ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի ձեռագիրը Ապրիլյան ու 44-օրյա պատերազմերից հետո չի փոխվել․ Արման Թաթոյան

Սեպտեմբերի 13-14–ի ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն ամբողջությամբ կրկնել է 2016-ի ապրիլյան և 2020–ի 44-օրյա պատերազմների ձեռագիրը․ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է արձանագրում ու վստահեցնում՝ այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը, անպատժելիության հետևանք է։

«Ադրբեջանը հրետակոծում, գնդակոծում ու կրակում էր մեր բնակավայրերի վրա հենց այն դիրքերից ու վայրերից, որտեղ նրանք անօրինաբար ներխուժել ու մնացել էին։ Ես շարունակ կոնկրետ փաստերով ցույց էի տալիս, որ նրարք մարդկանց ունեզրկում են, մարդիկ զրկվել են ընտանիքի ապրուստը վաստակելու հնարավորությունից, ամբողջությամբ անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը, բայց ամբողջն անտեսվեց, միջազգային մեխանիզմերը չօգտագործվեցին»,– ասում է Թաթոյանը։

Իրավապաշտպան ու փաստահավաք գործունեությունն ավելի համակարգված իրականացնելու համար նախկին օմբուդսմենը հիմնել է «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ»–ը։ Նպատակը Հայաստանում իրավունքի գերակայության ամրապնդումն է, հանրային իրազեկումների միջոցով հասարակության գիտելիքների մակարդակի բարձրացումը։ Հիմնադրամի թիմում ՄԻՊ նախկին աշխատակազմի աշխատակիցներն են։ Առաջին կարևոր գործն արդեն արել են․ հրապարակել են զեկույց, որում ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները՝ ապրիլյանից ու 44–օրյայից մինչև սեպտեմբերի 13-14–ի գործողություններ։   

«Այս զեկույցում հստակ արձանագրվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ատելությունը։ Ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի ձեռագիրն ամբողջությամբ կրկնվում է․ խոշտանգել, դա նկարահանել, հրապարակել, հետո ծաղրել և իշխանությունների կողմից ստանալ խրախուսումներ․ սա է ադրբեջանական քաղաքականությունը»,– կարծում է Մարդու իրավունքների նախկին պաշտպանը։

Զեկույցի կազմման փաստահավաք աշխատանքները ավելի վաղ են սկսել, բայց սեպտեմբերի 13-14–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ստիպել է լրացումներ անել ու նոր փաստեր ավելացնել զեկույցում։ Հրապարակված ամփոփագրում ևս մեկ անգամ շեշտվում է՝ ադրբեջանական ագրեսիան մեծամասամբ հիմնված է էթնիկ և կրոնական ատելության վրա։

«Շատ կարևոր է նաև ադրբեջանական բարձրագույն իշխանությունների քրեական պատասխանատվության հարցը, որովհետև պատերազմական հանցանքների ապացույցները հենց դրան են տանում։ Հիմա մենք իրականացնում ենք այդ վայրագությունները պատկերող տեսանյութերի թարգմանություն ադրբեջաներենից ռուսերեն, անգլերեն, հարկ եղած դեպքում նաև այլ լեզուներով, բնութագրություններ ենք գրում, ժամանակագրական փաստագրական կապն ենք ստեղծում և այն մասը, որը հնարավոր է, թույլատրելի է հրապարակում ենք մյուս մասը կներկայացնենք միջազգային կառույցներին»։

Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները չունեն խաղաղության նպատակ՝ ընդգծում է Թաթոյանը։ 44-օրյա պատերազմից հետո, ըստ նախկին օմբուդսմենի, Հայաստանն ամեն օր պատերազմի մեջ է եղել։

«Խաղաղությունը բացարձակ ու հիմնարար արժեք է, բայց երբ քո առջև պետություն է, որը քեզ ոխերիմ թշնամի է դիտարկում և ոչ միայն ուզում է պետությունդ գրավել, այլև շարունակում է պահպանել իր տանջելու խոշտանգելու մտադրությունը, ինչպես կարող ենք մենք խոսել խաղաղության մասին և միջազգային հանրությանը չներկայացնել այն ապացույցները, որոնք մեր ձեռքի տակ են»,– ասում է Արման Թաթոյանը։

«Իրավունքի և արդարության կենտրոն»–ը շարունակելու է ամենօրյա ռեժիմով իրականացնել փաստահավաք գործունեություն։ Թաթոյանը պնդում է՝ պետք է ամեն ինչ անել ադրբեջանական իշխանություններին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Հարցին, թե իրեն ընդիմության շարքերում կամ առհասարակ քաղաքական ակտիվ զարգացումներում  տեսնում է,  Մարդու իրավունքների նախկին պաշտպանը պատասխանում է՝ այս պահին քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չէ, իր գործունեությունը տեսնում է միայն հիմնադրամի շրջանակում։

«Եվ առհասարակ ի՞նչ է նշանակում քաղաքականություն․ մեր երկիրն այսօր այնքան օրհասական իրավիճակում է, մենք ամեն օր կանգնած ենք ադրբեջանական ներխուժման վտանգի առաջ, պատերազմական հանցագործություններ են կատարվում մեր երկրի տարածքում, սպառնում են, խուճապ են տարածում․ այս պայմաններում ես այս խոսակցությունները համարում եմ անտեղի․ իմ նպատակն է հնարավորության շրջանակում նպաստել նշածս խնդիրների լուծմանը և այս փուլում, ես կարծում եմ, որ այս հարթակն է լավագույն տարբերակը»։

Գերնպատակը, ըստ նախկին պաշտպանի,  պետք է լինի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները փաստագրելը, հավաքելը և  միջազգային հանրությանը դրանք պատշաճ ներկայացնելը: Գործունեությունն իրականացնելու համար «Թաթոյան» հիմնադրամը բաց է նաև նվիրատվությունների համար․ Թաթոյանը բացառում է ֆինանսավորման «օլիգարխիկ» խողովակները, ասում է՝ կազմակերպությունը գործելու է Սփյուռքի մեր հայրենակիցների ֆինանսավորմամբ։

Back to top button