ԿարևորՔաղաքական

Ազդեցիկ այց, սաստող հայտարարություններ, աջակցության ակնարկներ․ քաղաքագետները ամերիկյան հանդիպումների մասին

Ազդեցիկ այց, սաստող հայտարարություններ, աջակցության թափանցիկ ակնարկներ․ վերջին օրերին ամերիկյան ակտիվությունն այսպես են բնութագրում քաղաքագետները՝  հիշեցնելով՝  Հայաստանում բախվում են գերտերությունների շահերը, հստակեցվում են դիրքավորումները ։ Ոգևորությունն ու էմոցիոնալ արձագանքները տեղին չեն՝ ասում են փորձագետները, ռացիոնալ քայլեր ու սառը հաշվարկներ են պետք։

Ռուսական ազդեցության գոտի համարվող մեր տարածաշրջանում ակնհայտ է ամերիկյան ակտիվությունը, հայտարարվող  նպատակը լարված իրադրության կարգավորումն է՝ վերլուծելով ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակում տեղի ունեցած հանդիպումները՝ ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո հնչած  հայտարարությունները կարեւոր են, բայց առավել կարեւոր է այն, որ նախաձեռնող կողմը հորդորեց  սեպտեմբերի ավարտին  եւս մեկ հանդիպում անցկացնել ։

«Սա կարեւոր է եւ նշանակում է, որ այս հանդիպման ընթացքում որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ուստի անհրաժեշտություն է առաջացել մինչեւ ամսվա վերջ եւս մեկ հանդիպում կազմակերպել, իսկ մինչեւ ամսվա վերջ 10 օր է մնացել։ Սա տեղի է ունենում Հայաստան ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկի այցից հետո, որը լայն արձագանք գտավ ինչպես հայաստանյան, այնպես էլ տարածաշրջանային երկրների տեղեկատվական տիրույթներում, ուստի Միացյալ Նահանգներն այս պահին փորձում է առաջնորդող դեր ստանձնել»։

Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, նաև հնարավոր բախումից առաջ դիրքերի հստակեցում և ամրապնդում է՝ կարծում է զրուցակիցս։

Բլինքենի միջնորդությամբ կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը Թվիթերի իր էջում գրել է, թե ժամանակն է, «որ  զորքերը հետ քաշվեն, ու դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ»։  Նյու Յորքում այդ մասին նաև Հայաստանի արտգործնախարարն է խոսել։  Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ասել  է Արարատ Միրզոյանը և ընդգծել, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այս շեշտադրումները կարեւոր է համարում, բայց նաև ընդգծում է իրական քայլերի անհրաժեշտությունը։

«Մենք պետք է կարողանանք գործընթացներին շատ ավելի խորքային ու ռացիոնալ մակարդակում նայել  եւ մեր անելիքը չպայմանավորենք միայն ՄԱԿ-ի հարթակից հայտարարություններ անելով։ Իրականում գետնի վրա են պետք գործողություններ։ Ժամանակը, պատմությունը մեզ բազմիցս ցույց են տվել, որ միայն մենք ենք կարող պաշտպանել մեր հողը, մեր պետականությունը, մեր հայրենիքը»։

Հավատարմություն երդումների համար օբյեկտներ փնտրելու փոխարեն պետք է համախմբվել մի գաղափարի շուրջ, սակայն այսօր նման օրակարգ չկա՝ ասում է զրուցակիցս։

«Չկա այնպիսի մի օրակարգ, որի շուրջ կարող է լինել համախմբում։ Մենք պետք է առաջին հերթին վերականգնենք այդ գաղափարը եւ վերաիմաստավորենք մեր գոյությունը։ Իսկ այս կարճաժամկետ հատվածում ունենք մեկ խնդիր՝ ՀՀ տարածքը չվերածել  գերտերությունների բախման գոտու, բայց, ցավոք, կարծես գնում ենք այդ ճանապարհով»։

Քաղաքագետ Արա Պողոսյանն էլ  կարեւորում է  ՄԱԿ ԳԱ շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը  Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ,  որի ընթացքում շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: Ուշագրավ է, որ այս ձեւակերպումը հնչում է միջնորդական այդ առաքելության անկարեւորության մասին ալիեւյան հայտարարությունների ֆոնին։

«ՄԽ-ի ձեւաչափն այս պահին մեզ համար կենսական անհրաժեշտություն է, որպեսզի առկա իրողությունների պայմաններում հնարավոր լինի որոշակի բալանս ապահովել։ Եթե հնարավոր լինի ակտիվացնել ՄԽ-ի ջանքերը եւ այն վերականգնել նախկին աշխատանքային ձեւաչափով, ապա հնարավոր կլինի շահել մեզ համար անչափ կարեւոր ժամանակը՝ ուժերի վերականգնման համար»։

Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել  է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ շեշտելով, որ Ադրբեջանը խաթարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացները և  ընդգծելով  միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահության կողմից թիրախային ու հստակ դատապարտման կարեւորությունը։ Ընդգծվել է նաև ԵԱՀԿ շրջանակում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը:

Back to top button