ԿարևորՀասարակություն

Երևանը կարևորում է ֆրանսիական քաղաքների հետ գործակցության ընդլայնումը. Հրաչյա Սարգսյանն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետ Գաել Նոֆրիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Սարգսյանը նախևառաջ շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին բոլոր մակարդակներով հասցեական գնահատականներ տալու համար:

Անդրադառնալով երկուստեք հարաբերություններին՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ գործակցության ընդլայնումը, և ընդգծել, որ պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ՝ Նիցցայի հետ ևս առարկայական ծրագրեր իրականացնելու առնչությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գաել Նոֆրին Երևանի քաղաքապետին է փոխանցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի աջակցությունը՝ ընդգծելով, որ այս օրերին Հայաստան իրենց այցը ևս վկայում է բարեկամ երկրի կողքին լինելու և սատարելու մասին:

Հանդիպման շրջանակում կողմերը նախանշել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այն ուղղությունները, որոնք նոր թափ կհաղորդեն երկու քաղաքների 15-ամյա գործակցությանը:

Back to top button