ԿարևորՀասարակություն

Սպիտակի ոլորաններում ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ

Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Շինաշխատանքների տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ի աշխատակից Աշոտ Նորոյանը տեղեկացնում է, որ այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե վերին շերտը, կատարվում են այլ աշխատանքներ։ Արդեն իսկ 30 հազար քմ ասֆալտապատում է կատարվել։ Նա նշում է, որ ամենօրյա ռեժիմով հսկողություն է իրականացվում. կատարված աշխատանքները բոլոր փուլերում ենթարկվում են ստուգման։ Տեխհսկողն ընդգծում է, որ ճանապարհաշինության ընթացքում որոշակի դժվարություններ են առաջացել այն պատճառով, որ շինարարությունն ընթանում է ինտենսիվ երթևեկությանը զուգահեռ։

Կապալառուն՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն, մինչ ասֆալտապատումը հիմնանորոգվող 7.7կմ երկարությամբ հատվածում կատարել էր հողային աշխատանքներ, նորոգել հենապատերը, արհեստական կառուցվածքները, արդիականացրել է ջրահեռացման համակարգը։ Ասֆալտապատման ավարտից հետո կկատարվի գծանշում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանն այցելել է շինհրապարակ, հետևել ընթացիկ աշխատանքներին, զրուցել շինարարի հետ՝ քննարկելով աշխատանքային հարցեր։

Մ-3 ավտոճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածի ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 1 մլրդ 348 մլն դրամ է։

Back to top button