ԿարևորՔաղաքական

Փելոսիի «մաստեր կլաս»–ն ու երևանյան ուղերձները

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երեւանում էր սեպտեմբերի 17-19-ը։ Եռօրյա պաշտոնական այցի  շրջանակում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպեց   վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հետ, այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հանդիպում ունեցավ  նաեւ ՊՆ-ում, որը նախնական օրակարգով նախատեսված չէր։  

Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակի երևանյան հայտարարությունների ուղերձները շատ էին, սակայն դրանցից մի քանիսը արժանի են հատուկ  ուշադրության։ Միաժամանակ  նկատում են՝ մեծ ոգևորությունն ու  ոչ իրատեսական ակնկալիքները տեղին չեն։ 

Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը կարծում է, որ Փելոսին «մաստեր կլաս» ցույց տվեց ռուս դիվանագետներին։

«Թե  ինչպես կարելի է օգտվել հակառակորդի պրոբլեմներից, թուլություններից եւ փորձել ուժեղացնել քո դիրքերը մի երկրում, որը նախկինում շատ ավելի հակված էր դաշինքին՝ քո գլխավոր աշխարհաքաղաքական մրցակցի հետ»։

Միեւնույն ժամանակ, Խալաթյանի կարծիքով, ակնհայտ է, որ այս տարածաշրջանում ԱՄՆ-ն ունի հստակ շահեր ու հակառակորդներ, որոնց չի էլ թաքցնում։

«Այստեղ մեր հասարակությունը եւ քաղաքական էլիտան իրեն այլ հարց պետք է տա՝ մենք պատրա՞ստ ենք որերորդ անգամ մեր պատմության մեջ փորձել դառնալ խաղալիք ուրիշի խաղերում ու աշխարհաքաղաքական ծրագրերում»։  

Անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի ամերիկյան արձագանքին՝ փորձագետները նկատում են՝ Փելոսին հստակ շեշտեց, թե ով է իրականում ագրեսորը, և այդ ուղերձն արդեն ուղղված էր ամբողջ աշխարհին։ Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը պատահական չի համարում, որ այդ գնահատականները բուռն արձագանք են ստացել Բաքվում։

«Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունն, ըստ էության, սպառնալիքի էլեմենտներ է պարունակում, թե նման հայտարարությունները կարող են պատճառ դառնալ լարվածության նոր աճին։ Դրան ի պատասխան, իմ դիտարկմամբ, Բլինքենը նաեւ զանգահարեց Ալիեւին՝ կոչ անելով պահպանել հրադադարը եւ անգամ հետ քաշել զորքերը»։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նկատում է, որ ամերիկյան քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չի եղել, բայց դիվանագիտական լեզվում փոփոխությունները նկատելի են։ Տրվել են  քաղաքական գնահատականներ՝ ասում է փորձագետը։ 

«Կարծում եմ, որ այս մեսիջները ամենակարեւորն էին, որ մենք կարող ենք արտաքին քաղաքական օրակարգում կիրառել եւ ունենալ մեր զինանոցում»։   

Ըստ Սուրեն Սարգսյանի՝  կարեւոր ուղերձ էր նաեւ այն, որ եթե Հայաստանը ինչ-որ բան է ուզում ԱՄՆ-ից, ապա նախ ինքը պետք է կողմնորոշվի, որից հետո ամերիկյան կողմը պատրաստ կլինի քննարկելու։ Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով նույնպես կարեւոր է, թե Հայաստանն ինչ օրակարգեր է դրել սեղանին։

Արդյոք դատապարտող հայտարարություններից բացի ԱՄՆ-ն կնախաձեռնի կոնկրետ պատժիչ գործողություններ Ալիեւի ու Ադրբեջանի նկատմամբ՝ Ադրբեջանի ռազմական օգնության նվազեցում կամ Հայաստանին ռազմական օգնության ցուցաբերում։  Տաթեւիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ այս պահին այդ հնարավորությունները սահմանափակ են։

«Համենայն դեպս՝ իրենք ուղիղ պատասխան չեն հնչեցրել։ Ամեն դեպքում մենք մեր ուղերձները  հղել ենք եւ հստակ պատասխաններ, այդ տեսանկյունից չենք ստացել։ Դրա համար, կարծում եմ, պետք չէ գերսպասելիքներ ունենալ, բայց պետք է աշխատել բոլոր ուղղություններով»։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նույնպես կարծում է, որ պետք չէ նման այցերից շատ  եւ շուտ ոգեւորվել։ Հակառակ դեպքում, ասում է,  ամեն ինչ կմնա հայտարարությունների մակարդակում։

Back to top button