ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ-ին զուգահեռ պետք է անվտանգային այլ հնարավորություններ փնտրել Ռոբերտ Ղևոնդյան

ՀԱՊԿ-ի հիմնական նպատակը ռուսական ինտեգրացիոն նախագծերի պաշտպանությունն է՝ ասում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և մանրամասնում՝ Ղազախստանում այս տարվա հունվարին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ կար վտանգ աշխարհաքաղաքական կուրսի  փոփոխության, ինչը ստիպեց  ՀԱՊԿ-ին անմիջապես արձագանքել։

Զուգահեռներ անցկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած եռօրյա պատերազմի և Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանային բախումների միջև՝ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը նկատում է․«Հայ-ադրբեջանական և ղրղզա-տաջիկական սահմանային կոնֆլիկտները ռուսական ինտեգրացիոն նախագծերի համար վտանգ չեն ներկայացնում, ուստի ռազմական արձագանքը անիրատեսական է»։

Ըստ քաղաքագետի` Հայաստանը  ՀԱՊԿ-ից դուրս պետք է փորձի գտնել անվտանգային այլ հնարավորություններ` և ռազմական, և դիվանագիտական։

«Ինչքան հնարավոր էր սեփական ինքնիշխանությունը և պետականությունը չվտանգելով ինտեգրվել, Հայաստանն արդեն այդքան ինտեգրվել է ՀԱՊԿ-ին։ Դրանից ավելին ինտեգրվելու դեպքում Հայաստանն ուղղակի կորցնելու է իր ինքնիշխանության և պետականության մի մասը, ինչը «կարմիր գիծ» է մեզ համար։ Այդ պատճառով էլ ՀԱՊԿ-ում մեր մնալը և կառույցի շրջանակներում մեր գործունեությունը շարունակելն ուղղակիորեն պայմանավորված է այլ անվտանգային հնարավորությունների հետ համադրությամբ»,- ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ։  

ՀԱՊԿ առաքելության խումբը հայ — ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առաջարկներ է մշակել։ Նախորդ շաբաթվա սկզբին Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններ սկսելուց հետո պաշտոնական Երևանը դիմել էր ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ռուսաստանի Դաշնությանը։ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, Երևանի աջակցության դիմումին ի պատասխան մոնիթորինգային խումբ էր ուղարկել Հայաստան։ 

Խումբը ղեկավարող գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների առաջարկների մասին։ Մշակված առաջարկներն ուղղված են լարվածության թուլացմանը:

Պատերազմային իրավիճակում ինչ աշխատանք պետք է տանի հայկական կողմը ՀԱՊԿ–ից առավել  գործնական միջամտություն և հասցեական աջակցություն ստանալու  համար։ Այս և այլ հարցերի շուրջ է «Ռադիոլուրը» զրուցել  Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

Back to top button