Խոշորացույց

Հայաստանը պետք է վերականգնի ռազմական բալանսը, բայց ինչպե՞ս. «Խոշորացույց»

Հայաստանին զենք կարող են վաճառել այն երկրները, որոնք չեն վախենում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փչացնել հարաբերությունները, ասում է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը` զենք ձեռք բերելու հարցում ֆինանսականից հետո ամենաբարդը համարելով քաղաքական բաղադրիչը։

Արդիական զենք արտադրող նման երկրներ կան, ըստ ռազմական փորձագետի, բայց ՆԱՏՕ-ի ճամբարում գտնվողները ձեռնպահ կմնան նման գործարքից։ Իսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Սերբիան, ու ինչ- որ առումով Հունաստանը, կարող են արդիական զենք մատակարարել։

Ֆինանսական, քաղաքական, տեխնիկական եւ տրանսպորտային. վարչապետ Նիկոլ Փաշինյանը զենք ձեռք բերման հենց այս չորս բաղադրիչներն էր շեշտել։ Ֆինանսականի մասին նշել էր, որ Հայաստանն ունի բավարար ֆինանսական միջոցներ ձեռք բերելու համար իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը։

Ռուսաստանի պարագայում խնդիրը բարդ է` ըստ Վան Համբարձումյանի։ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվան հասկացավ, որ պետք է վերազինի իր բանակը։ Այդ ընթացքում նա սկսեց արդիական զենքեր արտադրել, իսկ 80-ականների իր զինամթերքն սկսեց արտահանել, այդ թվում` Հայաստան։

Ռուս- ուկրաինական պատերազմից հետո ռուսական ռազմական արդյունաբերությունը կանգնած է, քանի որ ռուսական արդիական զենքի բաղադրիչների մեծ մասը արեւմտյան ծագում ունի եւ պատժամիջոցների պատճառով դրանք Մոսկվայի համար անհասանելի են, իսկ եղած հին զենքը նրա կարիքներն արդեն չի բավարարում։

Այսօր արդեն խիստ հրատապ է Հայաստանի ԶՈւ արդիականացումն ու վերազինումը, բայց ինչ միջոցներով եւ ինչ կադրերով դրանք պետք է արվեն։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

  • Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը հիմա սկսի փոխել իր անվտանգային համակարգը,
  • Ի՞նչ կլինի, եթե Հայաստանն այսօր սկսի զինված ուժերի ստրատեգիական վերափոխումները,
  • Ի՞նչ կլինի, եթե Հայաստանն այսօր փորձի գտնել Ադրբեջանի հետ առանց միջնորդների, ուղիղ բանակցությունների ճանապարհը։

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետ խոսում ենք տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման, այն վերականգնելու, հայկական բանակը վերազինելու, քաղաքական խնդիրները լուծելու վտանգների ու հնարավորությունների մասին։

Back to top button