնք անհրաժեշտ չեն եղել առաջին գծում և հակառակը։ Նախաձեռնությունները լավ են, բայց լավ կլինի, որ ուղղորդվեն պետական մարմինների կողմից, որպեսզի ոչ միջոցները, ոչ էլ ժամանակը զուր չվատնվեն։ Թե ԱՆ–ն, թե ՊՆ–ն պետք է ասեն, թե ինչ ծավալով ինչ է անհրաժեշտ»։

44-օրյա պատերազմից մեկ այլ փորձ էլ ունենք՝ հասցեատիրոջը չհասած օգնություն։ Սոցիոլոգը կարծում է, որ սա մեծացրել է անվստահությունը պետական մարմինների նկատմամաբ։   Որպեսզի 44-օրյայի սխալները չկրկնվեն, կարծում է, որ նախաձենող խմբերն ու պետական մարմինները պետք է համագործակցեն։ Դա ոչ միայն կվերականգնի վստահությունը պատկան մարմինների հանդեպ, այլև օգնությունը ավելի հասցեական կդարձնի։

Back to top button