

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնի ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը ամերիկաբնակ դրամատուրգ Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Քաջ Նազարի թոռները» պիեսի հիման վրա բեմադրել է «Երազների աշխարհում» երաժշտական ներկայացումը։
«Սա մեր երրորդ համագործակցությունն է, երրորդ ներկայացումը, որի ասելիքն ու «հեռագիրը» հանդիսատեսին շատ կարևոր է։ Ու թեև Մարո Մադոյանն ապրում է ԱՄՆ-ում, սակայն իր նկարագրած գործողությունների վերջնակետը՝ Հայաստանն է,- ասում է Հակոբ Ղազանչյանը՝ շարունակելով,- Ես միշտ դեմ եմ եղել բեմից լացուկոծ ներկայացնելուն։ Մեսիջը կարելի է ուղարկել նաև այս ժանրի միջոցով։ Իսկ ասելիքն այստեղ մեր պատմական հիշողությունը չկորցնելն է»։
Ամերիկաբնակ դրամատուրգ Մարո Մադոյան- Ալաջաջյանն էլ նշում է, որ այս և մյուս գործերի հիմքում հայրենիքի հանդեպ սերն է։
«Սփյուռքը բազմաշերտ է ու բազմերանգ, սակայն ընտանեկան ու համայնքային դաստիարակության շնորհիվ այն հիշողությունը, որի մասին խոսեց Հակոբ Ղազանչյանը, կարելի պահպանել, ինչպես ես արել եմ իմ զավակների հետ»,- նշում է դրամատուրգը։
Ինչ վերաբերում է պիեսին, ապա այն, ըստ Մարո Մադոյանի, երազողների մասին է, այն երազողների, որոնց շնորհիվ նոր ու նորարար երևույթներ են ստեղծվում։
«Ես էլ եմ երազող, ասում է Մարո Մադոյանը,- և երբևէ չէի ցանկանա հեռանալ Հայաստանից, անգամ իմ ծննդավայր Գյումրիից։ Կուզեի մնալ այստեղ, և ինչպես հայրս՝ Ռազմիկ Մադոյանը աշխատում էր Երվանդ Ղազանչյանի հետ, ես էլ նրա որդու՝ Հակոբ Ղազանչյանի հետ կաշխատեի և այն տարիները, որոնք անցկացրել եմ ԱՄՆ-ում, օգտագործեի լավ գործեր այստեղ անելով»։